Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբուժարանները կփակվե՞ն

Մայիս 01,2013 13:15

Տուն-ինտերնատի համար հոգեկան առողջության խնդիր ունեցող
50 մարդ էլ հերթագրված է

Մեր երկրի սոցիալական ոլորտի պատասխանատուները հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի եւ սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հայեցակարգ են մշակել, որը մայիսի 2-ի ՀՀ կառավարության նիստում կդրվի քննարկման: Հայեցակարգը ներկայացնելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Մինչ կառավարությունը կհաստատի կամ կմերժի սույն հայեցակարգը, ներկայացնենք, թե այն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող քաղաքացիների խնդիրները լուծելու ինչ նոր մոտեցումներ է առաջարկում: Հայեցակարգում ներկայացվում է սոցիալական պաշտպանության համակարգի ներկա վիճակը՝ հոգեկան առողջության ծառայությունների տեսանկյունից, նոր այլընտրանքային ծառայություններ ստեղծելու կամ գործող ծառայությունները զարգացնելու անհրաժեշտությունը եւ, հաշվի առնելով հոգեկան առողջության բնագավառում միջազգային առաջադեմ փորձը, առաջարկում է Հայաստանի համար նախընտրելի մոդելներ:

«Տարիներ շարունակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք մեկուսացված էին հասարակությունից: Նրանք համարվում էին ընտանիքի խարանը, նրանց տարիներով պահում էին հոգեբուժական հաստատություններում, ինչը համարվում էր բուժման միակ միջոցը: Գործում էր նաեւ դիսպանսեր հսկողությունը, սակայն հոգեկան հիվանդների հոգեսոցիալական վերականգնումը այնքան էլ չէր կարեւորվում»,- ասված է հայեցակարգի ներածական մասում:

Փաստաթուղթն առաջարկում է հոգեկան առողջության ծառայությունները վերափոխել այլընտրանքային ծառայություններով՝ կարճաժամկետ խնամքի շուրջօրյա տներով, համայնքային ցերեկային կենտրոններով եւ այլ ծառայություններով: Այսինքն՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդը ոչ թե շուրջօրյա մնա հոգեբուժարաններում, ինչպես որ այժմ է, այլ խնամվի ցերեկային կենտրոններում՝ ստանալով համապատասխան աջակցություն:

Նշենք, որ այսօր Հայաստանում գործում է հոգեկան առողջության 5 դիսպանսերային հաստատություն, որոնց ծառայություններն, ըստ Արտեմ Ասատրյանի, բավարար չեն՝ ապահովելու առկա կարիքը, գործող ծառայություններն էլ եւ քանակապես, եւ որակապես չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին:

Այդպիսի խնդիրներ ունեցող մարդկանց հայեցակարգով նաեւ նախատեսվում է Էրգոթերապիա, այսինքն՝ թերապիա զբաղվածության միջոցով, որի միջոցով, ըստ մասնագետների, վերականգնվում է ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող աշխատանքային կարողությունը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար առաջարկվում է հիմնել սատարող կացարաններ, որը որոշակի ժամկետով կամ անժամկետ կտրամադրվի այն մարդկանց, որոնք ակտիվ բուժման կարիք չունեն, եւ այդ կացարանում կամ կացարանից դուրս՝ համայնքային ծառայությունների մասնագետների անմիջական աջակցությամբ, կհարմարվեն անկախ կյանքին: Կացարանում նրանց կսովորեցնեն ինքնուրույն կյանքին՝ սննդի պատրաստում, հիգիենայի կազմակերպում, բյուջեի պլանավորում եւ այլն:

Նշենք, որ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը հանրապետությունում կազմում է 182643 մարդ, որոնցից 20064-ը հաշմանդամ են ճանաչվել հոգեկան հիվանդություններից, ինչը կազմում է հաշմանդամների ընդհանուր թվի 10,9%-ը: Հաշմանդամ երեխաների թիվը 8015 է, որոնցից 1545-ը հոգեկան առողջության եւ մտավոր խնդիրներով են:

Ինչպես փաստում են հայեցակարգի հեղինակները, տարեցների մոտ, կապված տարիքի, սոցիալական կարգավիճակի, առողջական վիճակի, միայնակության, ինչպես նաեւ հոգեբանական այլ բարդույթների հետ, հոգեկան հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը ավելի մեծ է: Հոգեկան առողջության առումով ռիսկի գոտում են գտնվում նաեւ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անօթեւան մարդիկ, որոնք գիշերում են որտեղ պատահի՝ զուրկ սննդից ու տարրական կենսապայմաններից: Ներկայումս Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում գործում է շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցող 4 եւ ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող 3 կենտրոն, այդ թվում՝ 3 շուրջօյա խնամքի եւ երկու ցերեկային խնամքի կենտրոնները նախատեսված են հոգեկան եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար:

Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում այսօր խնամվում է 450 մարդ: Պահանջարկով պայմանավորված՝ տուն-ինտերնատի տեղերի քանակը վերջին 3 տարվա ընթացքում ավելացել է 90-ով, ինչը, սակայն, բավարար չէ: Այս ինտերնատ ընդունվելու համար այս պահի դրությամբ հաշվառված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ավելի քան 50 անձ, այդ թվում՝ այլեւս ակտիվ բուժման կարիք չունեցող, դատական կարգով անգործունակ ճանաչված եւ ընտանիքներում բնակվող ոչ համարժեք վարքագիծ դրսեւորող անձինք:

Հայեցակարգի հեղինակները նաեւ նշում են, որ այսօր լուծված չէ նաեւ Խարբերդի մասնագիտացված մանկատանն ապրող եւ արդեն չափահաս դարձած 100-ից ավելի խնամվողների հետագա ճակատագիրը: Այդ երեխաների մեծամասնությունը չունի ընտանիք, կամ ընտանիքները հրաժարվել են նրանցից, եւ որեւէ այլընտրանքային ծառայություն չլինելու պատճառով նրանք շարունակում են բնակվել մանկատանը:

«Տարիների փորձն ու դիտարկումները ցույց են տվել, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մի զգալի մասը բուժման մի քանի կուրս ստանալուց հետո այլեւս բուժման կարիք չունեն եւ ունեն միայն խնամքի ու հասարակության մեջ հարմարվելու, ինքնասպասարկման ունակությունների զարգացման եւ որոշ տարրական հմտություններ սովորելու կարիք, ինչը թույլ կտա նրանց ապրել նաեւ առանց կողմնակի անձի օգնության: Սակայն վերջիններս դեռեւս պատրաստ չեն ինքնուրույն ապրելու, ունեն հոգեբանական ու սոցիալական խնդիրներ, կամ ընտանիքի անդամներն ի վիճակի չեն հոգալու նրանց կարիքները, կամ ընդհանրապես չունեն ընտանիք ու հարազատներ»,- ասվում է հայեցակարգում:

Ըստ սոցիալական ոլորտի պատասխանատուների՝ «ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներից մեկը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող եւ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար նրանց կարիքներին համարժեք ծառայությունների, մասնավորապես՝ տարբեր մոդելների համայնքային խնամքի տների եւ ցերեկային կենտրոնների ստեղծումն է, ինչպես նաեւ դիսպանսեր հսկողության ուժեղացումը»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031