Երեկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընդունեց չինացի ճանապարհաշինարարների՝ նրանց հետ քննարկելով Գյումրիում կոնկրետ ներդրումներ կատարելու հարցը:
Քանի որ պարոն Բալասանյանը չինական շուկան ուսումնասիրած անձ է, նա հաճախակի է լինում այդ երկրում, Ամանորը անցկացրեց այնտեղ, նրա կրտսեր որդին այս պահին սովորում է Չինաստանում, սկսեց կոնկրետ առաջարկներ անել նրանց: Օրինակ` առաջարկեց համագործակցություն գյուղատնտեսության ոլորտում, քանի որ կարտոֆիլի բերքը շատ է, այն մնացել է հայ գյուղացիների վրա, Գյումրու քաղաքապետն առաջարկեց չիփսի գործարան հիմնել ու կարտոֆիլը այս ձևով իրացնել, խոսք եղավ նաև լապտերի արտադրությունից, Գյումրիում չինական շուկա հիմնելուց:
Չինացիներին պարոն Բալասանյանի մոտ ուղեկցել էր «Գյումրի սպորտսիթի» նախագծի հեղինակը`Նովոսիբիրսկում բնակվող գյումրեցի գործարար Հրանտ Պետրոսյանը, որն ինչպես տեղեկացրել ենք, պատրաստվում է Գյումրին սպորտսիթիի վերածել ու արտերկրից ներդրողների հաշվին նվաճել աշխարհի առաջնությունները Գյումրիում անցկացնելու իրավունքը: Գործարարը չինացիների այցի հետ կապված պարզաբանեց հետևյալը. «Ինչպես գիտեք, Չինաստանը շատ մեծ ամբիցիաների տեր երկիր է, դրա համար մեր հիմնական քայլը ստրատեգիական քայլ է, բոլոր դեպքերում, առանց մեր հրավիրելու նրանք ամբողջ աշխարհում ուզում են ներկա լինել և գտնվեն իրենց չինական ներկայությամբ: Եթե նկատել եք, ամբողջ աշխարհում՝ սկսած հեռախոսներից , համակարգիչներից, մյուս, մյուս ամեն ինչից, արդեն չինական են: Եվ, բնականաբար, իրենք կուզենան գտնվել նաև այստեղ: Հարցն այն է, թե ով իրենց շուտ կբերի, մենք իրենց ասել ենք` մեր սպորտսիթին կսարքենք առանց չինացիների էլ, բայց ձեր հետ ավելի շուտ կլինի: Ով առաջինը գրավեց մեր շուկան՝ կփրկվի: Մանավանդ տեսան, որ մեր շուկայում ավելի շատ թուրքական ապրանքներն են, իսկ չինականը` սկսած ամենաէժանից, հրաշք է»,-ասաց մեր զրուցակիցը:
Լրագրողների այն հարցին, թե ո՞ւմ փողերով կկառուցվի սպորտսիթին, Հրանտ Պետրոսյանն ասաց .«Ինչպես ասում է ռուսը`На свои денги и дурак построет , հարցն էն է, որ ամբողջ աշխարհում բոլոր կարգի ծրագրերի համար կան ներդրողներ, կան բանկեր: Հարցը էն է, որ նրանց պետք է շահագրգռել, այսինքն՝ դպրոցական երրորդ դասարանի խնդիր է, ստանում ենք վարժություն, պետք է գտնել` ո՞ր հավասարումով լուծել: Ամբողջ աշխարհում էնքան փող կա, հարցն էն է, թե ո՞ր ծրագիրը կտանի էդ փողը: Սրանք ընդամենը իմ ծրագրի քայլերն են, ես փոքր ժամանակվանից շախմատ եմ խաղացել, ոչ ձիու անունն է դուրս եկել, ոչ տեսքը, ես միշտ ձիու քայլերն եմ սիրել, կտեսնեք, թե ինչ լուրջ ընթացքով կգնա ծրագիրը», -ասաց Հրանտ Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Ի դեպ, ըստ նրա, քանի որ Հայաստանը ներդրողների համար խիստ ռիսկային է, ուստիև մինչև ամիս 15-ը հանդիպելու են ՀՀ նախագահի հետ, որպեսզի ստանան հատուկ «դիվիդենդներ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ