Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշե Պետրոսյան. «Հիսուս Քրիստոսն էլ մտնի ավագանի, միեւնույն է՝ ոչինչ չի կարող անել»

Մայիս 01,2013 10:42

Հատված «Արձագանք» խմբի հիմնադիր, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ հարցազրույցից:

– Պարոն Պետրոսյան, մի քանի օրից Երեւանի ավագանու ընտրություններն են, ներկայացված են 6 կուսակցություն եւ մեկ դաշինք, որոնցից յուրաքանչյուրը պատրաստվում է փոխել Երեւանը։ Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին։

– Ես եկել եմ այն համոզման, որ արդյունքում ոչ մի կուսակցություն ժողովրդի մասին չի մտածում, դառնում է միմիայն անձնական, նեղ կուսակցական շրջապատի շահերին սպասարկող կառույց։

Ուզում եք ասել՝ ինչքան փորձում են համոզել, որ հանուն ժողովրդի են գործում, այնքան հակառակում ես համոզվում։

– Վստահում եմ անհատներին։ Արդեն կուսակցություններին սկսել եմ ահավոր չվստահել եւ չհավատալ։

Բայց կուսակցություններից յուրաքանչյուրի կարգախոսը կարծես մի փրկության կոչ ու արշավ լինի։

– Պրակտիկան ցույց է տալիս, որ ով գալիս է՝ իշխում քաղաքին, հերթական անգամ այն ավիրում ու անճաշակություններ է ավելացնում։ Քաղաքի այգիները դարձան բետոն։ Այգում զբոսնողները՝ հաճախորդ։ Այս ամեն ինչի պատճառն անկիրթ, չպատրաստված սերունդն է, որը եկավ իշխելու։ Լավ գործ արած կլինեին, եթե քաղաքացի դաստիարակած լինեին, ոչ թե զոռբաների ու խաբեբաների։ Կարծեմ՝ դպրոցները քաղաքապետարանինն են։ Այդտեղ են դրվում քաղաքացու սաղմերը։ Իսկ քաղաքն առաջին հերթին մարդիկ են։ Ցավոք սրտի, ամբողջը խեղվել է։ Կարծես թե բոլորին հետաքրքրում է նույն բանը՝ ավելի կանաչ Երեւան։ Դեռ իշխանական կուսակցությունների դեպքում հասկանալի է. նրանք բովանդակությամբ համախմբված, բայց ձեւով իբր առանձին ծառայում են մեկ նպատակի՝ պահպանել այն, ինչ ունեն, բայց ընդդիմադիրներին ի՞նչն է խանգարում նույն բանի շուրջ համախմբվել, հատկապես որ բոլորի ասածը կարծես նույնն է: Եթե հիմա այս 6 կուսակցությունների տակ գիծ քաշենք, կտեսնենք, որ ընդամենը երկու մասի կբաժանվեն։ Այս ամենն ինձ հուշում է, որ սրանք ընդամենը կուսակցական խաղեր են։ «Կուսակցություն» բառն ինձ համար վերջնականապես վարկաբեկվել է, դրա համար ոչ մեկի չեմ վստահում։ Ես կարող եմ վստահել ինձ, իմ ընկերներին եւ այն մարդկանց, որ կյանքում չեն վարկաբեկվել՝ անգամ շատ ծանր վիճակներում հայտնվելով։ Բայց նման մարդիկ էլ հիմնականում կուսակցությունների մեջ չեն։

Իսկ այդ ավագանու ցուցակներում կա՞ն մարդիկ, գուցե Ձեր արվեստագետ ընկերներից, որոնց կվստահեք եւ որոնց «խաթեր» կընտրեք։

– Բոլոր կողմերում էլ շատ կարգին, արժանավոր մարդիկ կան, որոնց ես համակրում եմ, բայց քանի որ դրվածքը սխալ է, Հիսուս Քրիստոսն էլ մտնի ավագանի, միեւնույն է՝ ոչինչ չի կարող անել, որովհետեւ համակարգը կոչված է ուրիշ խնդիրներ լուծելու համար, դրա համար ես չեմ կարող վստահել։ Վերցրեք ցանկացած կուսակցություն եւ կտեսնեք, որ առնվազն 50 տոկոսը կազմում են այնպիսի մարդիկ, որոնք լրիվ ուրիշ բանի համար են եկել այդտեղ, այսինքն՝ համակարգում տեղ ունենալու համար, կապ չունեն գաղափարը, դավանանքը։ Սովետական Միության ժամանակաշրջանից սկսած՝ այս սիստեմն աշխատում է, եւ մենք այդ առումով քայլ առաջ չենք ունեցել։ Ինչքան էլ մարդ ազնիվ է, բայց եթե արդեն կուսակցության մեջ է, կաշկանդված է։ Ես սկսում եմ խիստ կասկածել, որովհետեւ կուսակցությունն ունի իր հետաքրքրությունները, եւ մենք էլ չձեւավորեցինք քաղաքացիների մեծ զանգված, որոնց մոտ դոմինանտ լինեն հայ ժողովուրդը եւ պետությունը։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, քաղաքն ավելի տգեղանում է, ժողովուրդը՝ ավելի չարանում։

 

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031