Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ․ «ԵՄ Ասոցացման պայմանագիրը նոր հանգրվան է»

Ապրիլ 30,2013 23:07

Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ Ասոցացման պայմանագիրը համընկնում է մեր ներքին բարեփոխումների գաղափարախոսությանը:

 

Ինչպես հայտնի է, Հայաստանը հույս ունի ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը մինչեւ նոյեմբեր՝ Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը եւ մինչ տարեվերջ Խորը եւ համապարփակ Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնել: Մեր հասարակությունը թերեւս հստակ չի գիտակցում այս երկու համաձայնագրերի կարեւորությունը, եւ դեռեւս այնքան տեղեկացված չէ, թե ինչ փոփոխություններ են սպասվում մեր առօրյայում՝ վերոնշյալ համաձայնագրերի կիրառման արդյունքում։

«Առավոտ»-ի հետ բացառիկ հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով համաձայնագրերի կարեւորությանը եւ հարցին, թե մեր հասարակությունը երբ կզգա՞ փոփոխությունները համաձայնագրերի ընդունումից հետո, նկատեց, որ դա մի հարց է, որին պետք է շատ նուրբ վերաբերվել:

«Սա երկրում ընթացող բարեփոխումների գործընթացի մաս է, բայց մենք ոչ թե զրոյից ենք սկսում, այլ տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչը մենք արել ենք 22 տարի: Դա մենք ենք ցանկանում, մեզ համար է, ոչ թե ԵՄ-ի: Ինչպե՞ս են այդ փոփոխությունները կիրառվելու: Եթե ասենք, որ արդեն 2018-ին ամենը փոխված կլինի՝ իհարկե ոչ: Ասոցացման պայմանագիրը նաեւ համընկնում է մեր ներքին բարեփոխումների գաղափարախոսությանը: 2001թ., երբ մենք դարձանք Եվրոպայի Խորհրդի անդամ՝ մեզ մոտ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամբողջ համակարգը չդարձավ լավագույնը եւ ամեն ինչին համապատասխան արդեն 2002-ին։ 2013-ին մենք դեռ բազմաթիվ ուղղություններով աշխատանքներ ենք տանում եւ մեր հասարակության մեջ դեռ կան խնդիրներ քաղաքական, հասարակական դաշտում, որոնք վերաբերվում են տարբեր ոլորտների: Բայց նաեւ պետք է ընդունենք, որ 2001 եւ 2013 թվականների Հայաստանները արդեն տարբեր Հայաստաններ են: Դա եղել է եվրոպականացում՝ մեր զարգացման ճանապարհին։ 1991-ին, երբ մենք անկախություն հռչակեցինք, ընդունեցինք Սահմանադրություն՝ ամրագրեցինք, որ մենք ցանկանում ենք լինել ժողովրդավարական, իրավական, ազատ շուկայական երկիր: Ի՞նչ տիպի ժողովրդավարական ու տնտեսական համակարգեր ենք ցանկանում: Ասոցացման պայմանագիրը դառնում է նոր հանգրվան, նոր հիմք, որտեղ այդ բարեփոխումները իրենց տրամաբանությունը շարունակում են նոր ընթացքի մեջ»,- նշեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930