Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության հակակշիռը մասնատված է

Մայիս 01,2013 13:10

PR-ի մասնագետ Հայկ Կիրակոսյանի կարծիքով՝ «Մասնատիր, որ տիրես» կեսարյան հայտնի սկզբունքն ակամայիցի հօգուտ ՀՀԿ-ի է գործում:

Արդեն որերորդ ընտրություններն ենք անցկացնում, բայց մեր քաղաքական գործիչներն այդպես էլ չսովորեցին ճիշտ քարոզարշավ անել, եւ փոխանակ իրական PR-ի գործիքներն օգտագործեն, տարված են միմյանց սեւացնելով:

Այս անգամ էլ Երեւանի ավագանու կամ քաղաքապետի թեկնածուների քարոզարշավը տեխնոլոգիաների առումով նախորդ բոլոր ընտրություններից գրեթե ոչնչով չի տարբերվում, բացառությամբ մի բանի՝ այս անգամ քաղաքացին խճճվել է ընտրության հարցում: Այսպիսի դիտարկում արեց «Առավոտի» հետ զրույցում «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը: Եթե նախագահական ընտրություններին թեկնածու չէին առաջադրել ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու մյուսները, եւ, ըստ PR մասնագետի, ամեն ինչ հստակ էր՝ ժողովրդի մի հատվածը, որը ձգտում էր հակակշիռ ստեղծել իշխանությանը, եւ դա «Ժառանգությունն» էր, այս անգամ այդ հակակշիռը մասնատվել է թեկնածու կուսակցությունների միջեւ. «Ունենալու ենք ձայների մասնատված պատկեր, որովհետեւ ժողովրդի մի մասը մտածում է՝ լավ, տեսանք՝ Րաֆֆին ինչ արեց, կարո՞ղ է պետք է ԲՀԿ-ն լինի: Մի մասն էլ ասում է՝ ամենաարմատականը ՀԱԿ-ն է, նախագահականի ժամանակ ՀԱԿ-ը չէր, դրա համար էլ այդպիսի ավարտ ունեցավ: Հիմա այդ նույն զանգվածը, որ այդքան ահռելի ձայների քանակություն էր ապահովում Րաֆֆի Հովհաննիսյանի համար, միանշանակ չէ, որ նույն քանակի մարդիկ ընտրելու են Արմեն Մարտիրոսյանին՝ որպես քաղաքապետ: Այդ զանգվածը մասնատված է՝ երկընտրանքի, եռընտրանքի ու քառընտրանքի առաջ, որովհետեւ թեկնածուներ կան, որ ներկայանում են որպես ընդդիմություն»: Այս իրավիճակում ամենաշահեկանը Հանրապետականն է, որովհետեւ, ինչպես ներկայացրեց մասնագետը, մատը մատին չտալով՝ ստացվում է «Մասնատիր, որ տիրես»՝ Հուլիոս Կեսարի հայտնի սկզբունքն ինքն իրեն գործում է հօգուտ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի. «Ակամայից քաղաքական դաշտը մասնատվել է, եւ տիրողը տիրելու է: Այս պահին դաշտը մասնատված է, եւ հակակշիռ կդժվարանան ստեղծել»:

Քարոզչության առումով գործում է հակաPR-ը կամ սեւ PR-ը: Ըստ Հայկ Կիրակոսյանի՝ այս գործիքներն օգտագործում է եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, ու միմյանց վրա ցեխ նետելու ավանդույթը մնացել է:

Մինչդեռ, մասնագետի դիտարկմամբ, թեկնածուները հաշվի չեն առնում, որ միմյանց վարկաբեկելով՝ մեծ ռեսուրս են անիմաստ ծախսում. «Մի լավ խոսք կա՝ մի վիճիր հիմարի հետ, հնարավոր է՝ կողքինները ձեր տարբերությունը չնկատեն: Պետք է հասկանան՝ ցեխ շպրտողը նախ իր ձեռքերն է ցեխոտում: Այսինքն՝ հնարավոր չէ դու սկսես վարկաբեկել մյուսներին, դու ինքդ մաքուր մնաս»: Իսկ քաղաքակիրթ երկրներում վաղուց արդեն անցել են այսպես ասած՝ բարի ու կառուցողական PR-ին: Հայաստանում էլ կարող է ասֆալտապատումը PR տեխնոլոգիա դառնա, բայց, պարոն Կիրակոսյանի կարծիքով, դա այնքան էլ էֆեկտիվ չի լինի: PR մասնագետը մեզ հետ զրույցում թեկնածուներին մի լավ առաջարկ արեց. իշխանություններին վարկաբեկող անանուն տեսանյութերի փոխարեն՝ կարելի էր քաղաքի պատմության, մշակութային արժեքների մասին տեսանյութեր պատրաստել, դա շատ ավելի ազդեցիկ կլիներ. «Օրինակ՝ Թիֆլիսը ունեցել է 50 քաղաքապետ, որից 48-ը հայ է եղել, կարելի էր այս մասին տեսահոլովակ նկարել ու զուգահեռներ տանել: Իսկ այն, որ մանկական խաղահրապարակներ են կառուցել, նստարաններ են տեղադրել, մարդիկ դա որպես նվեր են ընդունում, մինչդեռ դա մեր փողերով է արված, եւ չպիտի հայմանքի ղեկավարն ասի՝ այսքան ձեզ համար անում եմ, իսկ դուք ուրանում եք: Հակառակը պիտի հնչեր՝ այդքան քեզ վճարում ենք, դու դրա կեսն ես անում, մենք վճարում ենք, որպեսզի մեզ ծառայի համայնքի ղեկավարը: Քիչ է մնում բուկլետների վրա գրեն՝ մի եղեք ուրացող, ընտրեք այնինչին, մենք ձեզ համար ասֆալտ ենք փռել: Բայց էդ ասֆալտապատման գումարով Գյումրիում գոնե 10 ընտանիքի բնակարանով կարող են ապահովել, մի տարի նորմալ ասֆալտ անեն, մյուս տարի ասֆալտի փողով գյումրեցիներին բնակարան կառուցեն»: Մասնագետի կարծիքով՝ PR-ի լավագույն տեսակ կլիներ, եթե գործող քաղաքապետ ու թեկնածու Տարոն Մարգարյանը Ամանորից շաբաթներ առաջ, պինգվիններ, եղնիկներ տեղադրելու փոխարեն, հայտարարեր՝ հարգելի քաղաքացիներ, այս տարի տոնածառից բացի՝ ուրիշ բան չենք տեղադրելու, որովհետեւ դա կազմում է 180 միլիոն դրամ, դա հատկացնելու ենք Գյումրիում այսինչ խնդրի լուծմանը. «Հավատացեք, դժվար թե հայտնվեր մի մարդ, որը կասեր՝ խի պիտի իմ երեխան եղնիկն ու ձնեմարդը չտեսներ, ինչ է թե՝ գյումրեցին տուն ունենար: Այսինքն՝ քարոզարշավից բավականին առաջ Տարոն Մարգարյանն արդեն բարի համբավ ձեռք կբերեր, ու PR-ն ապահովված կլիներ»:

Ինչ վերաբերում է վերջերս քաղաքի տարբեր հատվածներում քաղաքապետարանի կողմից իրականացվող ծառատունկերին, ապա պարոն Կիրակոսյանի դիտարկմամբ՝ դա շատ թույլ ազդեցություն է թողնում, քանի որ 1 հատ ծառ կտրելն ավելի ուժեղ բացասական տպավորություն է թողնում, քան այդ ծառը կտրելուց հետո 100 հատ ծառ տնկելը:

Մեր այն հարցին, թե թեկնածուներից ո՞ր մեկի քարոզչական պաստառն է ավելի գրագետ ու ազդեցիկ արված, PR-ի մասնագետն ասաց, որ դրանք բոլորն էլ անճաշակ են ու որեւէ եզր չունեն քարոզչական պաստառ լինելու հետ:

Պարոն Կիրակոսյանի վերլուծությամբ՝ «Օրինակ՝ «Ժառանգության» պաստառը, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը ձեռք ձեռքի բռնած են, մարդիկ արդեն այդ նկարը ձեւափոխել են՝ երեխա են նկարել ձեռքերի վերեւում: Նման պաստառ ուներ Բուշ կրտսերը, բայց իր տարբերակում հայրը նախագահ է եղել, եւ այդ կերպ ձեռքը բռնած իմաստ կար, թե՝ ինչ է փոխանցում որդի Բուշին: Իսկ «Ժառանգության» դեպքում այդ պաստառը իմաստալից կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մի բանի իրոք հասած լիներ, հիմա պարզ չէ, թե Արմեն Մարտիրոսյանին ինչն է տարոս անում: ՀՅԴ-ի պաստառն էլ անհասկանալի է՝ նախ հին ավանդական իրենց ձեւերի մեջ են, ու այնքան խառը նկար է, որ չգիտես՝ հայդուկական շարժում է, թե ինչ: ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի պաստառներն էլ նման են, միայն գույներն են տարբեր, իսկ Տարոն Մարգարյանինը՝ «թեթեւի մեջ» ամսագրի շապիկի «գլամուր» նկարի է նման: Բոլոր թեկնածուների պաստառներից տպավորություն է ստեղծվում, որ «ափալ-թափալ» արած պաստառներ են»:

ՆեԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031