Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատարանը մերժման որոշումը քաղաքացուն է տրամադրել այն կայացնելուց 6 օր անց

Ապրիլ 30,2013 18:12

 Վանաձորցի Փնջիկ Թերոյանը զրկվել է մերժման որոշման դեմ ներկայացվելիք բողոքը պատշաճ ժամկետներում կազմելու հնարավորությունից:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մերժել վանաձորցի 50-ամյա Փնջիկ Թերոյանի` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու եւ քրեական գործ հարուցելուն պարտավորեցնելու մասին դիմումը:

50-ամյա Փնջիկ Թերոյանը 2012 թվականի ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2011 թվականի փետրվար-մարտ ամիսների ընթացքում ավտոմեքենաների գնելու, վերավաճառելու եւ ստացած հասույթի կեսն իրեն տրամադրելու նպատակով նույն քաղաքի բնակիչ Արեն Աղաջանյանին է տվել 22.000 ԱՄՆ դոլար, սակայն վերջինս հիշյալ գումարով գնված ավտոմեքենան առանց իր գիտության վաճառել եւ խաբեությամբ հափշտակել է նշված գումարը:

Մի քանի ամիս տեւած նախաքննությունը, սակայն, Փնջիկ Թերոյանի օգտին չէր ավարտվել: Նախաքննական մարմինը հանցակազմի բացակայության հիմքով այս տարվա հունվարի 21-ին կարճել էր Լոռու մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի վարույթը:

«Քննիչ Մհեր Հարությունյանը հանցակազմի բացակայության հիմքով որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճել եւ քրեական հետապնդում չիրականացնել»,- մեզ հետ զրույցում բողոքել էր 50-ամյա կինը:

Նա նշել էր, որ նախաքննական մարմինն անհիմն, առանց օբյեկտիվ քննություն կատարելու է կայացրել նման որոշում՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ հանցագործության արդյունքում ինքը զրկվել է բավականին խոշոր գումարից:

Արդարության հասնելու ակնկալիքով էլ վանաձորցի կինը դիմել էր դատարան: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանն էլ, բացի նրա դիմումը մերժելուց, մերժման որոշումն էլ 6 օր ուշացումով է տրամադրել նրան:

Համաձայն օրենքի` որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան հրապարակման պահից 10-օրյա ժամկետում: Բացի այդ` դատարանը

մերժման որոշումը պետք է տրամադրեր քաղաքացուն կամ հրապարակման օրը` ապրլիլի 23-ին, կամ ծայրահեղ դեպքում` հաջորդ օրը:

Այժմ, սակայն, Փնջիկ Թերոյանը բողոքարկման համար ունի ընդամենը 4 օր:

«Տեսա, որ չեն տալիս որոշումը, դիմում գրեցի, մինչեւ տվեցին, 4 օր մնաց, հիմա ես ոնց եմ նորմալ բողոք կազմելու: Ըստ էության` սահմանափակվել են բողոքի վրա սահմանված 10 օր աշխատելու, ավելի լավ բողոք գրելու իմ ժամկետները»:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930