Լրահոս
Օրվա լրահոսը

Չափնի գյուղի եկեղեցին ամեն պահի կարող է փլվել

Մայիս 01,2013 00:27

ekexeci chapniekexecu jaqgyughi ekexecimec jaqԿապանի տարածաշրջանի Չափնի գյուղի եկեղեցին ընդգրկված է Սյունիքի մարզի առավել վտանգված հուշարձանների ցանկում:

Արդեն բավականին ժամանակ է՝ գյուղի եկեղեցու պատերին ճաքեր են առկա, որոնք օրեցօր ավելի են մեծանում եւ ավելի վթարային դարձնում եկեղեցին:

Չափնիի գյուղապետ Նորայր Թումանյանի խոսքով՝ եկեղեցու փլման վտանգն այնքան մեծ է, որ  գյուղացիները նույնիսկ վախենում են եկեղեցու կողքով անցնել, քանի որ այն ամեն պահի կարող է փլվել:  «Եկեղեցու վերեւի քարերը կախված են, պատերի ճեղքերը մեծացել են, նույնիսկ մինչեւ 60 սմ ճեղք կա: Վաղուց  է այս վիճակում է, ամեն օր ճեղքերը մեծանում են: Եկեղեցու վիճակն ավելի է վատթարացել, երբ Քաջարանի կոմբինատը Արծվանիկի պոչամբար ջրագիծ անցկացնելու համար՝ ճանապարհ բացելու նպատակով,  դիմացի ձորում պայթեցումներ է արել, որից հետո նաեւ գյուղի տների 80 տոկոսի պատերին ճաքեր են սկսել առաջանալ: 3 տարի կլինի, որ եկեղեցու պատերի ճեղքերը սկսել են ավելի մեծանալ: Մասսայական պայթեցումներից մեզ մոտ գյուղում տների ապակիներ են նույնիսկ ջարդվել, իսկ պոչամբարից մինչեւ մեր գյուղ ընկած հեռավորությունը մոտ 300-400 մ հազիվ լինի», -ասաց գյուղապետը եւ հավելեց, որ եկեղեցու փլման վտանգի մասին տեղյակ է պահել պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությանը, որտեղից իրեն առաջարկել են ժամանակավոր ամրակայման աշխատանքներ իրականացնել, սակայն ինքնուրույն նման բան չի կարող անել:

«Եկեղեցին  ավելի շատ վերականգնման կարիք ունի, բայց համայնքի սուղ բյուջեով հնարավոր չէ այդ աշխատանքներն իրականացնել, նման միջոցներ չունենք, մեր հույսն այն է, որ բարերարներ կամ հովանավորներ ձեռք մեկնեն եկեղեցու վերականգնման հարցում», – հավելեց Նորայր Թումանյանը:

Չափնի գյուղի եռանավ բազելիկ եկեղեցին կառուցվել է 1912 թվականին Խաչատուր Մելիք-Դադայանցի միջոցներով:  Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունում տեղյակ են խնդրին, սակայն այսքան ժամանակ համապատասխան միջոցներ չեն եղել խնդրին լուծում տալու համար, ուստի  համայնքի ղեկավարին առաջարկել են գոնե ժամանակավոր ամրակայման աշխատանքներ անել:

«Եկեղեցին ամեն րոպե կարող է փլվել, մենք առաջարկել ենք համայնքի ղեկավարին, որ գոնե ժամանակավոր ամրակայման աշխատանքներ իրականացնի՝ հենակներ դնի պատերին, խնդրել ենք նաեւ մարզային իշխանություններին աջակցել այդ հարցում, որովհետեւ  առանց քաղաքաշինական որոշակի նորմեր հաշվի առնելու՝ համայնքի ղեկավարն ինքնուրույն նման աշխատանք չի կարող իրականացնել: Դեռեւս նախանցած տարի «Երկիր-մշակույթ» կազմակերպությունը դիմել էր մեզ, որպեսզի Կապանի տարածաշրջանից ներկայացնենք մի քանի եկեղեցի՝ վերականգնման համար: Մեր կողմից ներկայացվել էր Չափնի, Սեւաքար եւ Շիկահող գյուղերի եկեղեցիները,   սակայն նրանց ընտրությունը կանգնեց Շիկահողի եկեղեցու վրա: Այն շատ ավելի հին եկեղեցի է՝  17-րդ դարի կառույց է,  միջնադարյան գերեզմանոց ունի իր շրջակայքում», -ասաց պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը եւ հավելեց, որ  Շիկահողի եկեղեցին ինքնին առավել վտանգված  եկեղեցի է. տանիքին մեծ ծառ կա աճած, բոլոր պատերին ճաքեր կան առկա եւ ընդգրկված է առավել վտանգված հուշարձանների շարքում:

Չափնի գյուղի եկեղեցին նույնպես կարժանանա  Սեւաքար գյուղում բոլորովին վերջերս փլված եկեղեցու ճակատագրին, եթե եկեղեցուն այդպես էլ  ձեռք մեկնող չհայտնվի:  Իսկ Չափնի գյուղի բնակիչները հույսը բարերարներն են, քանի որ պետությունից մինչեւ այսօր այդպես էլ աջակցություն չի եղել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031