Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն իր փեսային ուղարկել է «պատվավոր աքսորի», թե՞…

Մայիս 01,2013 11:04

Հատկապես  վերընտրությունից  հետո Սերժ Սարգսյանին սկսեցին քննադատել կադրային լուրջ փոփոխություններ կատարելու անկարողության համար։ Սակայն իրականում նախագահական ընտրություններից հետո Ս. Սարգսյանը կատարել է առնվազն մեկ էական կադրային փոփոխություն, իր փեսային՝ Միքայել Մինասյանին, նշանակել է Վատիկանում դեսպան։ Կարծում ենք, Հայաստանում քիչ մարդիկ կան, ովքեր տեղեկացված չեն Մինասյանի ունեցած լրջագույն ազդեցության մասին ինչպես Ս. Սարգսյանի կայացրած որոշումների, այնպես էլ երկրի մեդիադաշտի վրա։ Հետեւաբար՝ նման կարեւորության ֆիգուրին երկրից դուրս դեսպան ուղարկելը չէր կարող չունենալ լուրջ դրդապատճառներ։ Թե ինչպիսիք են դրանք իրականում՝ ցույց կտա ժամանակը։

Այս պահին, սակայն, շրջանառվում է երկու տարբերակ, որոնցից առաջինի համաձայն՝ Ս. Սարգսյանն իր փեսային ուղարկել է «պատվավոր աքսորի», քանի որ նախագահական ընտրություններում Մինասյանի տրամադրած սոցհարցումների ու խոստումների վրա հենվելով՝ Ս. Սարգսյանը իրեն չափից ավելի հանգիստ էր զգացել եւ անգամ հրահանգել էր ՀՀԿ-ականներին ընտրություններին մասնակից չդարձնել թաղային հեղինակություններին եւ շատ ընտրակաշառք չբաժանել։ Սակայն ինչպես տեսանք, նա մի կերպ կարողացավ վերարտադրվել։

Բացի այդ, Ս. Սարգսյանին վրդովվեցրել է այն, որ հետընտրական շրջանում, երբ հանրային ատելության սլաքն ուղղված էր իր դեմ, Միքայել Մինասյանի «դաբրոյով» պատգամավորական մանդատներ ստացած «օսլայած մազերով» ջահելներից որեւէ մեկը հրապարակավ չպաշտպանեց իրեն։ Ս. Սարգսյանն անգամ իր դժգոհությունը հրապարակավ հայտնել է ՀՀԿ ԳՄ նիստերից մեկի ընթացքում՝ Սամվել Ֆարմանյանին կշտամբելով, թե մանդատները նվեր ստացած որոշ ջահելների թվում է՝ իրենք «սանատորիա են եկել»։ Դրա հաջորդ օրն իսկ Ֆարմանյանը շտապեց հարցազրույց տալ եւ գովերգել Ս. Սարգսյանին։

Մինասյանից հիսաթափված լինելու տարբերակի օգտին է խոսում նաեւ այն դեմարշը, որը վերջին օրերին սկսվել է նրա թիմի կարկառուն անդամների դեմ. աշխատանքից ազատվեց «Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանը, սկանդալային պատմություններ սկսեցին զարգանալ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի շուրջ, նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Մինասյանի մերձավորներից ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի անունն է կապվում պետական բյուջեից 500 միլիոն դրամի հասնող գրանտակերության պատմության հետ։

Սակայն քաղաքական զարգացումներին առավել ուշադիր հետեւողներն այս ամենի հետեւում հակված են տեսնել այլ՝ շատ ավելի խորքային սցենար, ըստ որի՝ Մինասյանը ժամանակավորապես՝ հեռացվել է ՀՀ քաղաքական թատերաբեմից, որպեսզի նրա նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը մեղմվի, եւ նա 2018-ի նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ վերադառնա՝ արդեն մաքրված իմիջով:

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031