«Սովետի ժամանակ ծաղիկներ էի վաճառում: Ծաղիկների հետ աշխատելը մեծ հաճույք է պատճառում մարդուն: Դժբախտաբար ամուսինս մահացավ ու, բնականաբար, երեխաներիս այդ աշխատավարձով չէի կարողանա պահել: Սկսեցի աշխատել որպես հացթուխ, հետո վաճառողուհի, ժամանակի ընթացքում այլ աշխատանքներ ևս կատարեցի,- պատմում է 61-ամյա տիկին Լաուրան և հավելոմ,- հիմա շատ գոհ եմ, միայն իմ ուժերով ես կարողացա երեխաներիս ուսման տալ, ամուսնացնել: Այժմ հարսս ու փեսաս են աշխատում, իսկ ես թոռնիկներիս եմ խնամում, դե մեր երկրում եթե տանը գոնե երկու հոգի չաշխատեն, ծայրը ծայրին չեն կարողանա հասցնել, իսկ էն ժամանակ ուրիշ էր, եթե փողոցներում պարապ մարդ տեսնեին, կվերցնեին ու գործի կդնեին »:
Սովորաբար մարդն իր ողջ կյանքի ընթացքում է կատարում է բազում աշխատանքներ: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց տարբեր մարդկանցից, թե աշխատանքի հետ կապված ինչ ուղի են անցել նրանք :
«Աշխատել եմ Գոսնապի հաշվողական կենտրոնում որպես օպերատոր: Հետո ամուսնացա ու ամուսինս արգելեց աշխատել, բայց հիմա երկուսս էլ փոշմանել ենք. չնայած կենտրոնի լուծարմանը, այդտեղ աշխատելով ես մեծ հեռանկարներ ունեի: Դա առաջիններից էր այն կազմակերպություններից, որտեղ աշխատում էինք համակարգիչներով, իսկ հիմա էնտեղի աշխատողներից շատերը բարձր պաշտոններ ունեն»,-պատմում է 43-ամյա Լուսինեն: Հավելում է ՝այժմ աշխատում է կարի արտադրամասերից մեկում. «Տարիներ հետո միայն կարողացա համոզեցել ամուսնուս՝ այն էլ ֆինանսական խնդիրներից ելնելով»:
55-ամյա տիկին Հռիփսիմեն էլ 25 տարի շարունակ աշխատել է սարքավերանորոգման գործարաններից մեկում՝ որպես պահեստապետուհի . «Անհոգ, խաղաղ ժամանակներ էին: Գոյություն ուներ աշխատողների միութուն, որ պաշտպանում էր մեր շահերը »,-ասում է նա: Պատմում է ՝ ամեն տարի Մայիսի մեկին աշխատողներով կազմակերպում էին պիկնիկներ և հրաշալի ժամանակ անց կացնում:
50-ամյա շինարար Վահանը պատմում է ՝ 13 տարեկանից բանվորական աշխատանք է կատարել. «3 տարի շարունակ Մարտունի ավանի շրջկենտրոնում գազար եմ վաճառել, հետո սովորել ու կատարել եմ ավտոթիթեղագործի աշխատանքը, աշխատել եմ նաև Երևանի երկաթգծին կից փոստատանը՝ որպես օպերատոր ,-պատմում է նա և հավելում՝ այնուհետև ծառայել է Խորհրդային բանակում, իսկ վերադառնալով մեկնել է Ռուսաստան՝ շինարարական աշխատանքների,- գյուղերի ճանապարհներն էինք ասվալտապատում: Ես նաև մետաղական ցանկապատ եմ արտադրել, իսկ մինչև հիմա կատարում եմ պարկետի, լամինատի, ներքին հարդարման աշխատանքներ»: Հավելում է՝ արտերկրում ավելի շատ գումար էր վաստակում, սակայն կարոտը ընտանիքի և հայրենիքի նկատմամբ նրան «վերադարձնում են» Հայաստան . «Էստեղ դու գիտես, որ քո գործն ունես, քո ընտանիքի կողքին ես, էնտեղ էլ հեշտ չէր, լինում էր, որ ամիսներով սպասում էի, որ մի աշխատանք տան»:
Նշենք, որ 2012թ հոկտեմբերի տվյալներով` Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմում է 63.000: Երիտասարդների շրջանում գործազրկության ցուցանիշը 39.1 տոկոս է կազմում, որն առավել ցայտուն է երիտասարդ կանանց շրջանում: Փաստում են ՄԱԿ-ի կազմում գործողԱշխատանքի միջազգային կազմակերպության մասնագետները:
Նազենի Բաղդասարյան