Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ քաղաքական ուժերի՝ Երևանի գրանցում չունեցողների քվեարկելու իրավունքը ռիսկեր է պարունակում

Մայիս 01,2013 16:38

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը երեկ տեղեկացրեց, թե Երևանի ավագանու ընտրություններին կարող են քվեարկել նաև մայրաքաղաքի գրանցում չունեցողները:

Aravot.am-ը ավագանու ընտրություններին մասնակից ուժերից հետաքրքրվեց՝ այս դրույթը ռիսկեր չի՞ պարունակում, որ կարող են ընտրակեղծիքներ թույլ տրվել:

«Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակի անդամ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ այդպիսի ռիսկեր իրենք տեսնում են ու մանրամասնեց. «Տեղեկություններ ունենք, որ մարզերից մարդկանց են բերում, գրանցում այն մարդկանց տների վրա, որոնք վստահորեն, կամ պարտադրված քվեարկելու են ՀՀԿ-ի օգտին: Ոստիկանությունը թևերը թափահարում է, թե ինքը ինչ կարող է անել, եթե տան սեփականատերը համաձայնում է գրանցման համար: Բայց այդ ամենը կազմակերպում է ՀՀԿ-ն, և ստացվում է, որ գյուղերից բերված իրենց մարդկանցով երևանցիների գլխին Տարոն են ընտրելու: Այդ դրույթը Եվրոպայի խարտիայի պահանջն է, բայց այս պարագայում նկատելի է, որ այն իշխող կուսակցությունն օգտագործում է ընտրությունների արդյունքների վրա ազդելու, կեղծ քվեարկություն մտցնելու նպատակով»:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե այժմ ուշ է ինչ-որ բան փոխելն ու հավելեց. «Ցանկացած քաղաքական ուժ, որը տիրապետում է լծակների և մտադիր է դրանք չարաշահել, բնականաբար մի րոպե անգամ չեմ կասկածում, որ այս լծակը ևս օգտագործելու է: Ուստի պիտի նաև այս իրավիճակը վերանայել: Եթե մեր երկրում ընտրական ինստիտուտը գործեր պատշաճ, օրինավոր ու կանոնավոր, ապա կարելի էր դա նորմալ դրույթ համարել: Սակայն ցանկացած նոր գործիք, սողանք, իրավասություն կարող է օգտագործվել ի չարս»:

Ն. Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն բազում ահազանգեր են ստանում, թե բենզալցակայանի, եկեղեցու բակի հասցեի վրա մարդիկ են գրանցվում:

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ չբացառեց հնարավոր ռիսկերը ու նշեց, որ իրենք նախապես համապատասխան գրությամբ դիմել են ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ խնդրելով տրամադրել տեղեկանք՝ մայիսի 5-ի ընտրության համար ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացիություն չունեցող անձանց, ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում ամուսնության, պարտադիր ժամկետային զինծառայությունից զորացրվելու և այլ դեպքերում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացիների ցուցակի վերաբերյալ:

Նա նաև հավելեց. «Մենք մեզ հասու եղանակներով ստուգում ենք ընտրողների ցուցակները, որ բացառենք ռիսկերը: Երբ մայիսի 3-ին ընտրողների վերջնական ցուցակը հրապարակվի, իսկ փորձը ցույց է տալիս, որ քվեարկությունից երկու օր առաջ հրապարակվող այդ ցուցակում չակերտավոր շտկումներ են կիրառվում ու գործնականում ժամանակ չի մնում համապատասխան ստուգումներ իրականացնել, մենք ուսումնասիրելու ենք նաև այդ ցուցակները»:

Ա. Համբարձումյանը նշեց, որ իրենց հայտնի են դեպքեր, որ նույն հասցեի վրա գրանցված են տրամաբանության շրջանակներում չտեղավորվող մեծ թվով ընտրողներ, երբ տվյալ բնակարանի սեփականատերը վստահեցնում է, թե ինքը տեղյակ չէ՝ ինչ եղանակով են իր հասցեի վրա այլ անձինք գրանցվել, երբ միևնույն ընտանիքի անդամները հայտնվել են տարբեր տեղամասերի ընտրողների ցուցակում:

ՀԱԿ համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանն էլ ասաց. «Ռիսկեր տեսնում եմ: Տեղեկություններ ունենք, որ գյուղերից մարդիկ են բերվել ու հաշվառվել, ովքեր կարող են օգտագործվել: ՀԱԿ-ը վերահսկողություն իրականացնելու է, այն էլ բավականին լուրջ: Իշխանությունը պիտի իմանա, որ մենք բողոքարկելու ենք, քանի որ այս պահից սկսած ընտրախախտումներ են իրականացվում: Օրինակ՝ նրանք, ովքեր ՀՀ-ում չեն գտնվում, իշխանությունը հենց այդ ձայների վրա է աշխատում և հենց դրա համար էլ ասում ենք, որ ովքեր բացակայում են ՀՀ-ից, թող ցուցակներից հանվեն: Ահազանգեր էլ ենք շատ ստանում, բայց դեռ չենք կարող այդ մարդկանց անուններն օգտագործել»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ ի պատասխան հնչեցված մտահոգությունների՝ ասաց. «Այդպիսի դեպքեր չկան և չեն կարող լինել: Քարոզարշավի ընթացքում այդպիսի լուրեր տարածվում էին, հիմա հասնում ենք վերջնակետին, ու կրքերը շատ բորբոքված են: Խոսում են դեպքերի, թվերի և մարդկանց մասին, որոնք գրանցված են ու պիտի քվեարկեն, բայց չեն կարող լինել նման բաներ: Ավելի թափանցիկ, քան այսօր են ընտրացուցակները, քան այսօր է ամեն ինչ մարդկանց աչքի առաջ կատարվում ու ճշգրտվում, այդ պարագայում չի կարելի նման սուտ տեղեկություններ տարածել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031