Կոմպոզիտոր, թավջութակահար Գրիգոր Առաքելյանը 2005-ին ստեղծել է 12 երաժիշտներից (8 երգիչ եւ 4 գործիքային կատարող) բաղկացած «Օշական» համույթը, որը հատկապես արտերկրում ներկայացնում է հայոց ոսկեդարի եւ միջնադարի հոգեւոր ու աշխարհիկ եղանակները՝ Առաքելյանի մշակմամբ, որոնք յուրօրինակ բացահայտումներ են դառնում օտարազգի ունկնդրի համար: Վինագործ Մ. Երիցյանի օգնությամբ 1993-ին կոմպոզիտորը ստեղծել է հայկական վիոլա (թավ քեմանի) լարային նվագարանը, որն առնչվում է պատմական Հայաստանի հյուսիսային շրջանների հետ: «Օշական» համույթի հիման վրա ստեղծել է նույնանուն տրիո (ձայն, հայկական վիոլա, քանոն) եւ կվինտետ (վոկալ քառյակ եւ հայկական վիոլա): Սեպտեմբերին Կանադայում Մոնրեալի ՎիվաՎոչե երգչախումբն առանձին համերգով կկատարի կոմպոզիտորի երկերը, նրա կոմիտասյան, նաեւ հայ հոգեւոր եւ ժողովրդական մեղեդիների մշակումները:
– Ի՞նչ կասեք հայ հոգեւոր եւ ժողովրդական երաժշտության ակունքների մասին:
– Հայ ժողովրդական, նաեւ հոգեւոր երաժշտությունը հիմնված է նախաքրիստոնեական շրջանի երաժշտության վրա: Հայոց առաջին շարականագիրները՝ Մաշտոցն ու Խորենացին, նախաքրիստոնեական ծիսական երգերից են վերցրել շարականների եղանակային կառույցը: Նախաքրիստոնեական շրջանից բավական շատ երգեր կան պահպանված՝ հիմնականում ծիսական, որոնց տեքստերը վկայում են դրանց հեթանոսական ծագման մասին. օրինակ՝ «Վահե, Վահե» երգը՝ Վահե Աստծու գովքն է, «Հանիկ Նինար»-ը՝ նկարագրում է անձրեւ կանչելու սովորույթը… Քրիստոնեությամբ շաղախվելով՝ հեթանոսական արմատներ ունեցող երգերը ստացել են աստվածային զորություն: Հեթանոսական երաժշտական ժառանգության մասն են նաեւ «Սասունցի Դավիթ» էպոսի երաժշտական պատառիկները, որոնց հիման վրա մշակումներ եմ կատարել: Այդ պատառիկները հայկական երաժշտահամակարգի ծնունդ են, բայց իրենց շուրջ ստեղծում են շատ յուրօրինակ մթնոլորտ, արդիական են հնչում, հարուստ են ռիթմիկայով, ասերգային եւ ինտոնացիոն կառուցվածքը խիստ հետաքրքիր է: Մեղեդին ինքն է հուշում՝ ինչ հնարքներ գործածել մշակելիս:
– Ի՞նչ սկզբունքով եք կատարում հայոց ոսկեդարի եւ միջնադարի հոգեւոր ու աշխարհիկ եղանակների մշակումները:
Կարդացեք նաև
– Նոր մոտեցումներ չեմ կիրառում. ցանկացած նոր բովանդակալից մոտեցում սովորաբար հիմնվում է հին մնայուն արժեքների վրա: Կարծում եմ՝ Կոմիտասից անմիջապես հետո հայ կոմպոզիտորական դպրոցը պիտի շարունակվեր կոմիտասյան ավանդույթներով, բայց այլ կերպ ընթացավ: Կոմիտասը ոչ միայն վեր հանեց բուն հայկական երաժշտությունը, այլեւ գիտականորեն հաստատեց հայ երաժշտության կո՛դը: Լեզուն մշակույթի պահպանման կոդն է, բայց այն ի վիճակի չէ արտահայտել ժողովրդի զգայական ողջ պատկերը, միայն երաժշտության միջոցով կարելի է փոխանցել այդ նրբերանգները: Ի տարբերություն դասական երաժշտության՝ այսօր ժամանցային երաժշտության մեջ բառի, մտքի շեշտերը վերացե՛լ են, սխա՛լ են, հայերեն չե՛ն հնչում, մեղեդին էլ օտա՛ր է. այսպես աննկատ կարելի է խաթարել մի ամբողջ ազգ… Իմ հավատամքն է՝ երաժշտություն գրելիս, մշակումներ անելիս կիրառել բո՛ւն հայկական երաժշտահամակարգը: Հայ երաժշտությունն ունի միայն իրե՛ն բնորոշ համակարգ, որը տարբերվում է թե՛ արեւելյան, թե՛ եվրոպական համակարգերից: Ըստ որոշ գիտական վարկածների՝ ջրհեղեղից հետո կյանքը պատմական Հայաստանից է տարածվել. հնարավոր է՝ մեր երաժշտահամակարգի մեջ խտացված են բոլոր մյո՛ւս համակարգերը: Լինելով ինքնուրույն, բացառիկ՝ հայկական երաժշտահամակարգը պարունակում է արեւելյան եւ եվրոպական գծեր, դյուրությամբ ընկալում այլ երաժշտահամակարգեր, իսկ հայ կոմպոզիտորները հեշտությամբ ստեղծագործում են նաեւ այլ համակարգերի միջոցով: Մեր երաժշտահամակարգը, ըստ իս, մասամբ անտեսված է, մոռացված, եւ այդ համակարգով ստեղծված երկերն այժմ ընկալվում են նորովի: Իմ մշակումներում, իհարկե, անհատական մոտեցում կա: Թյուր է այն կարծիքը, որ եթե բոլորը ստեղծագործեն կոմիտասյան համակարգով՝ իրար նման կլինեն: Եվրոպական երաժշտահամակարգում, օրինակ, վիեննական դպրոցի ներկայացուցիչներ Մոցարտն ու Բեթհովենը ստեղծագործական ձեռագրով իրարից որքա՜ն են տարբերվում: Որեւէ մեղեդի մշակելիս՝ ընկղմվում եմ դրա ներաշխարհի մեջ եւ սեփական մտքերս, անգամ ներքին բախումներս ներդաշնակում դրան: Երբ տիրապետում ես հայկական երաժշտահամակարգին՝ մշակումը հաջողվում է. մեղեդուն համահունչ լինելու համար վեր եմ հանում դրա թաքնված բազմաձայնությունը, ներդաշնակում մեղեդու հնչյուններով… Ժողովրդական երգն իր բնական վիճակով հնչում է բնության մեջ՝ առվի կողքին, անտառում…, հոգեւոր երգը՝ եկեղեցում՝ համապատասխան ակուստիկայի պայմաններում: Երբ այդ երգերը հնչում են բեմահարթակից՝ կտրվում են իրենց բնական միջավայրից: Մշակման արվեստը կոչված է վերականգնե՛լ այդ կորուստը:
– Արտասահմանցի ունկնդիրն ինչպե՞ս է ընկալում Ձեր մշակումները:
– Դրանք ընկալվում են որպես բացահայտում, իրենց խոսքերով՝ որպես նոր տիեզերք: Ինչպես մենք ենք Բախի, Մոցարտի… երաժշտությունն ընկալում, այնպես էլ արտասահմանցին ընկալում է մերը: Մեր շարականները համարժեք են եվրոպական երաժշտության գլուխգործոցներին. ազգայինի շնորհիվ արվեստը դառնում է վերազգային: Իմ մենեջերի՝ Ռ. Փիրանյանի շնորհիվ, հայ երաժշտությունը ներկայացնում ենք հիմնականում ֆրանսախոս երկրներում: «Ռադիո Ֆրանս»-ը 2006-ին ողջ Ֆրանսիայով հեռարձակեց մեր համույթի առաջին համերգը: Կանադայի ռադիոն, սեփական նախաձեռնությամբ, 2011-ին հաղորդում նվիրեց ՀՀ անկախության օրվան, որի ժամանակ հնչեց նաեւ «Օշական» տրիոյի համերգը:
– Ի՞նչ սկզբունքով են ստեղծվում Ձեր օրիգինալ երկերը:
– Երկերս կրում են հայկական երաժշտամտածողության կնիքը, ես մտածում եմ այդ համակարգով, այնպես, ինչպես հայ բանաստեղծը, որի մայրենի լեզուն հայերենն է, մտածում է հայերեն:
– Փորձում եք մեր Ազգային օպերայի եւ բալետի թատրոնում ստեղծել բարոկ օպերայի բաժին…
– Այո, ծրագիրը ներկայացվել է: Պատրաստել եմ Ժ. Ֆ. Ռամոյի «Փառքի տաճարներ» օպերան՝ հարմարեցնելով այսօրվա մեր նվագախմբին: Կապ եմ ստեղծել Փարիզի Բարոկ երաժշտության կենտրոնի հետ, վստահ եմ՝ կօգնեն երաժշտական գործիքներով, դասընթացներով: Մեզանում քիչ է կատարվում բարոկկո դարաշրջանի (1600-1750) երաժշտությունը, որն այսօր արդիական է հնչում: Անցյալ տարի Կ. Դուրգարյանի եւ Շ.Գրիգորյանի նախաձեռնած երեւանյան «Համերգ Ճեմասրահում» նախագծի ընթացքում՝ ներկայացրել եմ իտալական բարոկ երաժշտություն՝ հատվածներ Ա. Սկարլատտիի հայոց պատմական թեմայով գրված «Տիգրան» օպերայից, որոնք հարմարեցրել եմ նվագախմբի փոքր կազմի եւ դասական գործիքների համար: Բարոկ շրջանում եվրոպացի կոմպոզիտորները 20-ից ավելի հայկական թեմայով օպերաներ են գրել. գերմանացի կոմպոզիտոր Ռ. Կայզերի օպերաներից 5-ը գրված են հայկական թեմաներով, որոնցից մեկն էլ կոչվում է «Հայեր», իսկ հայոց Տրդատ 1-ին արքային անդրադարձել է իր հայտնի «Օկտավիա» օպերայով…
ԱՐՓԻՆԵ ԿԱԼԻՆԻՆԱ
«Առավոտ» օրաթերթ