Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կուսակցությունները կամ պետք է փոխվեն, կամ անհետանան

Մայիս 01,2013 11:10

Մի բանում համաձայն ենք մեր սոցիոլոգների հետ` ավագանու ընտրություններում խախտվելու է ստերեոտիպը եւ ոչ թե նվազ մասնակցություն է գրանցվելու, ինչպես սովորաբար է եղել, այլ, հակառակը, երեւանցիների աննախադեպ մասնակցություն կարող է գրանցվել: Պատճառները մի քանիսն են: Նախ` բնավ երկրորդական տեղում չի լինելու օրվա շահը, ընդ որում` բաժանվող փողի չափն այս անգամ, ըստ լուրերի, բավական բարձր է: Արդեն իսկ բոլորը գիտեն տարբեր վճարունակ կուսակցությունների պատրաստած «սեփական» ընտրողով ցուցակների մասին, խոստացվում է կամ արդեն իսկ տրվում է փող, սուպերմարկետների ժամկետանց ապրանքներից, անգամ ձու, անվճար բուժօգնություն, անվճար տրանսպորտ եւ այլն, համենայն դեպս` օդում առկա են այդպիսի խոսակցություններ, ու քվեն փոխանակվում է ինչով ասես` բնամթերքով, ծաղիկներով, շապիկ-գլխարկով, ծառայությամբ կամ պարզապես հովանավորությամբ: Այս առումով մարդկային երեւակայությունը սահման չի ճանաչում` մեկ քվե անգամ ավելի տանելու համար:

Մյուս պատճառն այն է, որ հայ ընտրողների մի զգալի մաս` իշխանությունից դժգոհները, նախագահական ընտրություններին ձեռնունայն մնալով, կարող են որոշել դաս տալ պարզապես իշխանություններին ու գնալ ընտրել ում ասես, բացի իշխող ուժից, ի դեպ` մինչեւ ընտրությունն ու դրանից հետո էլ գաղտնի պահելով, թե ո՞ւմ են ընտրել: Չէ, մենք առանձնապես չենք հավատում, որ ընդդիմադիր ինչ-որ ուժ մեծ տոկոս է հավաքելու: Ավելի շուտՙ ընտրությանը մասնակցող ոչ իշխանական ուժերին տված ձայներով փոշիանալու են ընտրողների ձայները, միգուցե նրանցից մեկ-երկու ուժ ընդհանրապես ավագանի չանցնի, ու ոչ իշխանական ուժերի ընդհանուր տոկոսը բարձր չլինի, սակայն այս դեպքում, երբ ընտրողների ձայները փոշիացած լինեն, տուժելու է նաեւ իշխող Հանրապետականը, որի տոկոսները նույնպես իր սպասածից քիչ կարող են լինել: Սա կլինի ընտրողի վրեժը բոլորից, եւ ընտրությունների հին տեսակի վերջին ակորդը, քանի որ ոչ ոք, կարծում ենք, չի կասկածում, որ հինգ տարի հետո բոլորովին ուրիշ Հայաստան ենք ունենալու մտայնության առումով. ավագ սերնդի ընտրողների մի մասը, կներեք, բայց բնականոն ճանապարհով հեռանալու է ասպարեզից, ավելանալու է լրիվ նոր, պրագմատիկ եւ փոփոխությունն արյան մեջ կրող նոր ընտրողը: Իսկ այսօր առկա կուսակցությունները, իրենց գոյությունը պահպանելու համար, իրենք եւս կարդինալ փոփոխությունների պետք է ենթարկվեն կամ էլ անհետանան, քանի որ արդեն այժմ նրանց մեծ մասը հնացել է ու չի հասնում ընտրողի պահանջի հետեւից: Ինքներդ դատեք` եթե կուսակցությունները նրա համար են, որ մեր կյանքը փոխելու գեներատոր դառնան, ապա Հայաստանի կուսակցությունները նրա համար են, որ իրենք իրենց պահպանեն` ոչինչ չփոխելով կամ փոխել չկարողանալով Հայաստանում (ընդդիմություն), ու անգամ առկա իրավիճակից գոհ լինելով, ինչպես որ ՀՀԿ-ն է հիմնականում` փորձելով պահպանել ստատուս քվոն:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031