Այսօր ժամը 16:30-ի սահմաններում Տաթև-Հալիձոր ճանապարհին «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարում տվյալ պահին հանգստացող մարդկանց վրա:
Տեղի ունեցած դեպքի հետեւանքով 5 մարդ է մահացել, 5-ն էլ մարմնի տարբեր հատվածներում բազմաթիվ ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Վթարի հետեւանքով մահացածների մեջ կան նաեւ տարբեր տարիքի երեխաներ:
Ինչպես տեղեկացրեցին բժշկական կենտրոնից՝ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը վիրահատությունից հետո մահացել է, մյուս 4 հիվանդները շարունակում են բուժում ստանալ, սակայն նրանց վիճակը դեռ շարունակում է ծանր մնալ: «Դեպքի վայր մեկնելիս Ճանապարհին մեզ հանդիպած մեքենայի մեջ գանգուղեղային կոտրվածքով ծանր վիրավորի բուժօգնություն ցույց տվեցինք ու ճանապարհեցինք հիվանդանոց, ճանապարհի մյուս հատվածում էլ 12 տարեկան մի երեխայի էին տեղափոխում, գիտակցություն չուներ, նրան նույնպես օգնություն ցույց տվեցինք ու ուղարկեցինք հիվանդանոց: Դեպքի վայր հասնելով՝ տեսանք 4 դիակ կա գետնին, մեկն էլ մեքենայում էր: 2 հոգի էլ՝ մայր ու տղա, ծանր վիճակում էին՝ մարմնի տարբեր կոտրվածքներով էին, նրանց էլ տեղափոխեցինք հիվանդանոց, այս պահին տուժածները Գորիսի բժշկական կենտրոնում են գտնվում», – տեղեկացրեց կանչը սպասարկած Գորիսի բժշկական կենտրոնի շտապ օգնության կայանի բուժքույրը: Վիրաբույժ Կարեն Հարությունյանի փոխանցմամբ՝ հիվանդանոցում բուժում ստացող 4 վիրավորներից երկուսի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է, 2-ի վիճակն էլ կայուն ծանր: Բուժում ստացողների մեջ նաեւ մեկ երեխա կա հիվանդանոցում:
Սյունիքի մարզային փրկարարական ծառայության տվյալներով՝ ճշտվել է երկու զոհի ինքնությունը՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Հայկ Մարտիկյան (40 տ.) և Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ Վրույր Ղազարյան (37 տ.):
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ