ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ` Գ.Մելիք-Սարգսյան, Կ.Ղազարյան, Հ.Տեր-Ադամյան) ապրիլի 30-ին անփոփոխ թողեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 7-ի արդարացման դատավճիռը:
«Գրիգորյանների Մոժ» ՍՊ ընկերության տնօրեն Արա Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ըստ գործի նյութերի, 2011 թ. ապրիլի 22-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժնի հետաքննիչ Ա.Գեւորգյանը «Գրիգորյանների Մոժ» ՍՊԸ տնօրեն Արա Գրիգորյանի կողմից առանց համապատասխան լիցենզիայի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Սեպտեմբերի 23-ին Արա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց էր ընտրվել «ստորագրություն չհեռանալու մասին», իսկ 2012 թ. հունիսի 15-ին Արա Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է եւ նրան կրկին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
«Գրիգորյանների Մոժ» ՍՊ ընկերության տնօրենը ըստ նախաքննության մարմնի կատարել էր ապօրինի ձեռնարկատիրություն, այն է, առանց հատուկ թույլտվության՝ լիցենզիայի 24.03.2009թ-ից մինչեւ 23.12.2010թ. Գյումրիի Մանուշյան-2 հասցեում գրանցված, սեփականության իրավունքով «Գրիգորյանների Մոժ» ՍՊ ընկերությանը պատկանող շինությունում իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ առեւտրի իրականացման վայրի տեսակներ համարվող սպառողական ապրանքների շուկային եւ առեւտրի կենտրոնին բնորոշող հատկանիշներ պարունակող առեւտրի իրականացման վայրի կազմակերպում՝ զուգորդված պետությանն առանձնապես խոշոր չափի՝ 5.006.600 ՀՀ դրամ գումարի վնաս պատճառելով, այդ թվում հաստատագրված վճարի գծով՝ 4.506.600 ՀՀ դրամ, պետական տուրքի գծով՝ 500.000 ՀՀ դրամ:
Թե ընդհանուր իրավասության դատարանը, թե վերաքննիչը գտել էին, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի մեղքը ապացուցված լինելու համար պետք էր պարզել, թե արդյոք «Գրիգորյանների Մոժ» ՍՊԸ կողմից տարածքը տարբեր իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի վարձակալությամբ հանձնելը կարո՞ղ է համարվել առեւտրի իրականացման վայրի կազմակերպում, թե՞ ոչ, ինչն ի դեպ,սահմանված է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ եւ 5-րդ հոդվածների համապատասխան մասերով, մասնավորապես, թե որոնք են առեւտրի իրականացման վայրի տեսակները ՝ առեւտրի կենտրոնները, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի եւ կենդանիների շուկաները եւ ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:
«Ըստ դատակոչված վկաների, Ա.Գրիգորյանը վարձակալությամբ տրված տարածքների վերաբերյալ որեւէ կազմակերպչական գործողություն չի իրականացրել, կազմակերպչական բնույթի որեւէ գործողություն իրականացնելու մասին ցուցմունք չի տվել նաեւ որպես վկա դատարանում հարցաքննված ՀՀ ԿԱ ՊԵԿ ՕՀՎ 22-րդ բաժնի ավագ օպեր լիազոր, «Գրիգորյանների Մոժ» ՍՊ ընկերությունում վերստուգում իրականացրած եւ ակտը կազմած Վարդգես Ստեփանյանը» ,- ասաց Ա.Գրիգորյանի պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Քրեական գործերով վերաքննիչ դատարանը ձեռքբերված ապացույցների վերջնական գնահատմամբ հանգեց այն հետեւության,որ քրեական գործի նյութերում բացակայում է Ա.Գրիգորյանի կողմից տարածքները վարձակալությամբ տրամադրելու գործունեությունը առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն որակելու եւ Ա.Գրիգորյանին այդպիսի գործունեւոթյան կազմակերպիչ դիտելու իրավական եւ փաստական հիմքերը: Արա Գրիգորյանը ճանաչվեց անմեղ եւ արդարացվեց՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Անփոփոխ թողնվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ