Բոլորը լքու՞մ են Հայաստանը, ինչո՞ւ են այսօրվա արտագաղթը համեմատում 1915 թվականի գաղթի հետ:
Այսօր Կովկասի ինստիտուտում հրավիրված հասարակական բանավեճի մասնակիցները փորձեցին պատասխանել հենց այս հարցերին: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը, անդրադառնալով միգրացիայի խնդրին, նշեց, որ դրան մեր երկրում երբեմն զգացմունքային գնահատականներ են տրվում հասարակության կողմից:
«Հայաստանում շատ հաճախ միգրացիայի ու արտագաղթի սահմանումները շփոթում են: Ամեն մի ուղեւոր, ով գալիս է Հայաստան կամ գնում է Հայաստանից, դեռեւս միգրանտ չէ»,- նշեց բանախոսը՝ նկատելով, որ Հայաստանում մինչեւ այժմ չկա որեւէ կազմակերպություն կամ պետական մարմին, որը միգրացիայի մասին կոնկրետ տեղեկատվություն ու թվեր ունենա:
Տիկին Չոբանյանի խոսքով՝ Հայաստանից դուրս եկողների հոսքերն ավելի շատ սեզոնային բնույթ են կրում, եւ ըստ նրա` շատ հաճախ լրագրողներն ու քաղաքական գործիչներն են մեղավոր, ովքեր անհարկի շահարկում են արտագաղթի թեման:
Կարդացեք նաև
Կովկասի ինստիտուտի հետազոտող Հրանտ Միքայելյանի կարծիքով, Հայաստանում արտագաղթի չափերը մի քիչ ուռճացված են, եւ նրա ներկայացված թվերը տարբերվում էին տիկին Չոբանյանի ներկայացրած թվերից: Ինչպես նշեց Կովկասի ինստիտուտի հետազոտողը, մոտ 45 հազար մարդ ամեն տարի լքում է Հայաստանը, իսկ 60 հազար մարդ գտնվում է ժամանակավոր միգրացիայի պայմաններում:
Անդրադառանալով արտագաղթի պատճառներին՝ բանախոսը ընգծեց երեք հիմնական պատճառ, որոնցից քաղաքական պատճառը, ըստ նրա, իրատեսական չէ, քանի որ արտագաղթածների մեծ մասը բնակություն է հաստատում Ռուսաստանի Դաշնությունում: Հ. Միքայելյանի խոսքով, արտագաղթի հիմնական պատճառներից են գործազրկությունն ու սոցիալական ծանր պայմանները, ինչպես նաեւ կա հոգեբանական պատճառ:
Աշոտ ԱԹԱՅԱՆ