Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն հարցերը օրենքով կլուծի

Մայիս 01,2013 14:39

«Որ որոշ «ԶԼՄ»-ներ միշտ փորձել են անիմաստ, օդից ինչ-որ տեղեկություններ տարածել ԲՀԿ-ի մասին, դա միշտ էլ եղել է եւ նախընտրական քարոզարշավը, այդ իմաստով, բացառություն չէր: Այդ արշավը ավելի ահագնացավ: Բայց նորմալ եմ գնահատում, մարդիկ պարապ են մնացել, անելիք չունեն»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով ԲՀԿ-ի վերաբերյալ հրապարակումներին, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից հնչած այն ահազանգերին, որ տարբեր մարզերից մայրաքաղաքում մարդիկ են գրանցվում, որպեսզի մասնակցեն ընտրություններին, Բաբայանն ասաց, որ իրենք զբաղված են ընտրացուցակների ճշտումների հարցերով. «Մեր շտաբները ակտիվորեն հսկում են իրավիճակը` կապված մարդկանց ավել գրանցումների հետ: Իրոք, եղել է նման դեպքեր, փաստեր, որ նախագահական ընտրությունների ժամանակ հինգ մարդ է մեկ բնակարանի վրա գրանցված եղել, հիմա քառապատկվել-հնգապատկվել է: Այս պահին մենք ահազանգել ենք, նախազգուշական քայլեր ենք արել: Մեր ուսումնասիրություններն ավարտվում են եւ այսօր-վաղը վերջնական ամփոփում կանենք ու եթե զգանք, որ այդ խախտումները ազդելու են ընտրությունների արդյունքների վրա, օրենքով սահմանված կարգով կդիմենք ոստիկանությանը եւ ԿԸՀ-ին»: Լրագրողները խնդրեցին հստակ հասցեներով հրապարակել նման դեպքերը: Բաբայանը հորդորեց դիմել ԲՀԿ նախընտրական շտաբին:

Aravot.am-ը նկատեց, որ օրենքն արգելում է ՏԻՄ մարմինների ընտրություններում մասնակցել այն ընտրողներին, ովքեր մեկ տարվա գրանցում չունեն տվյալ վայրում․ մի՞թե իշխանությունն այդքան միամիտ է, որ նոր է նման գործընթաց իրականացնում: «Եթե կլինեն խախտումներ, որոնք մենք կբարձրացնենք եւ օրենքով սահմանված կարգով ընթացք չեն ստանա՝ կմտածենք»,- ասաց Բաբայանը`չհամաձայնելով այն դիտարկմանը, որ ԲՀԿ-ն աղմուկ է բարձրացրել մի հարցի շուրջ, որն իրականում, չի ազդելու ընտրությունների արդյունքների վրա, քանի որ, ըստ նրա, եթե ընտրելու իրավունք չունեն`ինչո՞ւ են հայտնվում ընտրացուցակներում: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, որ դա PR տեխնոլոգիա է, որը ԲՀԿ-ն կիրառում է: Aravot.am-ը հետաքրքրվեց`ինչո՞ւ է ԲՀԿ-ն նման էժանագին տեխնոլոգիա կիրառում: Բաբայանն ասաց. «Ձեր ձեւակերպումներում զգույշ եղեք: ԲՀԿ-ն էժանագին PR չի անում, եթե նույնիսկ ինչ-որ տեսակի PR–ներ կազմակերպվել են, դրանք եղել են բարձր մակարդակի: Բայց դա PR չէ, ավելին, մեր նկատմամբ է հաճախ սեւ PR  իրականացվում»:

Բաբայանն ասաց, որ ընտրությունների օրը ԲՀԿ-ի բոլոր շտաբները մեծ ուշադրությամբ հսկելու են ընտրական գործընթացը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031