«ԵԽԽՎ-ն քաղաքական մարմին է և հետապնդում է քաղաքական շահ և այն պետությունների շահերը, որոնք այնտեղ ունեն ավելի մեծ ազդեցություն»,-այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը ի պատասխան Aravot.am-ի հարցին՝ արդյոք ԵԽԽՎ-ում տարածված հայոց ցեղասպանության վերաբերյալ բանավոր հայտարարությունն ի՞նչ կշիռ ունի այսպիսի հայտարարության արեց ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:
Տիկին Փոստանջյանն անդրադարձավ ԵԽԽՎ-ում քննարկված այն զեկույցներին, որոնք վերաբերում էին Թուրքիայում կատարված մոնիթորինգային գործընթացին, Հայոց ցեղասպանության մասին բանավոր հայտարարությանը և ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցին:
Շարունակելով վերոնշյալ բանավոր հայտարարության վերաբերյալ միտքը՝ Զ. Փոստանջյանն ասաց. «Այս փաստը պարտադիր պիտի հնչեր, քանի որ եթե մենք այսպիսի փաստ չդնեինք շրջանառության մեջ, ոչ ոք դա չէր անի: Իմ ելույթում էլ նշեցի, որ ԵԽԽՎ-ն ունի երկակի ստանդարտներ: Երբ մուտք ես գործում այս շենքն ու պալատը, տեսնում ես, որ Հոլոքոսթի զոհերի հիշատակին հուշարձան կա: Բայց այդպիսի հուշարձան չկա Հայոց ցեղասպանության զոհերի և Օսմանյան կայսրությունում զոհված քրիստոնյաների հիշատակի համար: Մինչդեռ Թուրքիան նույնպես անդամ պետություն է, և չպետք է կիրառվեն այսպիսի երկակի ստանդարտներ: Ինչ վերաբերում է փաստաթղթին, ապա դրանք կոչվում են փափուկ փաստաթղթեր»:
ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը շահարկեց այն փաստը, թե ինչպես ՀՀ ռեժիմը հաջորդ տարի պիտի գլխավորի ԵԽԽՎ Նախարարների խորհուրդը, իսկ Զ. Փոստանջյանի ու նրա գնահատականը ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցի մասին համընկնում էին: Ուստի Aravot.am-ը տիկին Փոստանջյանից հետաքրքրվեց՝ արդյոք իր այդպիսի ելույթներով նա մեր հակառակորդների ջրաղացին «ջուր չի՞ լցնում»: Նա պատասխանեց. «Ադրբեջանի նման ավտորիտար երկիրը ևս ունի հնարավորություն նախագահել նախարարների կոմիտեն, ինչպես նախարարների կոմիտեն նախագահում էր նաև Թուրքիան, որը բացարձակ ժողովրդավար երկիր չէ: Հետևաբար այդ հայտարարությունները բացահայտ քաղաքական նպատակ են հետապնդում»:
Կարդացեք նաև
Զ.Փոստանջյանը Վեհաժողովին առաջարկել էր մի հուշարձան տեղադրել նաև Հայոց ցեղասպանության և Օսմանյան կայսրությունում այլազգի զոհերի հիշատակին: Հետաքրքրվեցինք՝ առաջարկն ինչպե՞ ս է ընդունվել: Նա պատասխանեց. «Դա արարողակարգային խնդիր է, և նախապես պիտի համաձայնեցնել ՀՀ դեսպանատան հետ: Ուստի մեզ անգամ թույլ չտվեցին ծաղիկներ դնել հուշարձանին, ինչը մենք արեցինք երեկոյան կազմակերպված միջոցառման ժամանակ՝ նվիրված Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների զոհերի հիշատակին»:
Զ. Փոստանջյանը նշեց, որ ինչպես իր, այդպես էլ եվրոպացի գործընկերների աչքին «ՀՀ-ն խորհրդային փլատակների վրա ստեղծված մի պետական միավոր է», իսկ «բուժման դեղատոմսը մեր մեջ է»:
Տիկին Փոստանջյանը, խոսելով ներքաղաքական խնդիրների մասին՝ նշեց, որ եթե ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ մյուս բոլոր ուժերն էլ մասնակցեին, ապա ընտրություններն այս աստիճան չէին կեղծվի: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ տիկին Փոստանջյանը համակարծի՞ք է այն դիտարկումներին,թե ընդդիմադիր մյուս ուժերի մասնակցության պարագայում Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգությունը» պետք է ապացուցի իր՝ նախագահական ընտրությունների ցուցանիշը: Զ. Փոստանջյանը նկատեց. «Բարև Երևան»-ը տարբեր կուսակցություններից, բազմաթիվ երևանցիներից կազմված դաշինք է: Ուստի այն կապացուցի, որ ինքն ունի իր դերակատարությունը քաղաքական կյանքում: ՀՀԿ-ն է մեր միակ մրցակիցը իր կեղծարարությամբ: Մենք մրցավազքի ենք դուրս եկել դոպինգ օգտագործած ուժի՝ ՀՀԿ-ի հետ, որին պիտի դուրս մղել գործընթացից ու հանրային կյանքից: Այս կուսակցությունը շուտով պիտի դառնա փոքրամասնություն»:
ԲՀԿ-ի ընդդիամադիր լինելու մասին էլ նշեց. «Ոչ թե հայտարարությամբ, այլ գործելաոճով են դառնում ընդդիմադիր: Իրենք իրենց հայտարարել են այլընտրանք, իսկ ընդդիմադիր լինելու համար օրենքով սահմանված կարգով պիտի հայտարարեն: Սակայն նման հայտարարություն չկա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ