Քիչ առաջ Ազատության հրապարակում սկսվեց ՀԱԿ հանրահավաքը:
ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը հավաքվածներին ողջունելուց հետո ներողություն խնդրեց, որ տասնմեկ ամիս այստեղ հանրահավաք չեն արել. «Ներող եղեք, կարոտել ենք ձեր աչքերի փայլը, ձեր աջակցությունը մեզ համար ամեն ինչ է: Կարծում եմ, դուք էլ կարոտել եք վստահ, գրագետ, անաչառ խոսքի, վստահելի խոսքի: Ներող կլինեք, որ այս ընթացքում ձեզ զրկել ենք դրանից»:
Նրա խոսքերով, մի քանի օր հետո ընտրություններ են, որոնք, ըստ նրա, ամենեւին էլ միայն տեղական ընտրություններ չեն. «Միայն Երեւանին վերաբերող ընտրություններ ամենեւին չեն… Այս ընտրությունները ավելին են, քան սովորական ընտրությունները: Որովհետեւ Երեւանում է որոշվելու ոչ միայն քաղաքապետի, այլեւ ՀՀ իշխանության խնդիրը… Պետք է այս ընտրություններում ՀՀԿ-ին զրկենք իր մենաշնորհից, այս սուրբ մայրաքաղաքից, եւ բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերը պարտավոր են ուժերը միավորել եւ Երեւանը ազատագրել, միասնականության միջոցով վերցնել իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքից, այսօրվա ռեժիմի ձեռքից»:
Նա կոչ արեց հավաքվածներին՝ տրամադրվել, որ մայիսի հինգին շատ կարեւոր, հանրապետական նշանակության քաղաքական ակցիա է. «Սովորական քվեարկություն չէ: Համոզեք ձեր համախոհներին գան եւ քվեարկեն, իրենց կյանքի տասնհինգ րոպեն հատկացնեն երկրի ճակատագիրը որոշելուն»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին ձայն չի տվել ընտրողների 65%-ը. «Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունը ջախջախվել է առավել եւս Երեւանում: Րաֆֆին հաղթել է, եւ ժողովուրդը հիմա էլ պատրաստ է իշխանությանը իր ձայնը չտալ: ՀԱԿ-ը հայտ է ներկայացնում այդ ձայները ստանալուն, ամենավստահելին ու ամենականխատեսելին եւ մշտապես ժողովրդի կողքին կանգնած՝ բաց ճակատով եւ ողնաշարը պինդ պահած: Մեզ կոտրել չկա ժողովուրդ, մեզ խեղճացնել չկա, երբեք: Հալալ է այն քաղաքական ուժերին, որոնք այսպես են մտածում եւ այսպես են գործելու, նրանք, որոնք գտնում են որ ՀՀԿ-ից պետք է վերցնել այս իշխանությունը, հալալ է բոլորին: Թող նրանք համարձակ գործեն եւ իմանան, որ այս խնդիրը լուծելու ենք եւ նրանց գործընկերությունը մեզ օգտակար է: ՀԱԿ-ը այն ուժն է, որը պատրաստ է վերցնել ՀՀ քաղաքական իշխանությունը եւ բոլոր խնդիրները լուծել: Վաղուց սպասված հանրահավաքը հայտարարում եմ բացված»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ