Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի շատ ցինիզմ

Մայիս 01,2013 10:24

Երևանի քաղաքապետի ընտրությունները պատմության մեջ կմտնեն երևի թե որպես ամենացինիկ ընտրությունները Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ բոլորին մաղթում է բիզնեսում լինել Տարոն Մարգարյանի նման հաջողակ: Տարոն Մարգարյանը եղել է պաշտոնյա, ոչ թե բիզնեսմեն: Նրա կուսակցական «բոսերից» մեկը փաստում է, որ նա փաստորեն բիզնեսմեն է եղել: Հայաստանի օրենքը արգելում է պաշտոնյային զբաղվել բիզնեսով:

Փաստորեն, ՀՀԿ փոխնախագահը հարցազրույց է տալիս ապօրինության մասին, սակայն երկրում ոչինչ տեղի չի ունենում, որովհետև ապօրինությունը սովորական նորմ է, որով ապրում է Հայաստանի երրորդ հանրապետությունը: Ի՞նչ է դա, եթե ոչ ցինիզմ:

Տարոն Մարգարյանը՝ այդ հաջողակ բիզնեսմենը, հայտարարում է, որ Երևանում բազմաբնակարան շենքերի մուտքերի խնդիրներ կան, վերելակների խնդիրներ կան, որոնք կուտակվել են տարիներ շարունակ, և հնարավոր չէր բոլորը միանգամից լուծել, բայց միասին կհասնենք ավելի լավ Երևանի:

Երևանի բազմաբնակարան շենքերի ու մարդկանց կյանքը թելից կախ տված վերելակների խնդիրը, իհարկե, հնարավոր չի լինի լուծել, որովհետև Տարոն Մարգարյանը Երևանում մոտ 100 միլիոն դրամի նստարան է տեղադրում՝ հատը մոտ 400 դոլար արժողությամբ, Երևանում 150 միլիոն դրամի կամարանցում է նկարում-մկարում՝ հատը մոտ 3000 դոլար արժողությամբ, Տարոն Մարգարյանը հսկայական փողեր է ծախսում Երևանում ծաղիկներ շաղ տալու, տձև կենդանիների կերպարանքներով ինչ-որ դիզայներական հնարքներ բանեցնելու, Երևանի վրա դիզայներական «կայֆեր» անելու համար: Իհարկե, բազմաբնակարան շենքերի ու վերելակների համար գումար չի մնա: Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ:

Նման օրինակները կարելի է շատ երկար շարունակել, և որևէ նորմալ երկրում այդպիսի քաղաքապետին ոչ միայն չէին համարձակվի երկրորդ անգամ առաջադրել, այլև նույնիսկ վաղուց էին հրաժարական պարտադրել: Բայց դա՝ նորմալ երկրում, որտեղ օրենքի և պատասխանատվության զգացումն է գերիշխում, ոչ թե ցինիզմը: Իսկ Հայաստանում ցինիզմը ոչ միայն գերիշխում է, այլ նաև ավելանում, որովհետև ավելի լավ Երևանի անվան տակ իրականում ՀՀԿ-ն և նրա թեկնածուն հասկանում են ավելի շատ ցինիզմ, քաղաքացիների և նրանց խնդիրների հանդեպ ավելի շատ ծաղր:

Եվ այդ ամենը նրանք անում են դեմքի խելոք արտահայտությամբ, որովհետև ցինիզմը, ի տարբերություն տարատեսակ մոդեռն ճառերի, նրանց մոտ իսկապես խելքի ու մտքի արգասիք է: Եթե այդ միտքն ու խելքը ձգում է ավելիին, ապա ընդամենը հասարակության հանդեպ ավելի շատ ցինիզմի և ծաղրի:

Մուսա Միքայելյան

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    Գալուստ Սահակյանը հայտարարում է, որ բոլորին մաղթում է բիզնեսում լինել Տարո-սիկ-Ն Մար­գա­րյա­նի նման հաջողակ: Հաջողակն ինքն է, քանի որ այս …..ից ազատվելու ժամանակը հասունանում է: Վիրավոր գայլին ոհմակում խժռում են:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031