Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա երբևէ կայացրած իմ ամենաճիշտ որոշումն էր». Ջուլիան համոզված է՝ չի սխալվել

Ապրիլ 30,2013 17:55

«Տարին մեկ էինք հանդիպում, բայց կարծես ոչ մի փոփոխություն չէր լինում մեկ տարվա ընթացքում», – այսպես սկսեց պատմել իր և Արմանի հանդիպումների մասին 22-ամյա Ջուլիան: Տարվա մեջ մեկ անգամ և ճիշտ նույն օրը հանդիպելու պատճառն էլ Ջուլիայի ընկերուհու՝ Լիլիթի ծնունդն էր, ով նաև Արմանի կուրսեցին էր: «Հենց «բարև»-ից սկսած Արմանը տարբերվեց ներկա բոլոր տղաներից, հետո նաև աշխարհի բոլոր տղաներից, – պատմում է Ջուլիան, – այդ ժամանակ էլ հասկացա, որ Լիլիթի ծննդյան օրը իմ ամենասիրելի տոնն է դարձել»: Այդ հանդիպումը տեղի ունեցավ նաև հաջորդ տարի ու դարձյալ «պատճառը» Լիլիթի ծնունդն էր: «Այդ անգամ արդեն ավելի ազատ էինք շփվում իրար հետ, կարծես վաղեմի ծանոթներ լինեինք, խոսում էինք դասերից, ապագայից ու հետզհետե ամեն ինչ մեզ ավելի էր մոտեցնում իրար, այնքան, որ մի հայացքն անգամ ամեն ինչ ասում էր մեր մտքերի մասին, – ասում է Ջուլիան ու հավելում, – բայց այդ ամենն ընդհամենը մի օր էր տևում, և ինձ ամենաշատը դա էր նյարդայնացնում, նա շատ անհամարձակ էր երևում, երևի դա էր պատճառը, որ լռում էր»: Արմանը ոչ մի քայլ չէր ձեռնարկում, բայց ինչպես Ջուլիան է նշում՝ Լիլիթի ծննդյան օրը թվում է, թե ամեն վայրկյան ուզում է մի բան ասել, կամ ցույց տալ, որ անտարբեր չէ, բայց հետո Ջուլիան հասկանում է, որ այդ ամենը թվացյալ է, մինչդեռ Արմանը երկար լռել չկարողացավ, ու գուցե երկու հանդիպումներից և ոչ մեկի ժամանակ Ջուլիային չասաց իր զգացմունքների մասին, բայց երրորդ անգամ արդեն չլռեց. «Կրկին նույն օրը ու ես կրկին մեծ անհանգստությամբ գնում եմ Լիլիթենց տուն, և տեսնում, որ նա արդեն եկել է բոլոր հյուրերից շուտ, զարմանում եմ, բայց մեծ կարևորություն չեմ տալիս, – ասում է Ջուլիան, – այդ օրը սակայն ամեն ինչ փոքր ինչ այլ էր ու անսովոր, նա կարծես անընդհատ պատճառ էր փնտրում ինձ հետ խոսելու կամ երբ, օրինակ, հեռախոսս էր զանգում ու ես դուրս էի գալիս խոսելու, նա էլ էր հետո դուրս գալիս»: Ջուլիայի համար պարզ դարձավ, որ Արմանի քայլերն ունեին իրենց պատճառը, ասում է. «Դրսում հեռախոսով էի խոսում ու երբ անջատեցի և ուզում էի արդեն ներս մտնել, Արմանը դիմացս դուրս եկավ ու ասաց՝ Ջուլ, ես սիրահարվել եմ կամ էլ խենթացել, ժպտացի, իսկ նա շարունակեց՝ բա չես ուզու՞մ իմանալ՝ ինչպիսի՞ն է նա, ասացի՝ կարծում եմ շատ գեղեցիկ է, իսկ Արմանն ավելացրեց՝ նմանը չունեցող ու սկսեց նկարագրել ինձ»: Ամեն ինչ կարծես թե ընկնում էր իր տեղը, բայց արի ու տես ժամանակից շուտ ուրախանալն իրոք սխալ է: Լիլիթի ծննդյան օրը՝ ի պատասխան Արմանի սիրո խոստովանության, Ջուլիան խնդրում է խոսել այդ մասին մեկ շաբաթ հետո, դե իսկ Արմանն էլ համաձայնվում է: Օրեր անց Ջուլիային է հանդիպում Լիլիթը. զրուցում են ու Լիլիթն անկեղծանում է, թե սիրահարվել է Արմանին ու ասում է նաև, թե վերջինս էլ անտարբեր չէ իր նկատմամբ. «Այդ պահին սառեցի, չգիտեի՝ ի՞նչ ասել, այնքան սիրով ու ջերմությամբ էր Լիլիթը խոսում Արմանի մասին, աչքերն էլ փայլում էին, – ասում է Ջուլիան – ասացի, որ շատ ուրախ եմ ու ավելացրի, որ Արմանը շատ լավ տղա է»: Օրեր շարունակ մտքերը հանգիստ չէին տալիս Ջուլիային, չգիտեր՝ կորցնե՞լ ընկերուհուն, թե՞ այն տղային, ում հանդեպ զգացմունքներ էին ծնվել, ասում է. «Անընդհատ մտածում էի միգուցե Արմանի հանդեպ զգացածս ժամանակավոր է, միգուցե լուրջ բան չկա… իսկ այ Լիլիթն իմ մանկության ընկերուհին է և շատ թանկ մարդ ինձ համար»: Մտածմունքները տեղի տվեցին ու Ջուլիան որոշեց մերժել Արմանին, կարծելով, թե հակառակ պատասխանը տալով կցավեցնի ընկերուհուն, ով միայն վերջերս է իմացել այս պատմության մասին. «Լիլիթին ոչինչ չասացի, որ այդ ամենը չազդի մեր ընկերության վրա, իսկ գրեթե մեկ ամիս առաջ որոշեցի պատմել, որովհետև արդեն ոչինչ չէր կարող ազդել. Արմանը ամիսներ առաջ մեկնել էր Մոսկվա, իսկ Լիլիթի զգացմունքները սառել էին նրա հանդեպ, – ասում է Ջուլիան, – հիմա նրանք մեկ- մեկ ֆեյսբուքով են խոսում, այն էլ որպես նախկին կուրսեցիներ»: Ջուլիայի խոսքով՝ Լիլիթն ապշած էր նրա որոշման ու այդ կարևոր քայլի համար, իսկ այ Ջուլիան համոզված է՝ չի սխալվել. «Սա երբևէ կայացրած իմ ամենաճիշտ որոշումն էր», – ասում է նա:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930