ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի համոզմամբ, հաղթանակի համար կարեւոր է` ով է լինելու ղեկավարը:
«Հայաստանի վերջին քաղաքական պատմության մեջ տեսանք շատ առաջնորդների, որոնք թողեցին ժողովրդին ու փախան: Շատ առաջնորդների տեսանք, ովքեր անծրագիր իրենց գործելակերպով ժողովրդին կանգնեցրին բավականին անկանխատեսելի գործընթացների առջեւ»,- այսօր ՕԵԿ-ի նախընտրական քարոզարշավի ամփոփող հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Հետո նա թվեց պատճառները, ըստ որի՝ պետք է հաջողություն արձանագրեն առաջիկա ավագանու ընտրություններում. «Ինչու պետք է հաջողեն, ինչու պետք է կարողանան բերել այնքան սպասված փոփոխությունները, որոնք պետք են մայրաքաղաքին: Մրցունակ թեկնածու ենք ներկայացրել, որով բոլորս հպարտանում ենք: Մարդ, որն անցել է կյանքի դժվարին ճանապարհ եւ կարողացել է իրականացնել այնպիսի գործունեություն, որը հետք է թողել, իսկ վերջին հետքը արտակարգ իրավիճակների արտակարգ նախարարությունն էր»:
Պարոն Բաղդասարյանի խոսքերով, այսօր քիչ բնագավառներ կան, որոնցով կարելի է հպարտանալ. «Շատ լավ հիմք է, պնդելու, ասելու մեր համաքաղաքացիներին, որ ներկայացրել ենք մի մարդու, որն իր ապրած կյանքով ապացուցել է, որ կարող է զարգացնել, առաջ տանել համակարգեր»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ ՕԵԿ նախագահը գովեց ավագանու իրենց թիմի թեկնածուներին. «Բոլորն էլ Երեւանում ապրած, հետք թողած մարդիկ են: Եվ մենք տարբերվելու ենք մյուսներից, այնպես, ինչպես ՕԵԿ-ը տարբերվում է այսօր Ազգային ժողովում: Առաջին պատգամավորական խմբակցությունն է `իրենց ներկայացրած օրենքների թվով: Վստահ եմ, որ ավագանիում նույնպես ՕԵԿ-ը լինելու է ամենապահանջված քաղաքական ուժը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ