Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում 6-րդ անգամ կազմակերպվեց աշխատանքի տոնավաճառ:
Գործատուների մեծ մասը վարորդ, հացթուխ, գորգագործ, հավաքարար, բանվոր ու ծեփագործ էին փնտրում: Աշխատանք փնտրողներից մեկ`Հովհաննես Սահակյանը, ով 3 տարի կռվել է Աֆղանստանում, 6 տարի էլ ԼՂՀ-ում, ու Գյումրիում հայտնի է որպես Դուշման Օնիկ, ասաց, որ իր ամբողջ ընտանիքը` 7 հոգի, գործազուրկ են ու չի հաջողվում աշխատանք գտնել: Նա մասնագիտությամբ կռունկավար-վարոդ է: «Ճիշտ է, հիասթափվել ենք կառավարությունից, բայց ես ու իմ նմանները միշտ պատրաստ ենք հայրենիքի համար մարտնչելու: Մի բան պիտի հասկանան, որ միլիոններով աշխատանք լինի, եթե ես պետք գամ հայրենիքին, նույն վայրկյանին կթողնեմ այդ գործը ու նորից կգնամ պաշտպանության: Ես ներկա պահին Շիրակի մարզի հայ-ռուս կազակների միության գլխավոր հրամանատարն եմ: Կազակները ինձ առաջարկում են գնալ Կրասնոդար, Ուկրանիա, բայց ես հայրենիքը չեմ լքելու, որովհետև ես երկու եղբայր ունեմ հուղարկավորած, եղբոր երեխաներ ու ծեր մայր»,-ասաց հրամանատարը:
Մի տարեց կին, որի ներկայացմամբ ինքը եղել է հաշվապահ, դժգոհեց , որ իրեն հայրենի կառավարությունը միայն գերեզմանների ճանապարհն է ցույց տալիս: «48 տարի աշխատել եմ, բայց ինձ ոչ մի կերպ չի հաջողվում իմ մասնագիտությամբ գործ ճարել: Գործատուներն այնպիսի հոգեբանությամբ են, որ 30 տարեկանից բարձր չեն ուզում, ասենք ես 40-ն անց եմ, 50 եմ, 60 եմ, ի՞նչ նշանակություն ունի, գնամ մեռնե՞մ: Խելքս հասնում է որպես մասնագետ, բա ամոթ չէ՞: Ուր դիմում ես, տարիքդ շրխկացնում են երեսիդ, սա մեծ պրոբլեմ է դարձել Հայաստանի համար, չեմ հասկանում՝ տարիքը ո՞րն է, մարդը ապրել է ուզում, ինչո՞վ ապրի, եթե չաշխատի, 40-ն անցավ՝ կամ մեռնի կամ գնա հաց մուրա՞: Ժամի պատի տակը լիքը լցված են, ոչ մի մուրացկան իր գործը ինձ չի տա, բա սա պետությո՞ւն է: Ես երկար տարիներ եղել եմ էլցանցի գլխավոր հաշվապահի տեղակալը, «Ճենշին» տերստում էլ եմ եղել գլխավոր հաշվապահի տեղակալ»,-զայրացավ տիկինը:
Գյումրու Զբաղվածության մարզային կենտրոնի տնօրենի տեղակալ Սվետլանա Ալեքսանյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տոնավաճառները իրոք ծառայում են իրենց նպատակին, եթե նախկինում այն կազմակերպվում էր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ , ապա երկու տարի է` դարձել է պետական ծրագիր: Ըստ մեր զրուցակցի, յուրաքանչյուր տարի 100-200 թափուր աշխատեղեր են ունենում, այդքան էլ սպասվելիք տեղերն են, որոնք հետագայում առաջարկվում են աշխատանք փնտրողներին: Տոնավաճառին մասնակցող գործատուների թիվը, ըստ տիկնոջ, 41-ն է: Սոցիալական ապահովության նախարարության զբաղվածություն պետական գործակալության աշխատակից Իրինա Տոնոյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նախորդ տարի Գյումրիում կազմակերպած տոնավաճառի միջոցով կարողացել են 100 աշխատանք փնտրողների տեղավորել աշխատանքի:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ