Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Ոստիկանության Արարատի բաժնից ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի «Կախանով» ջրանցքում ավտոմեքենա է ընկել և անհրաժեշտ է ջրասուզակի, հրշեջ-փրկարարի օգնությունը՝ ավտոմեքենան ջրանցքից դուրս բերելու համար:
Ինչպես դեպքի վայրից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ԱԻՆ ՓԾ Արարատի մարզի փրկարար վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Տ. Սահակյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայր կժամաներ Երևանի 18-րդ հերթապահ ջոկատի ջրասուզակը, Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերեցին ջրանցքից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ջրանցքից դուրս բերված ավտոմեքենան Opel մակնիշի 35 ՕT 105 համարանիշի է, իսկ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 23-ամյա Թովմաս Առաքելյանի դին:
Կարդացեք նաև
Գ. Շամշյանը հայտնում է, որ մահացածը ծառայում էր ՌԴ սահմանապահ զորքերի 9-րդ սահմանապահ ուղեկալում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Այս պահին ջրասուզակը վթարի վայրում որոնողական աշխատանքներ է կատարում, որպեսզի պարզվի, թե արդյոք ավտոմեքենայում, բացի Թ. Առաքելյանից, այլ մարդ եղել է, թե՝ ոչ:
Վթարի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի վայրում են նաև ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Հայկ Բաբոյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Հրաչյա Մուշեղյանը: Դեպքի վայր են ժամանել նաև ՌԴ սահմանապահ զորքերի պաշտոնյաները:
Վթարի վայրում հավաքված գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում էին, որ նշված ճանապարհահատվածում նման ավտովթարի 5-րդ դեպքն է, որոնցից մեծ մասը ողբերգական ավարտ է ունեցել: Իսկ պատկան մարմինները ոչ մի աշխատանք չեն ձեռնարկում, որպեսզի նշված հատվածում տեղադրվեն երկաթյա և բետոնե արգելապատնեշներ, ինչպես նաև՝ նախազգուշական ցուցանակներ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի