Այս տարվա փետրվարից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ սկսվել եւ շարունակվում են Արթուր Պետրոսյանի, Ալբերտ Հակոբյանի, Ալլա Մախովայի, Գագիկ Քերոբյանի, Արտաշես Բաղումյանի, Կարեն Արզումանյանի, Լեւոն Շահինյանի, Սահակ Սահակյանի, Արմինե Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստերը:
2 օր առաջ ընթացած դատաքննությունը նշանակվեց մայիսի 14-ին:
Արդարադատության նախարարության «Հրազդան», ապա «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Պետրոսյանն անցյալ տարվա մայիսի 3-ին Գագիկ Քերոբյանից ձեռք է բերել զգալի չափի՝ 0, 015 գրամ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող 2 դեղահաբ, իսկ անցյալ տարվա օգոստոսի 8-21-ը դատապարտյալ Արթուր Պետրոսյանն իր կնոջ՝ ամբաստանյալ Ալլա Մախովայի օժանդակությամբ 14 դեպքով իրացրել է նշյալ թմրամիջոցը, այն փոխանցվել է ամբաստանյալ Արտաշես Բաղումյանին:
Ի դեպ, ըստ վերջինի, Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում գտնվող «Երեւան-Սիթի» հանրախանութի մոտ հանդիպել է թմրամիջոցի իրացմամբ զբաղվող կալանավոր Արթուր Պետրոսյանին օժանդակող Ալբերտ Հակոբյանին: Ալբերտին վճարել է 52 000 դրամ գումար, ձեռք բերելով 0,008 գրամի դեղահաբ, որը չի էլ հասցրել օգտագոործել, քանի որ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Կարդացեք նաև
Լեւոն Շահինյանն էլ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր է: Նա հեռախոսային պայմանավորվածության համաձայն, Արթուր Պետրոսյանից պետք է ստանար իր «փայ» թմրամիջոցը: Լ.Շահինյանը «Տաքսի-10» վարորդ Սահակ Սահակյանին ասել էր, որ «Հայրենիք» կինոթատրոնի մոտից ստանա 51 000 դրամ:
Վարորդը ստացել էր գումարը, ապա հանդիպելով օժանդակող Ալբերտ Հակոբյանին, վճարել էր նախապես ձեռք բերված գումարը, ստացել էր 1 դեղահաբ:
Տաքսիստը նույնպես բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին:
Արմինե Գրիգորյանն էլ հեռախոսով մտերմացել էր ոմն Հակոբ Կարապետյանի հետ: Հակոբն իրականում արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարեն Արզումանյանն էր, որի խնդրանքով էլ Դավիթաշենի «Երեւան-Սիթիի» մոտ Արմինեն հանդիպել էր Ալբերտ Հակոբյանի հետ, եւ ստացել «բուպրենորֆինը»՝ 1 դեղահաբ: Արմինեն հեռակա ընկերոջ խնդրանքը չի կարողացել կատարել, քանի որ Մաշտոց-Պուշկին խաչմերուկում, ուր պիտի հանդիպեր Կարենի ուղարկած անձնավորության հետ, իրեն էին սպասում ոստիկանները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ