«Բարեւ Երեւան» դաշինքը խոստանում է լուծել այդ հոտերի հարցը:
Այսօր Շենգավիթ համայնքում «Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ մայիսի 5-ին այլ քվեարկություն է լինելու, եւ այս անգամ կարողանալու են իրենց ձայներին տեր կանգնել:
Նրա խոսքերով՝ «Կառավարման նոր համակարգը «Բարեւ Երեւան» դաշինքի դեպքում է, որ հնարավոր կլինի ստեղծել: Չունենալով անցյալի որեւէ բացասական բեռ՝ դաշինքն ի զորու է դա անել: Մենք ունենք գործ, այդ գործն է՝ միահամուռ մասնակցել ընտրություններին: Մեր չմասնակցությունը իշխանություններին հավելյալ ձայն տալ է»:
Դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ մայիսի 1-ին միաձուլվելու են Ազատության հրապարակում «Բարեւ Հայաստանի» եւ «Բարեւ Երեւանի» անդամները: Նա կոչ արեց ներկա գտնվել եւ բարի երթ մաղթել ժողովրդական շարժմանը, մեծ լիցք տալ՝ այս ճանապարհին:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյանն էլ իր ելույթում ասաց. «Բոլոր այն ասեկոսեները, որոնք տարածում է ՀՀԿ-ն այն մասին, թե ինչպես են իրենք վերահսկելու յուրաքանչյուր ընտրողի քվեարկությունը, տարբեր հանելուկ բաներ են ասելու, չի լինելու դա: Չարի վերջը հիշեք, աղվեսը հիշեք, կացինը չի լինելու, որ աղվեսն ասում էր՝ գնամ բերեմ, ծառը կտրեմ, տեսնեմ ինչ եք անելու: Մենք հետեւելու ենք ընտրություններին ակնդետ: Աստված մի արասցե, որ որեւէ հանձնաժողովական փորձի ինչ-որ սխալ բան անել: Մեղք եք, մի արեք, մենք ձեզ զգուշացնում ենք»:
Անահիտ Բախշյանին բողոքել են, որ Սամվել Ալեքսանյանի ձեթի գործարանն ահավոր հոտեր է բաց թողնում: Այդ մասին հայտարարելուց հետո Անահիտ Բախշյանը խոստացավ, որ «Բարեւ Երեւանը» այդ հոտերի խնդիրը լուծելու է:
Տիկին Բախշյանը նաեւ վստահեցրեց, որ գիտեն բոլոր ձեւերը, որոնցով կարող են այս իշխանությունների բոլոր չարաշահումները բացահայտել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ