ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության ղեկավար Մարտին Քալանանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին եւ Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության գլխավոր քարտուղար Ֆրանկ Բարեթը։
Ողջունելով հյուրերին՝ ԲՀԿ ղեկավարը նշել է, որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ-ի համար կարեւոր գերակայություն է եւ կուսակցությունը նպատակ ունի է՜լ ավելի խորացնելու եվրոպական իր օրակարգը։ Գագիկ Ծառուկյանը կարեւորել է Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների կուսակցության հետ դեռեւս անցած տարի Բրյուսելում սկիզբ առած համագործակցությունը, նշելով, որ դավանած արժեքների ընդհանրությունն ու ավելի լավ Եվրոպա ունենալու ձգտումը լուրջ հիմք են՝ սկսված փոխգործակցությունը որակական նոր մակարդակ տեղափոխելու համար։
Իր հերթին Մարտին Քալանանը նշել է, որ անչափ կարեւորում է հայաստանյան ազդեցիկ քաղաքական ուժերից մեկի՝ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը եւ իրենք մեծապես շահագրգիռ են սկսված գործընկերային հարաբերությունները ԲՀԿ-ի հետ առավել խորացնելու հարցում։ Անդրադառնալով Ասոցացման պայմանագրի բանակցություններին, ինչպես նաեւ Խորը եւ համապարփակ առեւտրի գոտու համաձայնագրին՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Եվրոպական Միության հետ քաղաքական ասոցացումն ու տնտեսական ինտեգրումը կնպաստի երկրում ժողովրդավարական արժեքների հաստատմանը, ինչպես նաեւ առավել բաց ու մրցունակ տնտեսական հարաբերությունների կառուցմանը։
Կողմերը քննարկել են նաեւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների ու ԲՀԿ-ի միջեւ խորացնել սկսված համագործակցությունը՝ այն տեղափոխելով որակական նոր հարթություն։
Կարդացեք նաև
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակ