Անցած չորս տարիներին, Երևանի ավագանու առաջին ընտրություններից այս կողմ, գո՞հ են քաղաքացիները իրենց ապրուստից, ունե՞ն արդյոք աշխատանք և արդյո՞ք շատ են նրանք, ովքեր լքել են Հայաստանը: Իր այս ավանդական հարցերն այսօր Արաբկիր համայնքում Մերգելյան ինստիտուտին հարակից շենքերի բնակիչների հետ քարոզարշավային հանդիպման սկզբին հավաքվածներին ուղղեց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը:
Ինչպես ամենուր, այնպես էլ այստեղ հնչած պատասխաններից հասկանալի դարձավ, որ մարդիկ դժգոհ են ոչ միայն քաղաքային իշխանություններից, այլ ընդհանրապես իշխանություններից, իրենց ապրուստից: Ի դեպ, Աշխատավորների օրվա կապակցությամբ հնչած շնորհավորանքներին ի պատասխան բուռն դժգոհություններ հնչեցին, քանի որ հավաքվածների մեծ մասն աշխատանք չուներ:
«Մայիսի 5-ին մենք հնարավորություն ունենք այս իրավիճակը շտկելու և ձևավորելու քաղաքային այն իշխանությունը, որի հետ պետք է ապրենք Երևան քաղաքում: Չորս տարի առաջ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում պատասխանատվություն ստանձնեց Հանրապետական կուսակցությունը, որը չորս տարի ղեկավարում է Երևանը, ղեկավարում է նաև Հայաստանը: Ամենուրեք ես հարցնում եմ` գո՞հ եք, լավացե՞լ է ձեր կյանքը ու ամենուրեք ստանում եմ նույն պատասխանը` ոչ»,- իր ելույթում ասաց Գուրգեն Արսենյանը: Նրա խոսքով, իր հնչեցրած երեք հարցերը ամենակարևորն են ցանկացած երկրի քաղաքացու համար, սակայն մեզանում, փաստորեն, դրանք արտացոլում են դառը իրականությունը:
Պատգամավորը խոսեց նաեւ առողջապահությունից. «Հայաստանում կան շաքարախտով հիվանդներ: Բոլոր նորմալ երկրներում այդ մարդիկ դեղ են ստանում պետությունից, բայց Հայաստանում, ես վստահ չեմ, որ տալիս են այն, ինչի մասին հայտարարում են: Այսինքն` Հայաստանում ինսուլին չեն տալիս, փոխել-հարմարացրել են դեղը, միայն թե փող աշխատեն»,- հայտարարեց նա:
Արսենյանը հորդորեց` օգտագործել մայիսի 5-ի ընտրություններով ընձեռված հնարավորությունը, որը կբերի ոչ միայն քաղաքային իշխանությունների փոփոխությանը իր բոլոր դրական հետևանքներով, այլև հետագայում նաև Հայաստանում փոփոխություններ սկիզբ կդրվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ