Այսօր Aravot.am-ը Գյումրի այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ էր վերաբերում իր նախորդ այցի ժամանակ հնչեցրած «Դու պատգավո՞ր ես, թե՞ գողական, արա՛» արտահայտությունը՝ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գրասենյակը հայտարարում է, որ այս խոսքերը վերագրված չեն այս պատգամավորին, նույնը փաստում է նաև ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը մի քանի օր առաջ, այցելելով Գյումրի, լրագրողներին պատմել էր . «Զանգում են իմ տեղակալին, առաջին տեղակալին, զանգում են պատգամավորներ, պաշտոնյա անձինք, որոնք ասում են՝ էդ տղեքին մի տարեք- բերեք, իրենք լավ տղեք են, բանավոր կասեն, բայց չգրեն էլի, մի տեսակ ամոթ ա, էլի: Եվ իմ խոսքն է եղել` հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական, արա՛, սա է խնդիրը»:
Ի պատասխան մեր հարցի՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Ես պաշտոնապես ինքս եմ հայտարարել, որ Մարտուն Գրիգորյանին դա չի վերաբերում, ուզում եք հարցնեք՝ ո՞ւմ էր վերաբերում, ես քիչ առաջ ասացի, որ ես կողմնակից եմ բժշկելու, այլ ոչ թե վարկաբեկելու և հողին հավասարեցնելու: Ես կարծում եմ, որ ձեզանից ոչ մեկը չի կասկածում, թե ես ինչպես կարող էի խոսել և ինչ կարող էի բացատրել ցանկացած պաշտոնատար անձի և պատգամավորի: Եվ ես գտնում եմ, որ մեր հասարակության էս ռեակցիան էդ երևույթին արդեն բավականին լուրջ բժշկություն էր, որ մարդիկ սթափվեն, հասկանան, որ էդպես չի կարելի մտածել, որ էդպիսի զանգեր չի կարելի անել, ամենակարևորը, որ հասարակությունը դա լավ չի ընդունում: Ես կարծում եմ, որ մենք բավականին մարդկանց բժշկեցինք իմ ասածով և ձեր՝ դա վերցնելով և քննարկման առարկա դարձնելով: Ես կարծում եմ, որ էդ մարդիկ այլևս նման զանգեր չեն անի, և չեն մտցնի քթներն էնտեղ, որտեղ իրենք անելու բան չունեն: Թող օրենքներ մշակեն, և լավ օրենքներ մշակեն, իսկ մենք էդ օրենքները կիրագործենք: Չեմ կարծում, որ անուններ պիտի տամ, որովհետև իմ նպատակը մարդկանց, տերմին ունեք, օգտագործում եք, փչացնելը չէ, այլ շտկելն ու բժշկելն է,ես կարծում եմ, որ բժշկեցինք ևս մեկ հիվանդություն »:
Ոստիկանապետը նաև ասաց, որ զանգերի ժամանակներն անցել են, կա այսօր համակարգ, որտեղ խաղի կանոներն են ընտրված, և պետք է միայն օրենք ու օրինականություն հաստատվի: «Օրինականություն և օրենք պետք է միայն օրինականությամբ հաստատվի, եթե դու անօրինականություն հաստատում ես անօրինական գործողություններով, դու ավելի խիստ սրիկա ես, քան թե նրանք, ովքեր անօրինականություն են անում»-ասաց ՀՀ ոստիկանապետը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Վլադիմիր Գասպարյանը պետք է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրություններում առաջադրվի… լուրջ եմ ասում: