Ըստ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի՝ թե Հայաստանը, թե ԵՄ-ն քաղաքական կամք եւ շահագրգռվածություն ունեն, որ դանդաղեցում չլինի:
– ԵՄ-ի հետ երկու ռազմավարական նշանակության գրեթե համաձայնեցված փաստաթղթեր են դրված Հայաստանի հետ բանակցությունների սեղանին՝ Ասոցացման համաձայնագիրը եւ Խորը եւ համապարփակ Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը (ԽՀԱԱԳ): Հայաստանը հույս ունի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը մինչեւ նոյեմբեր՝ Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, ինչպես նաեւ ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունները ավարտին հասցնել մինչ տարեվերջ: Պարոն Մնացականյան, ո՞ր փուլում ենք այսօր գտնվում, հասցնո՞ւմ ենք նշված ժամկետներում, կհաջողվի՞ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը մինչեւ նոյեմբեր, եւ ի՞նչ հանգամանքներ կարող են խոչընդոտել դրան:
– Մենք ունենք մեկ միասնական փաստաթուղթ, որը կոչվում է Ասոցացման պայմանագիր, որն իր մեջ ներառում է հսկայական բաժին՝ Խորը եւ համապարփակ Ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ (ԽՀԱԱԳ). համաձայնագիրը մեկ միասնական փաստաթուղթ է: Մեր բանակցային ձեւաչափերը հետեւյալ կերպ են կառուցվել՝ մենք ունենք գլխավոր բանակցող, չորս բանակցային խմբեր: ԽՀԱԱԳ-ի մասը իր տրամաբանությամբ շարժվող բանակցային գործընթաց է, որը տանում են մեր կողմից էկոնոմիկայի նախարարությունը եւ ԵՄ կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի հարցերով տնօրինությունը: Դա միասնական մեծ գործընթացի մասն է, որի կազմակերպումը հայկական կողմից՝ կարգավորվում է ՀՀ նախագահի համապատասխան կարգադրությամբ: Բանակցությունների համար պատասխանատու խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետը, համակարգողը՝ ՀՀ ԱԳ նախարարը, ես գլխավոր բանակցողն եմ: ԽՀԱԱԳ մասով համակարգողն է ՀՀ էկոնոմիկայի նախարարը, գլխավոր բանակցողը՝ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանը:
Համաձայնագրի ոլորտային մասերի բանակցություններում ներգրավված էր ՀՀ կառավարության ամբողջ թիմը ըստ ոլորտների՝ առողջապահության, տուրիզմի, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության եւ այլն, ընդհանուր առմամբ՝ մոտ 30 ոլորտ: Թիմը աշխատել է շատ ինտենսիվ: Փաստացի ավարտել ենք Ասոցացման պայմանագրի մասը, վերջին փուլում մենք աշխատեցինք համաձայնագրի կիրառման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգի վրա, դեռեւս ճշտելու որոշ հատվածներ կան՝ կապված պայմանագրի կիրառման նախապատրաստման հետ՝ մինչեւ պայմանագրի ուժի մեջ մտնելը: Սա ամբողջ թիմի, ամբողջ կառավարության մոբիլիզացիայի արդյունք է եւ քաղաքական կամքի դրսեւորում. մենք վերցրինք բարձր տեմպ բանակցություններում եւ ցույց տվեցինք մեր պատրաստակամությունը, եւ սա գնահատվում է մեր ԵՄ գործընկերների կողմից:
Կարդացեք նաև
Դեռեւս շարունակվում են բանակցությունները ԽՀԱԱԳ-ի շուրջ, բայց դինամիկան բավական հաջող է: Մեր քաղաքական նպատակն է մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը հասնել այն փուլին, երբ մենք կհայտարարենք Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացի ավարտի մասին: Ի՞նչ է դա նշանակում: Դա բանակցությունների ամբողջ գործընթացի ավարտն է, որը կարտահայտվի համաձայնագրի նախաստորագրմամբ: Ըստ համապատասխան ընթացակարգի՝ համաձայնագրի տեքստը պետք է անցնի երկու կողմերի իրավաբանների, լեզվաբանների, թարգմանիչների փորձաքննությունը: Ընթացակարգերը պահանջում են համբերություն, որովհետեւ առավելագույնը 10 ամիս անհրաժեշտ է լինելու ընթացակարգով՝ նախաստորագրումից մինչեւ ստորագրում:
– Իսկ ի՞նչ պետք է արվի այդ ընթացքում:
– Այդ ընթացքում պետք է ԵՄ անդամ երկու տասնյակից ավելի պետությունների լեզուներով համաձայնագիրը թարգմանվի, պետք է տեքստի մաքրման երկրորդ փուլը անցնի, որից հետո ստորագրվի եւ արդեն մտնի վավերացման փուլ, այսինքն՝ ԵՄ անդամ պետությունների խորհրդարաններում պետք է վավերացվի պայմանագիրը: Միջինը երկու-երեք տարի կպահանջվի, որպեսզի պայմանագիրը փաստացի ուժի մեջ մտնի: Սակայն մենք նստած չենք սպասելու այդ ընթացքում: Հաշվի առնելով այդ ամենը՝ մենք ԵՄ մեր գործընկերների հետ աշխատում ենք ձեւավորել մի շրջանակ, որը մեզ հնարավորություն կտա սկսել աշխատել Ասոցացման համաձայնագրի դրույթների իրականացման վրա՝ մինչեւ դրա ուժի մեջ մտնելը: Դա բուն Ասոցացման օրակարգն է, որի շուրջ մենք արդեն իսկ սկսել ենք աշխատել: Այն իրենից կներկայացնի Ասոցացման համաձայնագրի դրույթների իրականացմանն ուղղված փաստաթուղթ եւ կփոխարինի Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրին: Այսինքն՝ դրանում կընդգրկվեն նոր գործողություններ, որոնք բխում են Ասոցացման պայմանագրից: Թե մենք, թե ԵՄ-ն բավական քաղաքական կամք ունենք եւ շահագրգռվածություն կա, որ որեւէ խոչընդոտ կամ դանդաղեցում չլինի գործընթացում:
– ԵՄ-ի հետ համաձայնագրի ընդունման արդյունքում բոլոր ոլորտներում չափանիշները պետք է համապատասխանեցվեն եվրոպականին՝ տնտեսության արդիականացում, մրցակցային միջավայրի ապահովում բիզնեսի ոլորտում, մենաշնորհների վերացում, այսինքն՝ պարտավորված ենք լինելու որդեգրել եվրոպական օրենսդրությունը: Սա նաեւ ենթադրում է, որ բավական ջանքեր կպահանջվեն բարեփոխումները գործարարներին, սպառողներին եւ առհասարակ հասարակությանը բացատրելու, ներկայացնելու համար, որպեսզի հստակ լինի, թե ինչ կարեւորության փաստաթղթեր է պատրաստվում Հայաստանն ընդունել, եւ տպավորություն չստեղծվի, թե դրանք այսպես ասած՝ «շարքային» համաձայնագրեր են: Պարոն Մնացականյան, համաձայնագրի ճանաչողական ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում, եւ նշեք մի քանի ոլորտներում օրինակներ, որպեսզի պատկերացում կազմենք, թե «բարեփոխումներ» ասածը, որը մեզանում ամենաշահարկված բառերից մեկն է, ավելի առարկայական լինի:
– Դուք ձեր այս հարցով առնչվեցիք մեր այսօրվա գերակայություններին, որովհետեւ մեկ տարի առաջ Ասոցացման համաձայնագրի դրույթների շուրջ հասարակության հետ աշխատանքի մասին խոսելը մի քիչ վաղ կլիներ: Ասոցացման պայմանագիրը իսկապես բավական յուրահատուկ է, որովհետեւ դա զուտ կողմերի միջեւ համագործակցության մասին չէ, այլ դրանով Հայաստանը իր վրա վերցնում է պարտավորություն՝ տարբեր ոլորտներում ներդնելու համապատասխան ԵՄ օրենսդրությունն ու պրակտիկան: Ինչո՞վ է դա անդրադառնալու մարդկանց կյանքի վրա: Բուն համաձայնագրի տեքստից զատ՝ մենք բանակցել ենք նաեւ ԵՄ հարյուրավոր օրենսդրական ակտերի (դիրեկտիվների եւ կանոնակարգերի) կիրառման ժամկետների շուրջ, այսինքն՝ այս կամ այն օրենսդրության համար որքան ժամանակահատված է պետք, որպեսզի այն ներմուծվի մեր համակարգ, ընդուզնվի եւ կիրառվի, որովհետեւ կան այնպիսիք, որոնք պահանջում են ինստիտուցիոնալ զարգացում եւ համապատասխանաբար ֆինանսական միջոցների ներդրում: Եվրոպական Միությունը իր հերթին պատրաստակամություն է հայտնում առկա ֆինանսական աջակցության գործիքներով նպաստել ՀՀ կողմից համաձայնագրի դրույթների իրականացմանը: Այդ հարյուրավոր ընթացակարգերը վերաբերելու են շատ առօրյա հարցերի, օրինակ՝ տուրիզմի բնագավառում ճամփորդական փաթեթներին, սննդի բնագավառում՝ դրա անվտանգությանը, տրանսպորտի բնագավատում՝ ճանապարհների կառուցմանն ու մեքենաների արագությունների ստանդարտներին եւ այլն, եւ այլն: Սա է Ասոցացման պայմանագրի էությունը, դա իր հետ բերելու է կոնկրետ կիրառում մարդկանց առօրյայում:
Բայց բավական դժվար է այն, ինչ պատկերացնում ես, տեսնում ես՝ հասանելի դարձնել, սա ինչ-որ առումով նաեւ մարտահրավեր է։ Օրինակ՝ երբ մենք ճամփորդում ենք Եվրոպայում, քայլում ենք փողոցներով, մեքենա ենք վարում եւ հաճախ անկախ այն բանից, թե որ եվրոպական քաղաքում ենք, նկատում ենք, որ ինչ-որ մի համակարգ է գործում, որը հուշում է ստանդարտների նմանության մասին: Մենք սա ենք ցանկանում, այսինքն՝ երկիր, որը զարգանում է ըստ որոշ նորմերի: Ասոցացման համաձայնագիրն անդրադառնում է նաեւ մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, ազատ շուկայական տնտեսությանը:
Այժմ մենք խորհրդակցում ենք երկու կարեւորագույն խնդիրների շուրջ, որոնցից մեկը Ասոցացման համաձայնագրի իրականացումն է: Օրինակ՝ սննդի անվտանգության համար համապատասխան լաբորատորիաներ են պետք՝ արդեն նոր ստանդարտներով, որոնք ԵՄ-ի կողմից ճանաչվեն, ինչի արդյունքում մեր որեւէ ապրանք կարող է մտնել ԵՄ-ի շուկա՝ առանց լրացուցիչ ծանր ընթացակարգերի, որոնք մենք հիմա անցնում ենք ապացուցելու, որ այս կամ այն ապրանքը ԵՄ-ի ստանդարտներին համապատասխան է: Նոր լաբորատորիայի տրամադրած երաշխիքն արդեն իսկ ճանաչվելու է, եւ տնտեսվարողը մտնելու է ԵՄ ներքին շուկա՝ առանց խոչընդոտների: Խորհրդարանին եւս հսկայական օրենսդրական աշխատանք է սպասվում, քանի որ այդ օրենքները մտնելու են խորհրդարան: Մեզ համար էական է հասկանալ, թե ինչ համակարգ կառուցենք՝ այս ամենը կառավարելու համար: Տարբեր երկրներ անցել են իրենց փորձը: Մենք աշխատում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, պետք է մեր յուրահատկությունները հաշվի առնենք, որպեսզի պատկերացնենք, գտնենք մեզ համար ճիշտ կառավարումը։
Հաջորդը հասարակության հետ աշխատանքն է: Ասոցացման պայմանագիրը բարեփոխում է, երկրի մոդելի զարգացում է, բայց բարեփոխումը նշանակում է նաեւ փոփոխություններ, որոնցից հասարակության որոշ հատվածներ կարող են դժգոհ լինել, բայց դրանց պետք է նորմալ վերաբերվենք, դրանք բնական երեւույթներ են: Հասարակության հետ մեր աշխատանքի համար կարեւորագույն գործընկերը քաղաքացիական հասարակությունն է: Քաղաքացիական հասարակությունը Ասոցացման պայմանագրի իրականացման գործում ուրույն դերակատարներից մեկն է:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Շարունակությունը՝ վաղվա «Առավոտ»-ում։
«Առավոտ» օրաթերթ