Երեւանի ավագանու ընտրություններով կավարտվի ընտրական մեկամյա փուլը, որը չի կարելի սովորական համարել, ոչ էլ՝ անիմաստ: Խորհրդարանական, նախագահական, մի քանի օրից էլ Երեւանի ավագանու ընտրությունները լուրջ առիթներ էին մտորելու Հայաստանի ապագայի մասին, թե իշխանության, թե քաղաքական ուժերի եւ թե հասարակության համար:
Այս ընտրություններից յուրաքանչյուրը «մեկ քայլ առաջ էին» նախորդների համեմատ եւ այս տիպի ստանդարտ ու ոչինչ չասող հայտարարություններով մխիթարվելը բացառում է մեր երկրում իրական զարգացման հեռանկարները, որովհետեւ ինչ էլ հայտարարեն իշխանությունները՝ փաստն այն է, որ Հայաստանը լքողների թիվն իսկապես մտահոգիչ է, եւ այս տեմպերով դրա շարունակումը, թերեւս, արդեն ազգային անվտանգությանը լուրջ սպառնալիք կարող է հանդիսանալ:
Հայաստանի իշխանությունները, ի դեմս Սերժ Սարգսյանի մեկ անելիք ունեն՝ Հայաստանի զարգացման հեռանկարների եւ ՀՀ քաղաքացիների՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար օր ու գիշեր աշխատելու: Սերժ Սարգսյանի փորձառությո՞ւնն էր, «ճշգրիտ հաշվարկելու» նրա ունակությո՞ւնն էր, թե՞ քաղաքական ուժերի խելամտությունը, որ ընտրություններից երկուսը անցան անցնցում, (վերջինն էլ, թերեւս առանց անկնկալների կընթանա), դա ամենեւին էլ առիթ չի ոգեւորվելու եւ կոսմետիկ ինչ-ինչ աննշան շտկումներով Հայաստանի զարգացման ընթացքը թողնելու ինքնահոսի:
Իրականում անցնցում ընտրությունները կարող են ամենածանրը լինել Սերժ Սարգսյանի իշխանության համար, որովհետեւ իշխանություն պահելուց առավել կարեւոր է թերեւս հարցը, թե հանուն ինչի ես պահում այդ իշխանությունը: 1991-ից ի վեր նորանկախ Հայաստանը անցել է ամենածանր օրերը, բայց այդ բարդությունները հաղթահարելու կամքը մեր հասարակությունը ցույց է տվել պատերազմի դաժան տարիներին՝ չլքելով հայրենիքը: Այսօր, 21-րդ դարում, երբ աշխարհը օրերի ու ժամերի ընթացքում է զարգացում ապրում, ՀՀ քաղաքացին իր ապագան այս երկրի սահմաններից դուրս է փնտրում: Սա ամենացավոտ ապտակն է վստահաբար գործող իշխանությանը, եւ ոչ միայն իշխանությանը՝ նաեւ ողջ քաղաքական դաշտին:
Կարդացեք նաև
ՀԱԿ հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն, օրինակ, ընդգծեց, որ Սերժ Սարգսյանն այսօր ավելի թույլ է, եւ կանխատեսեց, որ օր օրի ավելի է թուլանալու, դրա պատճառներ մատնանշելով հետեւյալ գործոնները․ «Դրա նշաններն են`նախորդ հնգամյակում կուտակված ձախողումների անթաքուցանելի բեռը, ռեժիմի եւ անձամբ Սարգսյանի դեմ անընդհատ խորացող համաժողովրդական ատելությունը, երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների բարդացումը, իշխանական ճամբարում սկիզբ առած եւ ծավալման միտումներ դրսեւորող գզվռտոցը, ինչպես նաեւ ժառանգորդի թեկնածության շուրջ ծագելիք անխուսափելի հակամարտությունը», – նշեց Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, «Ուստի եթե դեռ կան մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի «վերընտրություն» կոչվածը հաղթանակ են համարում, ապա շուտով կհասկանան, որ դա ընդամենը պյուռոսյան հաղթանակ է, այն էլ` տարած ոչ թե հակառակորդի, այլ սեփական ժողովրդի նկատմամբ»։
Իշխանությունը հասարակական վստահությունը վերականգնելու մի ճանապարհ ունի՝ իրական քայլեր իրականացնելով նպաստելու հասարակության կենսամակարդակի բարձրացմանը: Սերժ Սարգսյանի իշխանությունը առաջիկա շաբաթներից ու ամիսներից սկսած կարող է ապացուցել, որ ունի այդ ձգտումը: Որոշումներ կայացնողն ու իրականացնողը՝ իշխանությունն է, անկախ այն հանգամանքից, թե Ազատության հրապարակում 1000, թե՞ 50 000 մարդ է հավաքվել ընդդիմադիր ուժի հրավիրած հանրահավաքին:
Թե արտաքին քաղաքական, թե ներքաղական առումով Սերժ Սարգսյանի իշխանության համար գործելու համար նպաստավոր պայմաններ իսկապես կան: Հայաստանի հարեւաններից երկուսը իրենց ոչ կառուցողական քայլերով ստեղծել են մի իրավիճակ, որ Հայաստանը կարող է տարածաշրջանում իր ազդեցության ամրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել եւ հասնել հաջողությունների եւ այդ իրավիճակից պետք է օգտվել:
Ներքաղաքական դաշտում նույնպես՝ քաղաքական կամքի առկայության պայմաններում ինչը՞ կարող է իշխանությանը խանգարել կոնկրետ քայլեր իրականացնել․․․ Թերեւս միայն քաղաքական կամքի բացակայությունն ու պետության եւ նրա քաղաքացիների նկատմամբ չպատճառաբանված արհամարհանքը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Զարմանալի է որ մարդիկ դեռ հույս են կապում ներկա իշխանությունների հետ: Ներկա իշխանությունները Էլ ո՞նց ապացուցեն որ իրենց չեն հետաքրքրում ոչ ժողովրդի վիճակը, ոչ էլ առավել ևս նրա կարծիքը: Նրանց միակ ձգտումը իրենց հարստությունը շատացնելն է ժողովրդի հաշվին:
Շատ ճիշտ ես Արմինե..Ներկա իշխանությունները Էլ ո՞նց ապացուցեն ; մնում ա գնդակահարեն որ հավատան..
Ահա խնդրեմ, Հայկ ջան, պատասխանը չուշացավ:
Գնդակահարմա՞նն էինք սպասում, դրան էլ մեզ արժանացրին մեր իշխանությունները: Երևանի քաղաքաքապետի բռնի և զավեշական ընտրություններով նրանք մեր ժողովրդին հոգեպես ու բարոյապես բռնաբարեցին ու վերջնականապես գնդակահարեցին:
Հիմա է՞լ հավատանք որ ներկա բռնատիրական իշխանությունը որևէ առաքինի արարքի ընդունակ է:
Գավառական մտածելակերպով երկրի ղեկավարը,՝ երկիրը կարող է միայն գավառի վերածել: