«Ես մնում եմ իմ կարծիքին` պետք է առաջադրվեինք, բայց պարոն Ծառուկյանն ինքն այդ մասին կխոսի, կներկայացնի պատճառները իր չառաջադրման, որոնք շատ մարդկային են ու շատ բարոյական: Ձեզնից յուրաքանչյուրը կհասկանա այդ պատճառները, բայց առաջին հերթին, իմացեք, դա ձեզանից յուրաքանչյուրի անվտանգության հարցն էր, բայց այդ մասին մի օր անկեղծ կխոսենք»,- Մերգելյան ինստիտուտին հարակից այգում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հավաքվածներից մեկի այն դիտարկմանը, որ ԲՀԿ-ն պետք է մասնակցեր նախագահական ընտրություններին:
Տիկին Զոհրաբյանը հիշեց, որ մեկ տարի առաջ նույն տեղում հանդիպել է տեղի բնակիչների հետ՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և շնորհակալություն հայտնեց, որ արաբկիրցիները իրենց վստահության քվեն տվել են ԲՀԿ-ին. «Վստահ եմ, որ մեծամասնությունը ձայնը տվել է «Բարգավաճ Հայաստանին», հույս ունեմ, որ հուսախաբ չեք եղել»:
Խոսելով մի քանի օրից կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների մասին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ անցած տարիներին բոլորն էլ համոզվել են, որ «Բարգավաճ Հայաստանը» երբևէ կեղծ խոստում չի տվել և ինչ էլ չեն կարողացել անել կամ իրենց ուժերից վեր է եղել, չեն նախաձեռնել, որպեսզի կարողանան շիտակ նայել քաղաքացու աչքերի մեջ:
«Մայրաքաղաքը լրջագույն խնդիրներ ունի և մենք գիտենք, որ մայիսի 5-ին մենք գնում ենք Երևանի ավագանու ընտրություններին: Բայց հասկանում ենք նաև, որ մեզանից յուրաքանչյուրիս այսօր հուզում են ավելի գլոբալ խնդիրներ, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներ՝ աղքատություն, արտագաղթ, գործազրկություն եւ այլն»,- ասաց նա՝ բերելով մի աբսուրդ թիվ, որն այսօր պաշտոնապես եւ վերջնական տարբերակով հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Ըստ այդմ, Հայաստանում տնտեսական աճի վերջնական տոկոսը՝ 7.2 է: «Այս ցուցանիշով պարզվում է, որ Հայաստանը աշխարհում զարգացող երկրների առաջին եռյակում է: Բայց ինչպե՞ս է պատահում, որ աշխարհի ամենաբարեկեցիկ, տնտեսապես առաջատար երկրից՝ նույն վիճակագրական ծառայության այսօրվա տվյալների համաձայն, վերջին երեք ամիսներին ավելի շատ մարդ է արտագաղթել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Եթե աշխարհում կգտնվի մեկ տնտեսագետ, ով կարող է ապացուցել, թե ինչպես է հնարավոր, որ հայաստանցին արտագաղթի աշխարհի ամենազարգացող, ամենաբարեկեցիկ երկրից, մենք ձեզ հետ միասին կքվեարկենք, որ այդ տնտեսագետին նման հայտնագործություն ու բացահայտում անելու համար ներառեն Գիննեսի ռեկորդների գրքում»,- հայտարարեց նա:
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի, իշխանությունները իրենց վարած հատկապես սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ երկիրը տանում են փակուղի. «Նորից Տիգրան Սարգսյանին վստահել վարչապետի պաշտոնը՝ նշանակում է գործող իշխանությունն ասում է` վատ եք ապրել, առաջիկա հինգ տարիներին ավելի վատ եք ապրելու: Այսպես շարունակել ապրել հնարավոր չէ»: Նա խորհուրդ տվեց իշխանության ներկայացուցիչներից ինչ-որ մեկին գնալ Բավրայի անցակետ և երեք ժամ մնալով այդտեղ ուղղակի հաշվել, թե քանի ընտանիք է լքում Հայաստանը, շատ դեպքերում անգամ ոտքով, միայն թե փախնեն 7.2 տոկոս տնտեսական աճ ունեցող «բարեկեցիկ» երկրից:
Իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, տիկին Զոհրաբյանի համոզմամբ եվս, հարկավոր է մայիսի 5-ի ընձեռած հնարավորությունը բաց չթողնել, ճիշտ ընտրություն կատարել ու դրանով հանդերձ սկսել փոփոխությունները երկրում՝սկսելով Երևանից. «Երբևէ սուտ խոստում չենք տվել, ինչ ասել ենք` արել ենք: Հիմա ասում ենք` ձեր քվեին տեր ենք կանգնելու, ԲՀԿ-ն ունի բոլոր ռեսուրսները գործընկեր քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի և Դաշնակցության հետ տեր կանգնելու ձեր քվեին: Առաջին անգամ ընտրական հանձնաժողովներում իսկապես այնպիսի իրադրություն է ձևավորվել, որ ոչ կոալիցիոն քաղաքական ուժերը մեծամասնություն են կազմել: Եվ հայտարարում ենք` ձեր քվեն հասնելու է տեղ, դրանում չկասկածեք ու մի հուսահատվեք, որովհետև իրենց ուզածը հենց դա է, որ հուսահատվեք, որ մտածեք, թե միևնույն է ոչինչ չի փոխվելու եւ տանից դուրս չգաք, իսկ ձեր փոխարեն մի խուժան քվեարկի: Չհուսահատվեք, հուսահատվեցիք, դա իրենց ուժ է տալու անել այն ամենը, ինչ արել են այս տարիներին»,- հայտարարեց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ