ՕԵԿ-ականները «Մարիոթ» հյուրանոցում ամփոփեցին իրենց նախընտրական քարոզարշավը: Ավագանու թեկնածու Սոֆյա Արթենյանը հավաքվածներին ասաց, որ իրենց խոհեմ նախագահի ուղղորդմամբ իրենք եղան նպատակասլաց, փորձեցին ստեղծել միջոցներ՝ հաջողության հասնելու համար. «Փորձեցինք հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու դժվարությունները: Մեր ծրագրի հիմքում բարի եւ մեծ գործեր են, իսկ այդ գործերը համատեղում են մարդկանց, դարձնում մի ընտանիք: Այսօր այդ նպատակի շուրջ բոլորս դարձել ենք մեկ, մեկս՝ դարձել ենք բոլոր»:
Նրա խոսքով, իրենց քարոզարշավն անցավ շատ հավասարակշռված, երբեք չփորձեցին վարկաբեկել իրենց մրցակիցներին. «Ընդամենը ներկայացրինք մեր անցած տասնվեց տարիների ուղին եւ դրեցինք մեր ուրույն ծրագիրն ու մեր անմրցակից թեկնածուն: Ունեցանք բակային եւ դահլիճային հանդիպումներ, ակնդետ ու ունկնդիր եղանք մեր բնակիչների խնդիրներին, բացահայտեցինք մի բան էլ ավելին ու զարմացանք: Եւ խոստացանք ընտրվելու դեպքում հարազատի հոգատարությամբ պետք է լուծում տանք այդ խնդիրներին… Պետք է շնորհակալություն հայտնենք մեր մեծարգո նախագահին՝ Արթուր Բաղդասարյանին, որ քաղաքի ճակատագիրը վստահել է Արմեն Երիցյանին»:
Հետո նա շնորհակալություն հայտնեց պարոն Երիցյանին եւ ասաց, որ նրանով միշտ հպարտացել են ու երբեք չեն ամաչել, եւ այնպես են անելու, որ հաղթեն, որպեսզի քաղաքապետ դառնա Արմեն Երիցյանը:
Ավագանու թեկնածու Հովհաննես Շահինյանն էլ գովեց իրենց թիմը, ասաց՝ լավագույն ավագանու թիմն է. «Պետք է փաստել, որ միակ քաղաքական ուժը, որ այս ժամանակահատվածում արձանագրել է հաջողություններ նախընտրական քարոզարշավի ժամանակ, ինչը կարձանագրվի մայիսի հինգին՝ ՕԵԿ-ն է: Եթե ասենք, որ ամեն ինչ շատ հարթ էր քաղաքում, արդար չենք լինի: Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր խնդիրների ենք առչնվել: Մեր քաղաքային տնտեսությունը միկրովիրաբուժության կարիք ունի: Երեւանը կարգ ու կանոնի կարիք ունի, Երեւանը Արմեն Երիցյանի կարիքն ունի»:
Կարդացեք նաև
Պարոն Շահինյանը նաեւ կոչ արեց իրենց վստահված անձանց ու հանձնաժողովականներին մայիսի հինգին գործարքի չգնալ. «Կուսակցությունը այսօր իրավունք չունի գործարքի եւ պայմանավորվածությունների գնալ տեղամասերում, ամենաչնչին եւ տարրական, ոչ հարիր պահվածքը կարող է մեզ պատիվ չբերել, ուշադիր եղեք»:
Վերջում պարոն Շահինյանն անդրադարձավ իրենց ծրագրին եւ հավելեց, որ առաջիկա չորս տարիներին երեւանցու խնդիրները իրենց ծրագրով կյանքի կոչելու հնարավորություն ունեն, եւ զարգացնելու այնպես, ինչպես գրված է իրենց ծրագրում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
«զարգացնելու են Երեւանի խնդիրները» 🙂
Շատերին թվում է, թե լրագրողի առաջ խոսելը խաղ ու պար է…