Ինչպես տեղեկացրել ենք՝ Գյումրիում ապրիլի 23-ի կատարված աղմկոտ սպանությունից հետո ոստիկանության` Գյումրի գործուղված պարեկապահակային ծառայության «Հրեշտակներ» խմբի անդամները դեղ գտնելու պատրվակով մտնում ու գաղտնի ստուգումներ էին անցկացնում դեղատներում: Պատճառը, բնականաբար, այս քաղաքում մեծ տարածում գտած թմրամոլներին հայտնաբերելն է, ովքեր, դեղատներում վաճառվող սեդալգին դեղամիջոցը խառնելով բենզինի հետ, թմրանյութի նոր ու էժան տեսակ են ստանում:
Որ դեղատներում իրոք ստուգումներ են անցկացվում, մեր այս ենթադրությունը երեկ Գյումրի կատարած այցի ժամանակ հաստատեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա այս կապակցությամբ ասաց. «Դեղատները ունեն իրենց առանձնահատկությունները, ցավով ուզում եմ նշել, որ վարպետների քաղաքում, նման մշակույթ ունեցող քաղաքում հանկարծ մենք խոսում ենք թմրամոլների, բենզինիստների մասին: Սա չգիտեմ ինչու, ցավոք սրտի, մեր բոլորի բացթողությամբ դարձել է ինչ-որ հասարակ երևույթ արդեն` անտարբերության հասնող: Թմրամոլության դեմ պայքարը Գյումրում շատ ավելի արդյունավետ է դառնալու, դեղատներ մտնեն, հասկանան, տեսնեն, սա է ստուգումների նպատակը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ