Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է լրատվամիջոցներում տեղ գտած անճշտությունը

Մայիս 01,2013 15:24

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել, թե Շենգավիթ համայնքի Կողբի 2-րդ փողոց, 1Ա հասցեում հաշվառված Վահան Վոլոդյայի Մելիքբեգյանը, Վարդան Վոլոդյայի Մելիքբեգյանը և Վարուժան Վոլոդյայի Մելիքբեկյանը առնվազն 10 տարի առաջ վաճառել են բնակարանը, դուրս եկել գրանցումից և հեռացել Հայաստանի Հանրապետությունից, բայց նրանց անունները շարունակում են մնալ ընտրացուցակում:

Ըստ հայտարարարության՝ նշվածի մասին լիազոր մարմնին տեղեկացվել է նախորդ 2 համապետական ընտրությունների ժամանակ, սակայն հիշյալ քաղաքացիների տվյալները դեռևս շարունակվում են մնալ ընտրացուցակում:
Հայտարարությամբ նշված անձինք Շենգավիթ համայնքի Կողբի 2-րդ փողոց, 1Ա հասցեի նախկին բնակիչներ են և բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել են դեռևս 1986 թ.-ին` օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ ոստիկանությունը, ինչպես ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրական գործընթացի շրջանակներում, այնպես էլ ներկայումս, կրկին անգամ պարզաբանում է, որ բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմինը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ` առանց բնակելի տարածության սեփականատիրոջ դիմումի անձին հանելու հաշվառումից: Սեփականատիրոջ դիմումի հիման վրա հաշվառումից հանելու ընթացակարգը հստակ սահմանված է ՀՀ կառավարության 2005 թվականի հուլսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ: Անձնագրային և վիզաների վարչությունում, Շենգավիթի անձնագրային բաժանմունքում վերը նշված հասցեի սեփականատիրոջ կողմից երբևէ նման դիմում չի ներկայացվել:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է նաև, որ Հայաստանի Հանրապետությունից քաղաքացիների մեկնելը ՀՀ օրենսդրության համաձայն՝ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանելու իրավական հիմք չի հանդիսանում:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:
ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 10-րդ կետի համաձայն՝ կենտրոնական ռեգիստրը տեղեկատվությունն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում տեղեկացնում է այն տեղական ռեգիստրին, որտեղ մինչև այդ հաշվառված է եղել դիմողը:
Տեղական ռեգիստրը 3 աշխատանքային օրվա ընթացքում անձին հանում է հաշվառումից` հաշվառելով օտարերկրյա պետությունում մշտական բնակության վայրի հասցեով:
Քանի դեռ անձը վերը նշված իրավական ակտերի պահանջների պահպանմամբ չի դիմել օտարերկրյա պետության հասցեով հաշվառվելու համար, անձնագրային ծառայությունը իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ կատարելու հասցեափոխություն:
Կենտրոնական ռեգիստրը վարող մարմինը հյուպատոսական ծառայություններից և դիվանագիտական ներկայացուցչություններից հրապարակման մեջ նշված անձանց վերաբերյալ օտարերկրյա պետության բնակության հասցեի վերաբերյալ երբևէ տեղեկատվություն չի ստացել:
Հետևաբար` ընտրողների ցուցակում բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող անձանց անհատական տվյալների առկայությունը իրավաչափ է և ՀՀ ընտրական օգրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031