Աղվան Վարդանյանը բնակչից նեղացավ:
Այսօր Էրեբունի համայնքում նախընտրական հանդիպումից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանին մոտեցավ մի բնակիչ եւ սկսեց հարցեր տալ, թե «էս միամիտ ժողովուրդը ի՞նչ պիտի անի»: Աղվան Վարդանյանն էլ ուղղություն ցույց տվեց՝ «Ի՞նչ պիտի անի, պիտի գնա ու մայիսի 5-ին իր ձայնը տա ՀՅԴ-ին»:
Բնակիչը նետեց, թե «Ես էլ եմ ժողովրդի մաս, ես գտնում եմ, որ սաղ էլ մեկ են՝ Հանրապետական կլինի, թե ով կլինի»: Սա բարկացրեց Աղվան Վարդանյանին. «Ո՞նց կապ չունի, է՞: Ասում ա կապ չունի: Կապ չունի, գնա ՀՀԿ-ին վերցրու»,- ասաց պարոն Վարդանյանն ու զրուցակցից գլուխը շրջեց: Բնակիչը զարմացավ, թե ինչ նեղացկոտ է Աղվան Վարդանյանը. «Տեսար, մի բան չասեցի՝ նեղացար: Վռազ բորբոքվում ես, ես էլ քեզ ո՞նց ընտրեմ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը բնակչից հետաքրքրվեց՝ ՀՅԴ-ն ասում է, որ մեկ անգամ փորձեք մեզ եւ փոփոխություն կլինի, չե՞ք հավատում, նա պատասխանեց. «Բոլորն էլ ասում են, որ լավ կլինի: Ընտրում ենք: Սաղն էլ մերն են, տարբերություն չկա»: Մեր հարցին՝ գո՞հ եք Տարոն Մարգարյանից, նա պատասխանեց, որ ոչ մեկի լավը չի տեսել: Մեր դիտարկմանը, որ եթե ՀՅԴ-ն չի պաշտոնավարել, ինչպե՞ս պիտի լավը տեսնեիք, Տարոն Մարգարյանն է աշխատել, նա պատասխանեց. «Էն իրա հերթին է աշխատել, էս մարդիկ էլ իրենց հերթին են աշխատել: Տարբեր են, բայց նույնն են, ինչ տարբերություն: Սրանցից ոչ մեկն էլ կառավարող չեն: Ոչ մեկն էլ հարց լուծող չի: Այս խոստումները որ տալիս են, ամեն մեկն իրա պաշտոնի համար են տալիս»:
Մեր հարցին՝ ո՞ւմ եք հավատում, որեւէ մեկին հավատո՞ւմ եք, նա պատասխանեց. «Աստծուն եմ հավատում: Ես ինձ սկի չեմ հավատում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ