Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանոթ-բարեկամով աշխատանքի ընդունվելու պրակտիկան նվազում է

Մայիս 01,2013 14:43

Մեր երկրում ծանոթ-բարեկամով աշխատանքի ընդունվելու պրակտիկան 2012 թվականին, 2008-2009 թվականների համեմատությամբ, 5 տոկոսով կրճատվել է: Այդուհանդերձ, Հայաստանում ծանոթին, բարեկամին կամ ընկերոջը աշխատանքի ընդունելու միտումը պահպանվում է: Այսօր այս մասին  «Ելակետ»  մամուլի ակումբում ասաց Առեւտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրերի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ իրենց ուսումնասիրությունը կատարվել է «ILO» միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ:

Aravot.am-ի հարցին, ուսումնասիրել են մասնավո՞ր սեկտորը, թե՞ պետական, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Բոլոր համակարգերում: Այս ուսումնասիրությունն իր մեջ ներառում է ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր ոլորտները: Մասնավորում ավելի արագ է նվազում այդ տենդենցը: Բայց մյուս դեպքում Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսը 98 տոկոս է կազմում, խանութներ եւ այլն, պարզ է, որ տնտեսվարողը կուզի իր աղջկան, տղային, կնոջը, ընդգրկի այդ բիզնեսում, եւ դա նորմալ երեւույթ է, բայց պետք է կրթվելով աշխատեն, որպեսզի կարողանան ճիշտ վարեն բիզնեսը»: Ըստ պարոն Հովհաննիսյանի, Հայաստանի տնտեսությունն այսօր համաշխարհային տնտեսության մաս  է կազմում. «Եվ ուզենք, թե չուզենք, իսկ դա նշանակում է՝ մեր մասնագետն այսօր չպետք է զիջի դրսի մասնագետին: Դա նշանակում է՝ մենք պետք է լսենք բիզնեսին եւ կրթությունը համապատասխանեցնենք դրան: Պետք է զարգացնենք նաեւ ոչ ֆորմալ կրթությունը: Քանի որ ֆորմալ կրթությունը մինչեւ 4 տարի ավարտում ես, բանը բանից անցած է լինում, իսկ ոչ ֆորմալը կարող է շատ արագ այդ բացը լրացնել»:

Առեւտրաարդյունաբերական պալատի մասնագետը նաեւ խոսեց աշխատաշուկայում աշխատանքի ու պահանջարկի անհամապատասխանության մասին: Ըստ նրա, այսօր աշխատաշուկան հագեցած է տնտեսագետներով, հաշվապահներով, մանկավարժներով, բայց պահանջարկը մատուցող, վարորդ, կոշկակար ու հացթուխի է: Սակայն պարոն Հովհաննիսյանի խոսքերով, կրթություն եւ աշխատաշուկա միայն չի նշանակում բուհ եւ աշխատաշուկա. «Զարգացած երկրներում բուհական համակարգ գնում է 7-10 տոկոսը, մնացածը նախընտրում են միջին մասնագիտական կրթություն ստանալ, իսկ Հայաստանում պատկերը ճիշտ հակառակն է: Նոր ձեւաչափ է պետք շուկայի ուսումնասիրության համար, որը կապահովի տվյալների հստակ հավաքագրում: Յուրաքանչյուր կրթական մակարդակ իրենից ենթադրում է գիտելիք, կարողություն ու հմտություն, այդ ամենը զարգացնելով՝ միայն դուք կապահովեք ֆինանսական հոսքը: Առնվազն երկու օտար լեզու պետք է իմանալ, մարդկային ռեսուրսի հետ կապված ռազմավարությունը մշակելու ժամանակ կառավարությունն այդ ամենը պետք է հաշվի առնի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031