Ապրիլի 27-ին եւ 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը Փարիզի մերձակա Մեդոն, Իսի-լե-Մուլինո եւ Կլամար քաղաքներում մասնակցեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Ապրիլի 27-ին Մեդոն քաղաքում կազմակերպված միջոցառմանը ներկա գտնվեցին Իլ դը Ֆրանս շրջանի պատգամավորներ, սենատորներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Մեդոնի բազմաթիվ բնակիչներ: Ներկաների կողմից Մեդոնի հայկական հուշակոթողի առջեւ զետեղվեցին ծաղկեպսակներ, հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը: Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվե Մարսելն իր ելույթում նշեց, որ անհամբեր սպասում է Ֆրանսիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ներառմանը ԱԺ օրակարգում եւ վերահաստատեց իր հանձնառությունն ուղղված Ֆրանսիայի ծագումով հայ քաղաքացիների հիշողության պաշտպանությանը: Այնուհետեւ շնորհակալական եզրափակիչ խոսքով հանդես եկավ դեսպան Չիտեչյանը:
Ապրիլի 28-ին Իսի-լե-Մուլինոյի հայկական եկեղեցում մատուցվեց պատարագ, որի ավարտին քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ու հարյուրավոր ֆրանսահայեր Ֆրանսիայում ՀՀ դեսպանի, քաղաքապետ Անդրե Սանտինիի, շրջանը ներկայացնող սենատորների եւ պատգամավորների գլխավորությամբ եւ ֆրանսահայ նախկին ռազմիկների միության դրոշակակիրների ուղեկցությամբ քայլերթ կատարեցին Իսի-լե-Մուլինո քաղաքի կենտրոնական փողոցներով դեպի քաղաքի հայկական հուշակոթող, որի մատույցներում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողությունը:
Կարդացեք նաև
Արարողության ընթացքում հայ եկեղեցիների հոգեւոր այրերը աղոթք հնչեցրեցին, իսկ այնուհետ ելույթներ ունեցան ՀՀ դեսպանը, Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետը եւ ֆրանսահայ երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: Երիտասարդներն իրենց խոսքում վստահեցրին, որ նոր սերունդը ավելի քան վճռական է տրամադրված Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում: Անդրե Սանտինին, ընդգծելով Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացման կարեւորությունը, նշեց, որ անընդունելի է, որ Ֆրանսիայում լինի քաղաքացիների մի խումբ, ում հիշողությունը վիրավորելը կարող է անպատիժ մնալ:
Նույն օրը հիշատակի միջոցառում անցկացվեց Կլամար քաղաքի հայկական խաչքարի մոտ: Ծաղկեպսակների զետեղման արարողությանը հաջորդեցին ՀՀ դեսպանի եւ Կլամարի քաղաքապետ, սենատոր Ֆիլիպ Կալտենբախի ելույթները: Ֆրանսիայի Սենատի անդամը, որը նաեւ Սենատում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, համոզմունք հայտնեց, որ, Ֆրանսիայի Նախագահի խոստման համաձայն, Հայոց Ցեղասպանության ժխտողականության դեմ օրենսդրական պայքարը հաջողությամբ պետք է պսակվի մոտ ապագայում:
Ապրիլի 27-28-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները շարունակվեցին նաեւ Պլեսի-Ռոբինսոն, Առնուվիլ, Անտոնի, Շավիլ, Սեվրան, Շաս-սյուր-Ռոն, Մեյզիո, Վիեն, Արլ, Ավինյոն, Իլ սյուր լա Սորգ, Լե Պեն Միրաբո, Վիտրոլ, Լիոն, Կաբրի-Կալա, Մոնպելիե եւ Դեսին քաղաքներում:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն