Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսերեն մոնոներկայացման մեջ արցախյան երգ հնչեց

Մայիս 01,2013 12:58

542281_358243407583976_4760Ըստ ֆրանսիացի դրամատուրգի գործի՝ մոնոներկայացման մեջ ազատատենչության գաղափարն էր

Օրերս Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ «Արմմոնո» փառատոնի շրջանակներում կայացավ մոնոներկայացման պրեմիերա՝ ըստ ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլյոնի «Դզին» բանաստեղծության: Շնորհալի դերասանուհի Նարինե Գրիգորյանը (Նարինկան) հրաշալի խաղաց. նրան հաջողվեց հանդիսատեսին փոխանցել «կաթիլի» հույզերը, որը ձգտում է ոչ թե ճահիճ, այլ դեպի մեծ օվկիանոս: Ներկայացման ռեժիսորն է Ռուբեն Բաբայանը, նկարիչը՝ Ալինա Ալեքսանյանը:

Նարինե Գրիգորյանն «Առավոտին» ասաց, որ վաղուց էր երազում իր ուսուցիչ Ռուբեն Բաբայանի բեմադրությամբ մոնոներկայացում խաղալ ու այժմ երջանիկ է, որ երազանքն իրականացել է: Նա հավելեց, որ ներկայացման մեջ կաթիլի ուսուցիչը թռչունն էր, ու կաթիլին եւ թռչունին խաղալիս, ինքն անընդհատ պատկերացրել է իր ուսուցիչ Ռուբեն Բաբայանին:

«Դզին» բան-ա-ստեղծություն»-ը կամ «Դզինը» պատմություն է երկնքից վար ընկնող սովորական կաթիլի արկածների մասին, կաթիլի, որ ընկնելու ընթացքում հասցնում է ճանաչել աշխարհը, իմաստնանալ, նեղսրտել, թե ինչու է այդքան թափանցիկ եւ խոնավ, բայց մի բան կարեւոր է՝ կաթիլը երազկոտ է, ու երազներն իրականացնելու առումով նպատակասլաց: Բանաստեղծությունն առաջին հայացքից պարզ է, բայց եւ խորը, շերտավոր….

Նարինե Գրիգորյանը մոնոներկայացումը խաղաց ռուսերեն, խաղաց ազդու եւ տպավորիչ, իսկ ամենաանհավանական պահին, երբ շեշտադրվում էր կաթիլի ազատատենչությունը, մեկ էլ կաթիլը ռուսերենից անցավ ղարաբաղի բարբառի՝ երգեց այդ բարբառով:

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեցինք՝ գո՞հ էր Նարինկայի խաղից: Ռեժիսորն ասաց, որ շնորհալի դերասանուհին արդարացրել է իր բոլոր սպասելիքները, եւ մոնոներկայացումը համարում է ստացված:

Իսկ ինչո՞ւ որոշեց բանաստեղծություն բեմադրել, այն էլ այդպիսի գործ:

«Վերջիվերջո ամեն ինչ ծնվում է այն պահին, երբ ինչ- ինչ մտքեր են քեզ հուզում, դա էլ հետո ստանում է գեղարվեստական դրսեւորում»,- ասաց պարոն Բաբայանը: Նա ինքն իբրեւ արվեստագետ՝ կարեւորում է ազատության գաղափարը, ինչը եւ շեշտադրված է մոնոներկայացման մեջ: «Ամեն մարդ ինքն է իր առաջ խնդիր դնում՝ ընկել ճահի՞ճ, թե՞ օվկիանոս: Դրանով էլ հարազատ էր ինձ համար այս բանաստեղծությունը: Ի դեպ, ես մտադիր չէի սա իբրեւ ներկայացում բեմադրել: Նարինկայի առաջարկությունն էր: Երբ տվեցի կարդալու, ասաց՝ եկեք բեմադրենք»,- նշեց Ռուբեն Բաբայանը: Նա համոզված է, որ յուրաքանչուր մարդ մի կաթիլ է, բացի այդ, ամեն մեկի ներսում կա այն անաղարտությունն ու մաքրությունը, որը կաթիլին է բնորոշ. «Կա մի բան, որ բոլորիս միացնում է, մնում է լավն այնքան շատ լինի, որ բոլորս ձգտենք դեպի օվկիանոս»:

Թատերագետ Արա Խզմալյանը տպավորված էր թե Նարինկայի խաղով, թե մոնոներկայացման ռեժիսուրայով. «Հաճախ իմ մեջ հուսալքություն է ծագում, թե ինչո՞ւ եմ թատրոնով զբաղվում եւ ի՞նչ իմաստ ունի թատերագիտությունը, սակայն տեսնելով Նարինեի խաղը, մտածում եմ, որ ամեն ինչ կորած չէ: Նարինեն վերադարձնում է մասնագիտությանս իմաստը, թատրոնի խորհուրդը, լրջությունը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031