«Այն խնդիրները, որոնք դուք մեր առջեւ դնում եք, բոլորն էլ լուծելի են, պարզապես պետք է սրտացավություն: Պետք է անտարբերությունը, նեղ հատվածական, գրպանի շահերը մի կողմ դնել, 4-5 տարի ժողովրդի խնդիրներով զբաղվել»,-այսօր Մերգելյան ինստիտուտին հարող այգում Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:
Դեռ խորհրդարանական ընտրություններից սկսած իր դիտարկումներում Օսկանյանը համոզվել է, որ հայաստանցիները շատ ռեալ են նայում իրավիճակին եւ իշխանությունից պահանջում են ընդամենն իրենց հասանելիքը, որը միանգամայն օրինական է եւ հնարավոր է լուծել անգամ ներկայիս բյուջետային հնարավարությունների շրջանակներում: «Մի պահ մտածեք, թե ինչպիսի կորուստ կա այսօր քաղաքապետարանի բյուջեում, ինչպիսի անիմաստ բաների վրա են դրամներ ծախսվում: Մխիթար Հերացի փողոցով անցած շաբաթ անցնում էի, մի հատ փոս չկար, մտածեցի` ինչ սահուն փողոց է: Մի քանի օր առաջ անցնում եմ` քանդել նոր ասֆալտ են անում: Ամիրյան փողոցում նույն իրավիճակն է»-ասաց պարոն Օսկանյանն եւ ի պատասխան բնակիչների զարմանքի պարզաբանեց, որ դրանք տեսանելի փողոցներ են ու քաղաքային իշխանությունն այս նախընտրական շրջանում փորձում է ցույց տալ, թե աշխատում է` մսխելով բյուջեի գումարները:
Օսկանյանը հավատացած է, որ քաղաքապետարանի գործուղումների համար ծախսված գումարներով հնարավոր էր ամբողջ քաղաքի վերելակների խնդիրը լուծել. «Դրոշների վրա ավելի շատ գումար է ծախսվել, քան վերելակներին է տրամադրվել: Նստարաններին 200 հազար դրամ են տալիս, բայց դրանք 80 հազար արժեն, ԲՀԿ-ն իր համար էր պատվիրել: Այնպիսի աննկարագրելի կոռուպցիոն ռիսկեր կան այս ամենում: Միայն այդ մսխումները կրճատելով` կարելի է քաղաքի խնդիրները լուծել»- ասաց Օսկանյանը` հավելելով, որ եթե ԲՀԿ-ն վերցնի քաղաքային իշխանությունը, իրենք երեք տարի գործուղումների չեն մեկնելու ու այդ գումարով լուծելու են երեւանյան խնդիրները: Համեմատություններ անելով հարեւան Վրաստանի մայրաքաղաքի կառավարման հետ՝ Օսկանյանն ասաց, որ մեկ երեւանցու համար նախատեսված գումարները դեռ չորս անգամ ավելի պետք է լինեն:
Կարդացեք նաև
Նա կոչ արեց ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել մայիսի 5-ի ընտրություններին, վստահել ԲՀԿ-ին, որը քաղաքային հարթությունից անցնելու է հանրապետական հարթությունում խնդիրների լուծման: Օսկանյանը հայտարարեց, որ Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտը քաղաքական մենաշնորհն է, մնացյալը` տնտեսական խոչընդոտները, կոռուպցիա, կաշառակերություն եւ այլն, միայն դրա ածանցյալներն են: Հավաքվածները հավանության արժանացրեցին այս դիտարկումը՝ դրական վանկարկումներով: Համեմատություններ անելով կոմունիստական դարաշրջանի հետ՝ Օսկանյանը նկատեց, որ կոմունիստներն ազնիվ էին այն առումով, որ արգելել էին մնացյալ կուսակցություններն ու ասում էին՝ սա է, իսկ հիմա, իբր ազատ ենք, գրանցված են տարբեր կուսակցություններ, բայց ընտրվել չեն կարող, քանի որ ընտրությունները կեղծվում են, եւ մշտապես մեկ կուսակցություն է ընտրվում:
«Քաղաքական մենաշնորհը պատուհաս է դարձել մեր երկրի ու ժողովրդի գլխին: Մայիսի 5-ին մենք հնարավորություն ունենք դա ինչ-որ տեղ ջարդելու: Երեւանի քաղաքապետն օրենքով եւ սահմանադրությամբ այնպիսի լիազորություններ ունի, որ կարող է իրական հակակշիռ լինել իշխանություններին: Առ այսօր դա չի երեւացել, քանի որ ինչ ասել են, այն արել է: Մենք անկախությունը պահելու ենք, չենք ենթարկվելու վարչապետի տնտեսական քաղաքականությանը եւ քաղաքում նաեւ մեր տնտեսական քաղաքականությամբ, կառավարման գաղափարախոսությամբ իսկական հակակշիռ ենք լինելու: Մենք համատեղելու ենք կառավարիչների եւ ժողովրդի նպատակները»,- ԲՀԿ-ի քաղաքական թիմի եւ Գագիկ Ծառուկյանի անունից խոստացավ Վարդան Օսկանյանը:
Նա հորդորեց մայիսի 5-ի ընտրությունները դիտարկել երեք հարթությունում` քաղաքական, տնտեսական, քաղաքային ու լուրջ վերաբերվել դրանց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ցավում եմ,՝ որ Օսկանյանը ինչ-ինչ պատճառներով իրեն իջեցրեց նրանց մակարդակին, ում անուններ
տալը՝ զզվելի է: Ինչ ուզում եք ասեք, թեկուզ հայհոյեք, բայց Օսկանյաններ շատ քիչ են լինում: