Փոքր բիզնեսը տառապանքի մեջ է: Այսօր «Ուրբաթ» ակումբում նման կարծիք հայտնեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Միության վերլուծություններով՝ տաքսի ծառայությունները, սննդի սպասարկման օբյեկտները կամ վարսավիրանոցներն ու նման ծավալի ընկերությունները դժգոհում են, որ մարդիկ իրենց ծառայություններից սկսել են քիչ օգտվել, ինչի արդյունքում ընկերությունները տուժում են:
Պարոն Մակարյանի խոսքերով`«15 տարվա հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունը դժգոհում է, որ հաճախորդների թիվը նվազել է եւ հնարավոր է 2-3 ամսից ուղղակի փակվի»: Հաճախորդների նվազման պատճառը, ըստ պարոն Մակարյանի, աղքատությունն է եւ միգրացիան. «Կառավարությանը պետք է մեսիջ ուղարկել, որպեսզի կոնկրետ շտկումներ արվեն. Ոչ թե կաբինետներում նստած ուսումնասիրություններ, այլ պրակտիկորեն գործեն»:
Միության նախագահի դիտարկմամբ, Կրթության եւ գիտության նախարարությունն էլ անելիք ունի, որպեսզի ԲՈՒՀ-երում մասնագետների պատրաստումը կատարվի ելնելով շուկայի պահանջարկից, այսինքն՝ որակավորումները շուկային համապատասխան լինեն, ինչպես օրինակ՝ հայաստանյան ԲՈՒՀ-երից մեկում ուսանողներին դասավանդում էին նաեւ բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք պրակտիկ գիտելիքներ էին տալիս:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Ըստ Գագիկ Մակարյանի, այսօր արտադրության եւ արդյունաբերության ոլորտի աշխատավորների թիվը հազիվ 80 հազարի է հասնում, եւ այն գնալով նվազում է: Միության նախագահի ներկայացմամբ` «Եվրամիության` Հայաստանին վերաբերող առաջընթացի զեկույցում գործազրկությունը 18.4% է, մեր կառավարությունը խոստացել էր 3 տարում իջեցնել 15%-ի, բայց այս տարվա փետրվարին գործազրկությունը դարձել էր 19.7% եւ կշարունակի ավելանալ, քանի որ փոքր բիզնեսը սկսում է խաղից դուրս գալ»:
Իսկ գործազրկության ծավալների նվազեցումը, ինչպես ներկայացրեց պարոն Մակարյանը` աշխարհի փորձից ելնելով, կախված է միկրո ու փոքր բիզնեսի զարգացումով. «Որքան էլ խոշոր բիզնեսն ուզենա կլանել, մի քանի հարյուր կամ հազար մարդ տարեկան վերցնեն աշխատանքի, խնդիրը չի լուծվի: Որքան էլ այդ ոլորտի մարդիկ ուզենան հարստանալ`մեկ ստամոքսը մեկ անգամ կարող է ուտել, 10 անգամ չի կարող ուտել, ու չի կարող 10 անգամ նույն ծառայություններից օգտվել: Փոքր բիզինեսին պետք է ազատ թողնել, պետք է թողնել, որ շնչի, ոչ թե ճնշել ստուգումներով. չկա ստուգում, չկա պրոբլեմ»:
Ըստ Գագիկ Մակարյանի, որքան ստուգեն այդ բիզնեսի ներկայացուցիչներին, նրանք մի բան թաքցնելու ավելի հնարամիտ մեթոդներ կգտնեն, իսկ եթե ազատ թողնեն ստուգումներից, ու ՓՄՁ-ն սկսի միամտանալ, այնքան ավելի լեգալ կաշխատի:
Փոքր բիզնեսն այսօր չի ցանկանում բանկերից վարկեր վերցնել, որովհետեւ պարոն Մակարյանի վստահեցմամբ` նախ չի վստահում, հետո էլ` տոկոսադրույքներն են բարձր, երաշխիքների համար անշարժ գույքի հաշվարկման գործակիցները բավականին խիստ են. «Մի լուրջ խոչընդոտ կա, որից ես շատ զարմացած եմ, թե ինչու է կենտրոնական բանկը սահմանափակում մասնավոր բանկերի գործունեությունը այն առումով, որ մասնավոր բանկերը տրամադրում են վարկեր, վարկերը հաշվարկում են ամեն ամիս հավասարաչափ` փոքր բիզնեսը պետք է այսքան տոկոսադրույք վճարի վարկից ելնելով: Բայց քանի որ բիզնեսը մեզ մոտ հաստատուն չէ, եւ ամեն ամիս չեն կարող ունենալ նույն եկամուտը, մի ամիս կարող է շատ եկամուտ ունենալ, մյուս ամիս` քիչ, պետք է իրավունք ունենա այդ ռիթմով վերադարձնել գումարը: ԿԲ-ն թույլ չի տալիս բանկերին վերանայել պայմանագրերը, կամ, եթե թույլ է տալիս` վերավարկավորման պայմանագիր է դառնում: Բանկերն էլ խուսափելով ավելորդ գլխացավանքներից, ստիպում են փոքր բիզնեսին` բեր, ամեն ամիս այսքան վճարի: Եթե չի վճարում, ասում են անվճարունակ է, սկսում են կասեցնել մյուս խմբաքանակի տրամադրումը»:
Փոքր բիզնեսի տառապանքի մյուս պատճառներից մեկն էլ, ըստ Մակարյանի,
այն ստուգումներն են, որոնք հաջորդում են որեւէ նոր օրենքի ընդունմամբ, եւ մինչ փոքր բիզնեսի տերը ադապտացվում է, սովորում է, նոր օրենքը ստուգող մարմիններն այցելում են այդ ընթացքում եւ ակտեր գրում: Այս առումով, ըստ միության նախագահի, նոր օրենքներ ընդունելուց հետո, պետք է ՓՄՁ-ին խորհրդատվություններ տալ, եւ առհասարակ, ազատ թողնել այդ դաշտը:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ