Նոր մոտեցմամբ արված բեմադրությունը աժիոտաժ է առաջացրել
Վերջին օրերին մշակութային ամենաաղմկալի իրադարձությունը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացված Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի հայ-ֆրանսիական նախագիծն էր, որը հանրությանը բաժանեց երկու մասի: Մի կողմում նրանք են, ովքեր այս ներկայացումը համարում են ինքնատիպ, մյուս կողմում՝ հակառակորդները, որոնց կարելի է անվանել պահպանողական: Բեմադրությունն իրականացրել են. ֆրանսիական կողմից՝ դերասան, ռեժիսոր Սերժ Ավեդիկյանը, բեմի ձեւավորման, հագուստների եւ խորեոգրաֆիայի հեղինակն է Նիկոլյա Մյուզենը, գործիքավորումը եւ երաժշտության մշակումը կատարել է Անահիտ Սիմոնյանը, լուսային ձեւավորումը՝ Ժան-Մարկ Սկաչկոյինն է, հայաստանյան կողմից՝ տեսաշարի հեղինակը Միքայել Դովլաթյանն է, դիրիժորը՝ Ֆրանսիայում եւ Հայաստանում գործունեություն ծավալած Վահան Մարտիրոսյանը: Ներկայացման մեջ զբաղված են «Հովեր» պետական կամերային երգչախումբը (ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան), Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Սոֆյա Սայադյանը (Անուշ), Գուրգեն Բավեյանը (Մոսի), Քրիստինե Սահակյանը (Անուշի մայր), Լիլիթ Սողոմոնյանը (Սարոյի մայր), իսկ Սարոյի դերերգով հանդես է գալիս Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանող Լիպարիտ Ավետիսյանը: Մենակատարները, հիրավի, հաղթահարել էին իրենց առջեւ դրված պահանջները:
«Առավոտը» ներկա գտնվելով «Անուշի» գլխավոր փորձին, մինչ այդ էլ տեսնելով հայտագիրը, անակնկալի եկավ՝ կարդալով «օպերայի նոր բեմականացում» արտահայտությունը, մինչդեռ պետք է գրվեր «բեմական նոր տարբերակ», քանի որ բեմականացում նշանակում է բեմին հարմարեցում, իսկ այս օպերան բեմական մկրտություն է ստացել 1912թ., անվանի ռեժիսորներ Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի, այնուհետեւ Տիգրան Լեւոնյանի եւ Գեղամ Գրիգորյանի բեմադրություններում՝ հարազատ մնալով լիբրետոյին եւ կլավիրին:
Ի՞նչ նոր բան է բերում Սերժ Ավեդիկյան ռեժիսորը, որի ձեւակերպմամբ՝ օպերային թատրոնը օձի բույն է եւ ինքը չի ուզում մտնել այդ միջավայրը, մինչդեռ, ըստ մեր տեղեկությունների, նա ցանկություն է հայտնել իր նորարարությամբ հանդես գալ Ազգային օպերային թատրոնում:
Կարդացեք նաև
Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն այս առիթով «Առավոտին» փոխանցեց, որ Սերժ Ավեդիկյանը ի սկզբանե ցանկություն է ունեցել «Անուշի» իր տարբերակը բեմադրել օպերային թատրոնում՝ օպերայի ներքին ռեսուրսներով, սակայն ինչ-ինչ պատճառներով համագործակցությունը չի կայացել:
«Նախագծի հեղինակներս անդրադարձել ենք Թումանյանի եւ Տիգրանյանի ստեղծագործության բնօրինակներին՝ օպերայի առաջին նոտագրությանը եւ լիբրետոյին, որոնք պահվում են Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում եւ մինչ օրս մոռացության են մատնված եղել: Վերադառնալով օպերայի նախնական տարբերակին, այս մեկնաբանության մեջ «վերադարձրել» ենք որոշ կերպարներ ու ազգային երաժշտական գործիքներ, որոնք հանվել էին խորհրդային գրաքննության ճնշման տակ»,- վերջերս հրավիրված ասուլիսում հայտարարել է ռեժիսորը: Իհարկե, մենք պատրաստվում էինք հարցերն ուղղել նրան, սակայն չսպասելով մայիսի 3-ին, 4-ին կայանալիք ներկայացումներին, առաջնախաղից հետո նա վերադարձել էր Փարիզ: Նշենք, որ «վերադարձնել» ասելով ռեժիսորը գուցե նկատի է ունեցել Թումանյանի պոեմում առկա, սակայն ի սկզբանե լիբրետոյում տեղ չգտած Անուշի տուն վերադառնալը, քահանայի եւ հոր կերպարները, որոնք, ի դեպ, Տիգրանյանի «Անուշում» տեղ չեն գտել՝ բեմական ինքնատիպություն չունենալու պատճառով: Ավեդիկյանի ռեժիսորական այս նորամուծությունը, սակայն, մատուցվում է ոչ թե երաժշտական լեզվով, ինչը պարտադիր է օպերայի համար, այլ որպես գրական միջնորդություն, որը բնավ էլ նորություն չէ համաշխարհային օպերային արվեստում:
Ցանկացած նորամուծություն առաջին հերթին պետք է ապահովի տեղեկատվություն եւ հանրային իրազեկում, մանավանդ այս դեպքում, երբ գործ ունենք մեկ դարը բոլորած առաջին ազգային օպերայի հետ:
Փոքր-ինչ հեռանալով հայ-ֆրանսիական «Անուշից», ասենք, որ 1984թ. դասական ստեղծագործության խմբագրման փորձ կատարվել է Խորեն Աբրահամյանի կողմից՝ Սունդուկյանի «Պեպոյում»: Հասարակությունը դարձյալ պատրաստ չէր ընկալելու աբրահամյանական նոր լուծումները՝ բեմում տեսնելով հաստատված ավանդույթի ժխտումը:
Ինչ վերաբերում է Ս. Ավեդիկյանի «Անուշին», ասենք, որ չնայած հնչեղ գովազդին, կարելի է ասել՝ նոր արված գործիքավորմամբ պարզապես չէր հնչում ժողովրդական նվագարաններով կամերային նվագախումբը եւ այդպես էլ չմատուցվեցին տիգրանյանական մոնոդիզմի առանձնահատկությունները: Ի դեպ, ժամանակին Տիգրան Լեւոնյանը փորձ է արել նվագախումբ ներմուծել դուդուկ, շվի, ինչը չի արդարացրել: Իսկ «Հովեր» երգչախմբի արտիստները, անկախ «չհասկացված» բեմադրությունից, աչքի ընկան իրենց խաղային պլաստիկայով, հրաշալի երգեցողությամբ, տիգրանյանական նյութի մատուցմամբ: Ապահովելու համար, այսպես կոչված, «մոդեռնիստական լուծումները», ֆրանսիացի խորեոգրաֆը բալետի արտիստներին տարել էր դեպի պարզագույն աերոբիկա, որն իր մեջ պարային ոչինչ չէր պարունակում, չափազանց էկլեկտիկ էր բեմական «կահույքը»՝ էկրանը՝ բնության տեսարաններով, մի քանի հազար եվրո արժողությամբ կամուրջը եւ «տաբուրետկաները», որոնք ոչ թե լրացնում էին բեմանկարչի միջավայրը, այլ ստեղծում տարբեր ոճերի խառնուրդ: Ժամանակակիցը՝ ժամանակակից, սակայն այդպես էլ հանդիսատեսը չընկալեց, օրինակ՝ տղամարդկանց շղարշե հագուստները: Անուշի եւ նրա մոր նույնանման, ալ կարմիր հագուստները, որոնք հիշեցնում էին Փարաջանովի արվեստը…
Ավեդիկյանական «Անուշը» մայիսի 22-26-ը կներկայացվի Փարիզի Նանտեռի Ամանդյե թատրոնում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Իսկ հեղինակային իրավունքները պաշտպանված են? Տիգրանյանին հարցրել եք, որ նրա վերջնական օրինակը փոխել եք? Պոեմը և օպերան 21-րդ դարի մասին չէ գրված… Նկարագրելով անցյալը, հեղինակը ասել է “դուրս եկեք կրկին շիրիմից, խավարից…” Ձեզ հուշել է sahmanapak mtatselսց դուրս գաք, նորը գրեք և “սուպեր” դուրս եկաք: Araj nayir, hay joghovurd! Ինչու չեկ սիրում ինքներտ Ձեզ ? , հենց դա է պատճառը, որ լճացած է ամեն ինչ:Բոլորը կոմպոզիտոր են,բայց մի երեք օպերա ունեն : Ամեն տեղ հնչում է կամ թուրքաարաբական, կամ այսպես “սուպեր”: Դա լրիվ ուրիշ սցենար էր Ա.Տիգրանյանի երաժշտության տակ: Թող գրեին նոր երաժշտություն, նոր սցենար, նոր օպերա,և կհարստացնեին հայկական օպերային ցանկը և կլիներ լավը … Իսկ ինչ մնում է գումարին– ծիծաղելի է… Այդ գումարը լրիվ կբավարարեր անցյալի գեղջուկի կենցաղը ցույց տալու համար: Պատկերացնում էք? “Նորմա”-ն , “Մազեպա”-ն, “Համլետը”, կամ Արքա Լիր”-ը նման ձևի մեջ,նման մեկնաբանությամբ… ափսոս…: Այո, խեղաթյուրելն ու ապականելը հեշտ է, իսկ նորը ստեղծելու համար տաղանդ է հարկավոր: Ha! Mi arajark el unem norararnerin…chek uzum mihat el Sasunci Daviti qandaky dzevapoxeq, kam Saryani nkarner@? Ervand Qochary ban chi asel… hamel ktoxneq ancyali ejerum… amot e , chi kareli amen dzevi gumar ashxatel …..