«Երանի երբեք դա չասեի». Ռուսլան Ցառնի
Թամերլան և Ջոխար Ցառնաև եղբայրների հորեղբայր Ռուսլան Ցառնին ապրիլի 30-ին կապ է հաստատել «Արմենիան Միրոր-Սպեքթեյթոր» հայկական պարբերականի հետ և ներողություն խնդրել հայկական համայնքից իր կողմից հայերի վերաբերյալ արված հայտարարության համար՝ այն հայտարարության, որը հնչել էր Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ:
«Հայաստանը շատ հզոր մշակույթ ունի. այսպիսով, ցանկանում եմ շեշտել, որ նրա [Միշայի] ազգությունը որևէ կապ չունի դրա հետ», – ամերիկահայ մամուլի փոխանցմամբ՝ ասել է Ռուսլան Ցառնին՝ հավելելով. «Երանի երբեք դա չասեի»:
Ցառնին կրկին ներողություն է խնդրել՝ հայկական համայնքն այս «զարհուրելի իրադարձության» կապակցությամբ հիշատակելու համար:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ իր նախկին հայտարարության մեջ Ռուսլան Ցառնին հիշատակել էր ոմն «Միշային», որի ինքնությունն այժմ հաստատվել է որպես Միխայիլ Ալլախվերդով: Այդ հայտարարության ժամանակ Ցառնին շեշտել էր, որ «Միշան» հայկական ծագում ունի և կարող էր «լվացած լիներ» Ցառնաև եղբայրների ուղեղը:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»