Գալուստ Սահակյանը՝ ԲՀԿ-ականներին աշխատանքից ազատելու, ՀԱԿ-ի «սադրիչների» եւ «Բարեւ Երեւանի» հուսահատների մասին:
«Կրքերի հասունացման շրջան է ընդամենը: Իրականության հետ ոչ մի առնչություն չունի». սա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի պատասխանն է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: «Առավոտը» երեկ Գալուստ Սահակյանի հետ զրույցում փորձում էր պատասխաններ ստանալ նախընտրական այն «նախապատրաստությունների» վերաբերյալ, որոնցով այս օրերին զբաղված է իշխող Հանրապետական կուսակցություննը: Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Արաբկիր համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Այսօր արդեն բազմաթիվ ահազանգեր կան, որ տարբեր օլիգարխ-պատգամավորների սուպերմարկետների նկուղների վրա բերել եւ գրանցել են մարզերի բնակիչներին: Քիչ առաջ Աջափնյակից ենք ահազանգ ստացել, որ ութ հազար ապարանցի բերել եւ գրանցել են Աջափնյակում, որոնք մայիսի 5-ին պիտի գնան եւ ընտրեն որպես երեւանցի: Եթե այսքան հզոր եք, այդքան ուժեղ եք, եթե կարծում եք, որ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել եք, ինչո՞ւ եք դիմում ամենախայտառակ քայլերի: Ամեն տան վրա 40-50 մարդ է գրանցված մարզերից»: Այն բոլոր ընդդիմադիրներին, ովքեր նման հայտարարություններ են անում, Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս օրենքները լավ ուսումնասիրել: Գործող օրենսդրությամբ, տվյալ վայրում ընտրելու իրավունք ունեն այն ընտրողները, ովքեր մեկ տարվա գրանցում ունեն: «Նրանք մտածում են՝ էլի համապետական ընտրություններ են. համապետականում էդ կարգը դրված չէ, համայնքայինում դրված է, այնպես որ՝ որեւէ մեկը չի կարող գրանցել, այն էլ՝ ութ հազար հոգի»,- ասաց մեր զրուցակիցը:
– Պարոն Սահակյան, մամուլում հրապարակումներ եղան, որ անձնագրային եւ վիզաների վարչության հրապարակած տվյալները՝ ընտրողների թվի վերաբերյալ, նախագահական ընտրությունների թվի համեմատ աճել են մոտ երեք հազարով: Դա ինչո՞վ կբացատրեք:
– Այսօր մամուլը տվել էր, որ Երեւանում ընտրողների թվի նվազում է տեղի ունենում: Բացի դրանից, համայնքային ընտրություններում կարող են մասնակից դառնալ նաեւ փախստականները:
Կարդացեք նաև
– ԲՀԿ ներկայացուցիչները նաեւ իրենց կուսակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների մասին են խոսում: Նախօրեին ԲՀԿ մամուլի խոսնակը հայտարարել էր, որ 160 մարդու աշխատանքից ազատել են ԲՀԿ-ական լինելու համար:
– Հանրապետականը ԲՀԿ-ականի չի ազատել աշխատանքից: Այսօր մենք ունենք բավականին բարձր վարչության պետեր, տարբեր օղակներում աշխատող ԲՀԿ-ի ներկայացուցիչներ: Այսինքն՝ այն ներկայացուցիչները, ովքեր համապատասխանում են իրենց կոչմանը, մինչեւ այսօր էլ աշխատում են: Եթե ազատելու լինեինք, ոչ թե ներքեւից կլիներ, այլ վերեւից կլիներ: Դրանք PR-ի տարբերակներ են, որ փորձում են: Ես դա, իհարկե, ամբողջովին ԲՀԿ-ին չեմ կարող վերագրել: Առանձին քաղաքական գործիչներ ուզում են զոհի պատկեր ստեղծել, որը հասարակության մեջ չի կարող ընդունելի լինել: Էդպես չի լինում. մարդ մինչեւ մեկ տարի առաջ իշխանության մեջ էր, եւ հանկարծ էդ մի տարին փոխվեց՝ հանրապետականը մոնոպոլ դարձավ, խեղճ ԲՀԿ-ականներին ճնշում են: Նման հայեցակարգ ԲՀԿ-ն չունի, պարզապես նրանք, ովքեր քարոզչության են մասնակցում… պետք է քարոզչությանը մասնակից լինել՝ հասկանալու համար, թե ինչքան կարող են ցանկությունները կրքերի վերածվել, եւ այդ կրքերի հետեւանքն արդեն անհեթեթ խոսակցությունների տեղիք տա:
– Վարչապետի վերանշանակումից առաջ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել էին: Դուք տեղյա՞կ եք՝ ի՞նչ պայմանավորվածություն են ձեռք բերել:
– Վարչապետի նշանակման համար որեւէ մեկի հետ համաձայնություն չի կայացել: Ծառուկյանը անվտանգության խորհրդի անդամ է, երբ էլ ցանկանա՝ կհանդիպի: Իսկ վարչապետի նշանակման հարցում որոշողը Սերժ Սարգսյանն է՝ ՀՀԿ-ի հետ միասին:
– Պարոն Սահակյան, ինչո՞ւ է ՀՀԿ-ն վարչական ռեսուրս կիրառում Երեւանի ավագանու ընտրություններում: Օրինակ՝ մարզպետները Երեւանում հանդիպումներ են ունենում իրենց մարզի բնակիչների՝ երեւանցի բարեկամների հետ եւ «հորդորում» են ՀՀԿ-ին ընտրել: Մարզային չինովնիկներն իրենց ենթականերից երեւանաբնակ բարեկամների անձնագրային տվյալներ են պահանջում եւ այլն:
– Մի քիչ ընդգծված եք ասում, բայց ՀՀԿ անդամները կարող են մարզպետ լինել, գյուղապետ լինել, եւ չեմ կարծում, որ ընտրությունների շրջանում նրանք օտարվում են հասարակությունից: Բնական է, կուսակցության անդամներ են, պիտի շահագրգիռ լինեն, որպեսզի կուսակցությունն արդյունավետ հանդես գա:
Իսկ վարչական լծակ ասելն ի՞նչ է: Մարզպետը բնակիչներին ասում է՝ ձեզ գազ չեմ տա, լույս չե՞մ տա: Էդ ի՞նչ ռեսուրսի հարց է:
– Անձնագրային տվյալներն ինչի՞ համար են հավաքվում:
– Դրանք բոլորը հերյուրանքներ են: Բայց որ պիտի մտածեն եւ աջակցեն, որ իրենց կուսակցությունն արդյունքներ ունենա՝ էդպես էլ պիտի լինի: Մեզ մոտ չհասկացան, որ եթե քաղաքականության մեջ ցանկանում ես որոշակի դիրքեր ապահովել, պետք է սկսես համայնքներից: Մարդիկ լայաղ չեն անում գյուղապետի թեկնածու դնել, մտածում են վերեւից սկսել: Ամբողջ Եվրոպայում համայնքների հաղթանակին հաջորդում են քաղաքական թիմի հետագա հաղթանակները: Էստեղ ուզում են վերեւից հաղթել, թե հետո ո՞նց են ներքեւ իջնելու՝ դա էլ հարց է:
– Քարոզարշավի վերջին շաբաթը կարծես լարվածություն առաջացավ: ՀԱԿ-ի պաստառ փակցնողների նկատմամբ բռնություններ եղան, լրագրողի…
– Խոսքը Աջափնյակի մասին է, ես լավ տեղյակ եմ: Անչափահաս երեխաներին ծեծել էին, ջարդուխուրդ էին արել, բնակիչներն էլ հարձակվել էին իրենց վրա: Մտածում են, որ ընդդիմություն են՝ հոխորտալով, անպատիվ, անբարո, անբարեկիրթ շարժուձեւերով գրգռում են հասարակությանը, որպեսզի քերծվածք ստանան, ասեն՝ մենք այնպիսի խոշոր ընդդիմություն ենք, եւ մեզանից բոլորը վախենում են: Ինտրիգ են ուզում սարքել: Մենք ամենաշատն ենք շահագրգռված, որ ինտրիգներ չլինեն, որովհետեւ ուզենք, թե ոչ, ընտրությունների արդյունավետությունը եթե վատ է, պատասխանատվությունն իշխանության վրա են դնում: Իսկ եթե լավ է, փորձում են մեզ չվերագրել:
– Ըստ Ձեզ՝ ՀԱԿ-ում սադրիչներ են. «Բարեւ Երեւան» դաշինքում է՞լ են սադրիչներ: Նրանց քարոզարշավն էլ է խոչընդոտներով ընթանում:
– Մարդը երբ հուսահատված է լինում, ցանկացած տարօրինակ գործողություն կարող է կատարել: Իմ սոցիոլոգիան հետեւյալն է՝ ինչքան ինտրիգներ են անում եւ հայհոյանքի թեման բարձրացնում են, ուրեմն այնքան արդյունավետ է մեր քարոզչության ընթացքը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ