Մեր՝ «Կոռուպցիան այնպես, ինչպես կա» հրապարակումից հետո
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությանը պարզաբանում է ուղարկվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի ստորագրությամբ։ Սարգսյանն առաջարկում է «Զարգացում եւ ինտեգրացիա» կազմակերպության կայքից գտնել տեղեկություններ։ Սակայն ոչ մի խոսք կենսագրություն չունեցող կազմակերպություններին միլիոններ տալու, դրա դիմաց հաշվետվություն չպահանջելու մասին։
Մենք մտանք «Զարգացում եւ ինտեգրացիա» կազմակերպության կայք, որն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց։ Սարգսյանը գրում է, որ կայքում կան կազմակերպության գործունեությունն ապահովող իրավական ակտերը։ Կայքում կազմակերպության ոչ ծրագիրը կա, ոչ կանոնադրությունը, կա միայն ՀՀ նախագահի հրամանագիրը, որ «Զարգացում եւ ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը ճանաչվում է գործընկեր հասարակական կազմակերպություն, եւ նրան է վերապահվում 2013-ի ընթացքում հասարակական կազմակերպությունների միջեւ դրամաշնորհային մրցույթի կազմակերպման իրավասությունը։ «Զարգացում եւ ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահի աշխատակազմի գործընկեր՝ դրամաշնորհային միջոցները տնօրինողներից մեկն է ճանաչվում 2008 թվականից, երբ Սերժ Սարգսյանն առաջին անգամ դարձավ ՀՀ նախագահ։
Այս կազմակերպության կայքի «Մեր մասին» էջում Լեւոն Մարտիրոսյանի մասին հիշատակում չկա, կազմակերպության աշխատակազմի մասին՝ եւս։ Պարզ չէ, թե ով է կազմակերպության նախագահը, եթե այդպիսին կա, ով է գլխավոր հաշվապահը, եթե այդպիսին կա, ով է դրամաշնորհային ծրագրերի պատասխանատուն, եթե այդպիսին կա, եւ այլն։ Այ, եթե գոնե մեկը լիներ, կոնկրետ մեկը՝ անուն- ազգանունով, կոշիկի համարով եւ որեւէ կոնտակտային հեռախոսահամարի առկայությամբ, կարելի էր հարցեր առաջադրել. Ինչպե՞ս է ստացվում, որ պետական դրամաշնորհներ են տրվում կենսագրություն չունեցող կազմակերպությունների, ինչո՞ւ հարկատուներիս փողերի ծախսի մասին հաշվետվություն ձեզ չեն ներկայացնում, կամ ինչո՞ւ չեք դրանք հրապարակում, «Զարգացում եւ ինտեգրացիա» կազմակերպությունն ի՞նչ է անում Հայաստանում կոռուպցիայի եւ արտագաղթի ծավալները նվազեցնելու համար։
Կարդացեք նաև
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
«Հրապարակ»