Գրող, կինոքննադատ Դավիթ Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մայիսի 1-ն առաջին հերթին կապվում է երեխա ժամանակների հիշողությունների հետ՝ նվագախումբ, մանկական երկաթուղի, շքերթ…: Նրա ձեւակերպմամբ, ինչ վերաբերում է մեր ժամանակներին, հարկ է արժեւորել աշխատանքն ու աշխատող մարդուն. «Երկիրն աշխատանքով է դառնում այն, ինչ մարդն ուզում է, որ դառնա… Ուզում եմ հատկապես նրանց շնորհավորել , ում ձեռքերն այսօր հողի մեջ են»:
Իսկ ինքն անձամբ ունի՞ տոն :
«Այն տարիքում եմ, որ հաճախ չեն ունենում տոնականության զգացում, բայց մայիսն ընդհանրապես տոների հետ է կապված՝ Շուշի, Հայրենական պատերազմի հաղթանակ, Առաջին հանրապետության տոն… Մայիսն իր մեջ նաեւ բնական տոնականություն ունի. ապրիլի ամոթխած գարունը մայիսին դառնում է ինքնավստահ գարուն: Կարեւորագույն, բախտորոշ այն օրերը, որոնք թվարկեցի, մայիսի մեջ են, եւ եթե մայիսի 1-ով էլ մեր ժողովրդի համար պատմականորեն նշանակալի տոների մեկնարկն է տրվում՝ աշխատանքի ու աշխատող մարդու օրն է, ապա այստեղ վերջակետ դնենք ու մտածենք, որ յուրաքանչյուր հերթական մայիսի 1-ին աշխատավոր մարդն իր երկրում ավելի լավ զգա»,-ցանկացավ պարոն Մուրադյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ