Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ծանրամարտի հաջողակներն ու ձախողակները

Մայիս 01,2013 12:47

Ծանրամարտում կա «երեք մոտեցում» հասկացությունը՝ պոկում և հրում վարժություններում։ Դեմոկրատիան նախագահի ընտրությունների ժամանակ սահմանել է «երկու մոտեցում» գործող նախագահի համար և անսահման մոտեցում ամենածանրակշիռ ընդդիմադիրի համար։ Իսրայելում, Ֆրանսիայում և 60-70-ականների ԱՄՆ-ում տարբեր քաղաքական գործիչներ բազմիցս մոտեցել են երկրի առաջնորդի «ծանրաձողին»։ Ձախողակը միշտ չէ, որ ձախողվել է մինչև վերջ, իսկ հաջողակը միշտ չէ, որ հաջողել է նաև երկրորդ «մոտեցման» ժամանակ։

Հայաստանում մոտեցման ի՞նչ հնարավորություններ է ունեցել իշխանությունը և ընդդիմությունը քաղաքական ծանրամարտում։ Միանգամից ասենք, մեր մոտ իշխանությունը երբեք չի ձախողել, իսկ ընդդիմությունը երբեք չի հաջողել։ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին հնարավորությունը (պաշտոնավարման առաջին ժամկետը) ազատ մամուլն ու Ղարաբաղի ազատագրումն էր հարակից տարածքներով։

Ազատագրելուց հետո առաջին նախագահը պատերազմ հայտարարեց Դաշնակցությանն ու ընդդիմադիր մամուլին, որը, այնուամենայնիվ, կուսակցական էր։ Այդպիսով «վաստակեց» 1996թ. ընտրությունները։ Նրա երկրորդ հնարավորությունը (պաշտոնավարման երկրորդ ժամկետը) ժողովրդի հիշողության մեջ մնաց «Սերգո ջան»-ով և «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով։ Նրան ընդդիմադիր էր Վազգեն Մանուկյանը։ Վերջինս ունեցավ մեկ հնարավորություն՝ ժողովրդին տարավ ԱԺ ու ծլկեց։ Առաջնորդ լինելու նրա հնարավորությունն ավարտվեց երեք օրում։

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման առաջին հնարավորությունը դրսևորվեց Ա1+-ի եթերազրկումով։ Ուստի առանց մեծ ջանքերի նա «վաստակեց» իր «1996-ը»։ Նրա առաջին ընդդիմադիրը Կարեն Դեմիրճյանն էր, որը ընտրություններից հետո ոչինչ չվիճարկեց։ Մեկ տարի հետո Վազգեն Սարգսյանի օգնությամբ դարձավ իշխանության երկրորդ դեմքը։ Միակ ընդդիմադիրն էր, որը իշխանության հասավ ի հեճուկս այդ ժամանակ գործող նախագահի։ 1999թ. հոկտեմբերի 27-ն «ամեն ինչ դրեց իր տեղը»։ 2003թ. երկրորդ հնարավորությունն ստանալուց հետո Ռոբերտ Քոչարյանը շրջանառության մեջ դրեց հանրային շահն ու պետական կարիքները… Նրա պաշտոնավարման երկրորդ շրջանն աչքի ընկավ տնտեսական աճով, որն ընդունեցին նաև ընդդիմադիրները: Մենաշնորհները բյուրեղացան, օլիգարխիան ավարտուն տեսք ընդունեց։ Երկրորդ հնարավորությունն ավարտվեց մարտի 1-ով։ Նրա երկրորդ ընտրության մրցակիցը Ստեփան Դեմիրճյանն էր։ Մարդ էր, որը ժողովրդին հեղափոխություն չխոստացավ, ուստի նահանջեց։

Ժողովրդին վճռական մարդ էր պետք։ Այդ մարդուն տեսան մոտ տասը տարի քաղաքականությունից հեռացած առաջին նախագահի մեջ։ 2008թ. նա մրցակցում էր Սերժ Սարգսյանի հետ։ Վերջինս էլ դարձավ նախագահ։ Երեքից միակն է, որը շահած է դուրս եկել պետական նշանակության երկու հանցագործություններից, թեպետ պետք է պատասխան տար երկուսի համար էլ, հոկտեմբերի 27-ի համար՝ ի պաշտոնե, մարտի 1-ի համար՝ առնվազն բարոյական մակարդակով, քանի որ 10 հոգի գնդակահարվեց հենց նրա համար։ Նրա պաշտոնավարման առաջին հնարավորությունը համարվում է անկախ Հայաստանից արտագաղթի պատմության «ոսկյա ժամանակաշրջան», մարդիկ հեռանում էին, երբ պատերազմ չկար։ Կոռուպցիան ու հովանավորչությունը, մարդկանց հետապնդելը և բանտարկելը դարձան առօրյայի կենսաբանական մաս, օլիգարխիան դարձավ ավելի ազդեցիկ, հեռուստատեսությունը ինչպես երբեք՝ վերահսկելի։ Մարդ է, որը բոլորին ժպտում է՝ սեփական ժողովրդից բացի։ Տարածության բերումով ավելի հասանելի է Հռոմի պապին կամ Արգենտինայի նախագահին, քան հենց նախագահականի դիմաց ամեն օր բողոքի ցույցեր հայտարարող մարդկանց։ Քաղբանտարկյալների «ինստիտուտի» կնքահայրն է, ՀՀԿ-ական աննախադեպ «բեսպրեդելի» բարձր հովանավորը։ Իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում այդպես էլ կես բառ չփոխանակեց լրագրողների հետ (2013թ. նախընտրական շրջանում լրագրողներին ասված բոցերը հաշիվ չեն, նա գին էր քցում, հիմա կրկին լռողի իր ամպլուայի մեջ է)։ Ահա այս բեռով նա գնաց 2013թ. փետրվարի 18։

«Հաղթեց» շռնդալից. «Աստծո» հաջողությամբ նրա մրցակիցը մի մարդ էր, որին այս ընտրություններում պետք էր ամեն ինչ, նույնիսկ իշխանություն, բայց ոչ հաղթանակ։ Այդպես էլ քաղաքական կես նախադասություն չհնչեց Րաֆֆի Հովհաննիսյանի բերանից նախընտրական և հետընտրական ամբողջ շրջանում՝ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի։ Վերջինս 2008թ. ընդդիմադիր պայքարի մեջ մտավ զուտ քաղաքական խոսքով։ Հայաստանի պատմության ամենատևական ընդդիմադիր գործիչն է, քաղաքական շատ իրողություններ ավելի շուտ նրա շուրջ են տեղի ունենում, քան գործող նախագահի։ Նրա քաղաքական մեկ միտքը ցնցում է քաղաքական դաշտը։ Դրան հնարավոր է հակադարձել միայն հայրենասիրությամբ, որը բովանդակազուրկ է։ Հակառակ այս ամենի՝ 2013թ. թեկնածու լինելու համար իրենից ոչինչ չէր ներկայացնում։ Տարիքն այն չէր։ Բացարձակապես ոչ կոմպրոմիսային բնավորությամբ բյուրեղացրել է ամբողջ քաղաքական դաշտը՝ եթե իշխանության չես, ընդդիմադիր ես, իր դափնիները Տեր-Պետրոսյանը պատրաստ էր կիսել, ավելին՝ ամբողջությամբ զիջել քաղաքական պայքարի մարտադաշտ աղոթքի ելած Րաֆֆի Հովհաննիսյանին։ Վերջինս չհասկացավ։ Եվ որոշեց ձևավորել իր ընդդիմությունը՝ «պանիր հացի վրա» և Սյունիքում ասված «Լիսկան պետք է հրաժարական տա» կարգախոսներով։ Սերժ Սարգսյանը երկրորդ հնարավորության է գնում ոստիկանապետության «ոսկյա» կանոններով։ Ժողովուրդն այլևս, ինչպես 1994-97 թթ., հաշիվ չէ։ Իսկ տնտեսության նկատմամբ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը անկախ Հայաստանի տնտեսության միակ գերեզմանափոր Տիգրան Սարգսյանի վերանշանակումն էր։

Մհեր Արշակյան

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031