Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի 100-ամյակի առթիվ Արաբկիր վարչական շրջանի Խաչատրյան-Փափազյան փողոցների հատման հարակից հատվածում հայ մեծանուն կոմպոզիտորի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Քանդակագործ Գևորգ Գևորգյանի հեղինակած հուշարձանը տեղադրվել է ամբողջությամբ բարեկարգված, կանաչապատ տարածքում, որտեղ այցելուների հարմարավետությունն ապահովելու համար տեղադրվել են նաև նստարաններ: ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, ընդգծելով հուշարձանի տեղադրման կարևորությունը սերունդների կրթման ու դաստիարակության, ինչպես նաև մշակութային մեծ ժառանգություն թողած արվեստագետներին մեծարելու և արժեվորելու հարցում, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մայրաքաղաքում Արամ Խաչատրյանի ևս մեկ հուշարձան ունենալու նախաձեռնությանը քաջալերելու և աջակցություն ցուցաբերելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն