Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների դեմ բռնություններն աճում են ընտրությունների ժամանակ

Ապրիլ 30,2013 18:04

«Լավ կիներ, որ սխալվեի, բայց ավագանու ընտրությունների ժամանակ լրագրողները կրկին էքստրեմալ պայմաններում կաշխատեն»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հետո էլ շարունակեց. «Դեռ ընտրություններին մեկ շաբաթ կա, բայց ճնշումները լրագրողները զգում են իրենց վրա: Ընտրությունների ժամանակ ֆիզիկական բռնություններն ավելանում են»: Նա նշեց, որ անցյալ տարվա առաջին եռամսյակում, երբ ընտրություն չկար, չկար նաև բռնություն, բայց նախընտրական քարոզարշավին և ընտրությունների օրը արդեն երեք բռնության դեպք արձանագրեցինք: Ֆիզիկական բռնության դեպքեր արձանագրվեցին նաև ՏԻՄ ընտրությունների և 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ:

Քննարկման ժամանակ լրագրողները ներկայացրին իրենց դեմ կատարված բռնությունները: Օրինակ` www.ilur.am-ի լրագրող Հակոբ Կարապետյանը ներկայացրեց, որ երբ ինքը Տարոն Մարգարյանի քարոզարշավը լուսաբանելիս լուսանկարել էր, թե ինչպես են երթուղային տաքսու միջից ՀՀԿ-ի քարոզչական կարգախոսներով փուչիկներ բաժանում երեխաներին, դա մարդկանց դուր չէր եկել և առաջարկել են դադարեցնել նկարահանումը: Բայց լրագրողը շարունակել է, և կազմակերպիչների գլխավորը մոտեցել է իրեն, հայհոյել, հարվածել, տեսախցիկը ձեռքից խլել: Հետո լրագրողը պարզել է, որ նա եղել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանը: Իսկ լրագրողի տեսախցիկը Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները պոլիէթիլենե տոպրակով վերադարձրել են իրեն, որ մատնահետքեր չմնան: Հ. Կարապետյանը նշեց. «Ոստիկանության անգործությունն անհասկանալի էր: Քրեական գործը հարուցվեց դեպքի 5-րդ օրը: Իսկ դեպքը տեղի էր ունենում ցերեկով, բազմամարդ վայրում»:

www.azatutyun.am-ի լրագրող Էլինա Չիլինգարյանի դեմ էլ բռնություն է կատարվել այն ժամանակ, երբ նա խորհրդարանական ընտրությունների օրը լուսանկարել էր, թե ինչպես էին երթուղայիններով մարդկանց բերում տեղամաս: Լրագրողը գրավոր ցուցմունք էր ներկայացրել, որի արդյունքում քրեական գործ էր հարուցվել, բայց շուտով կարճվել:

www.aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն էլ ներկայացրեց իր հետ կատարվածը. «Իմ դեպքը տեղի ունեցավ ապրիլի 9-ին`Ս. Սարգսյանի և Ր. Հովհաննիսյանի երդմնակալության օրը: Երբ Ր. Հովհաննիսյանին հարող ակտիվիստների մի խումբ գնացել էր Բաղրամյան 26, ես գնացի այնտեղ նկարահանումներ իրականացնելու: Հասա թեժ պահին, երբ ոստիկանները, նաև քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք ենթադրում եմ, որ ոստիկաններ էին, քանի որ գործում էին նրանց հետ միասին, փորձում էին ակտիվիստներին տանել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ: Նրանք ինձ էլ հետները փորձեցին քշել: Երբեմն ասում են լրագրողները սադրում են ոստիկաններին, դրա համար էլ նրանք դիմում են բռնի գործողություններին: Բայց օրինակ ես, հասկանալով, թե ինչ օր է, ապրիլի 9-ին բեյջով էի, ցույց էի տալիս, որ լրագրող եմ, բայց նրանց համար մեկ էր` ով ես, որտեղից ես, ինչ ես անում: Ոստիկաններից մեկը երիկամներիս հատվածից բռնելով ինձ լրիվ թևաթափ անելով` այնպես քշեց տարածքից, որ կոշիկիս մեկը մնաց գետնին, ձեռքերս արյունոտվեցին»:

Դառնալով այն հարցին, թե արդյոք ռիսկայնության գործոնի վրա ազդո՞ւմ է իգական սեռի ներկայացուցիչ լինելու հանգամանքն ու այն, որ ընդդիմադիր կեցվածքով է լրագրողը հանդես գալիս, Հ. Ջեբեջյանը պատասխանեց. «Լրագրող լինելը կոչում է, ու եթե դու կրում ես այդ կոչումը, սեռը բացարձակ կապ չունի ռիսկի գործոնի հետ: Ոստիկանների հետ շփումներից կարող եմ ասել, որ նրանց գործողությունները չեն բխում նրանից`լրագրողը որ սեռի ներկայացուցիչ է: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե լրագրողը ընդդիմադիր կեցվածք ունի, ապա երբեք չեմ աշխատել իշխանական լրատվամիջոցում և չեմ կարող ասել: Բայց օրինակներ կան, որ երբ, օրինակ` Հանրայինի լրագրողի հետ էր դեպքը տեղի ունեցել, նա գործը շահեց, մեր դեպքում շահելու հավանականությունն է փոքր»:

Ա. Մելիքյանն էլ նշեց, որ բռնության են ենթարկվում ավելի շատ ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողները. «Ոչ մի այլ մասնագիտության ներկայացուցիչներ այնքան չեն տուժում, որքան լրագրողները: Մյուս կողմից էլ դա ցույց է տալիս, որ մեր լրագրողական հանրությունն իսկապես ակտիվ է, և չնայած բարդություններին՝ աշխատում են մեր խոսքը հասցնել հանրությանը: Հենց դրա շնորհիվ է, որ խոսքի ազատության վիճակը ՀՀ-ում մի քիչ լավ է գնահատվում միջազգային կազմակերպությունների կողմից: Օրենքով լրագրողը պաշտպանված է, այլ բան է, որ այն ոչ միշտ է կիրառվում, իրավապահները իրենց ֆունկցիաները հաճախ չեն կատարում: Զգացվում է լրագրողական համերաշխության պակաս, քանի որ նրանք բաժանված են տարբեր ճամբարների»:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան Գեւորգ Հայրապետյանն էլ նկատեց. «Լրագրողի իրավունքները պաշտպանված են այնքանով, որքանով հենց ինքն է պաշպանում դրանք: Եթե պաշտոնյան ծեծուջարդով է հասնում իր գործին, ինքը պիտի դատարանից տուն չգա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930