Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չենք ուզում լռել

Ապրիլ 30,2013 17:41

Մենք 19-ամյա Ռուզաննա և Սյուզաննա երկվորյակ քույրերն ենք, ծնվել ենք Տավուշի մարզի Կողբ գյուղում:

Ճակատագրի բերումով Ձեռք ենք բերել հաշմանդամություն, ունենք հենաշարժողական խնդիր: Մեր խնդրից ելնելով՝ ունեցել ու հիմա էլ ունենք շատ դժվարություններ: Սկզբնական շրջանում շատ դժվար էինք քայլում, մի քանի քայլ ընդամենը, մենք նաև վիրահատվել ենք, սակայն միայն վիրահատական միջամտությունը բավարար չէր. մեր ծնողների անմնացորդ նվիրումի, հոգատարության ու խնամքի շնորհիվ, հաղթահարելով մեզ բաժին հասած ֆիզիկական դժվարություններն ու հոգեբանական խնդիրները՝ 2000թ սեպտեմբերի 1-ից սկսեցինք հաճախել դպրոց:

4 տարի շարունակ մեր ծնողներն ուղղեկցել են մեզ դպրոց, իսկ հետո մեզ օգնելու գործը պատրաստակամորեն ստանձնեցին մեր դասընկերները: Եկավ մի տարիք, որ մենք ինքներս էլ զգացինք ու հասկացանք, որ մեր կյանքում, հատուկ կարևորություն տալով կրթությանը, անհրաժեշտ է նաև լրացնել մարդկային շփումների պակասը: Չէ՞ որ միայն այդ ջերմ ընտանեկան միջավայրը բավարար չէ  լիարժեք ու հավասար մարդ ձևավորվելու, և ինքդ քո կայուն տեղը գտնելու համար, նամանավանդ հաշմանդամություն ունեցող մարդու համար` դուրս գալ հասարակություն, որտեղ ամեն քայլափոխի կարծես դու ինքդ քո նկատմամբ հաղթանակ ես տանում, ու ասես ամեն քայլափոխով ապացուցում ես, որ դու նույնն  ես ու հավասար ես ու ոչնչով չես տարբերվում ոչ մեկից:

Ու մենք մեզ սկսեցինք տեսնել ամեն ուր, մասնակցեցինք ու հիմա էլ մասնակցում ենք շատ միջոցառումների, մրցույթների. մի խոսքով՝ չենք սիրում ու չենք ուզում կյանքում բաց թողնել ոչ մի հնարավորություն:

Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 2012 թվականին ընդունվեցինք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանության և մանկավարժության բաժինը: Հետագայում մենք առաջարկ ստացանք աշխատել որպես մարզային լրագրող Irakan.info էլեկտրոնային թերթում:

Կարծում ենք, որ յուրաքնչյուր մարդու ձևավորման և զարգացման համար շատ կարևոր է աշխատանքը, բայց առավել քան կարևոր է հաշմանդամություն ունեցող մարդու համար, քանի որ նա այդ կերպ կարող է լիարժեք ու հավասար մարդ դառնալ, ինքը որոշել իր կյանքի որակը:

Մենք այսքան պատմում ենք մեր ունեցած հաջողությունների, ձեռբերումների ու դժվարությունների մասին, բայց, եթե չլիներ մեր ծնողների պատրաստակամությունը, այդ ներքին ուժն ու ցանկությունները, որ կար մեր մեջ, մենք միանշանակ ոչնչի էլ չէինք կարողանա հասնել:

Նորություն չէ այն, որ դեռ այսօր էլ մեր հասարակության մեջ կան ընտանիքներ, որ թաքցնում են իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին, կամ մանկատուն հանձնելով` բախտի քմահաճույքին են թողնում նրանց:

Խնդիրները բազմազան են՝ ճարտարապետական, զբաղվածության, տրանսպորտային:

Աշխատանք

Եթե հաշմանդամություն ունեցող  անձն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան մասնագիտական որոկավորում, շատ քիչ դեպքերում է, որ գործատուն աշխատանքի է ընդունում նրան. պարզ մի պատճառաբանելով. «…թափուր տեղ չունենք կամ մենք ձեզ կզանգահարենք…», բայց իրականում չուզենալով լրացուցիչ ներդրումներ ունենալ և ստեղծել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար համապատասխան պայմաններ:

Ճարտարապետական

Հայաստանի Հանրապետության ողջ  տարածքում հիմնականում ճարտարապետական պայմաննները անմատչելի են հաշմանդամություն ունեցողների համար: Վերջին տարիներին մի փոքրիկ տեղաշարժ է նկատվում այդ ուղղությամբ. ստեղծվում են ձայնային ազդանշաններ, Երևանում և մարզկենտրոններում կառուցվում են թեքահարթակներ, բայց իրականությունը ցույց է տալիս, որ ցավոք, դրանք կառուցվում են մեծ առումով ցուցադրության համար. զուտ այն վկայությամբ, նորակառույց շինությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին ու հասանելի են հասարակության բոլոր անդամների համար, բայց իրականում դրանցից ոչ մեկն էլ լիարժեք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, նույնիսկ ոչ հաշմանդամ մարդը կարող է անհարմարություն ունենալ, ընկնել` անցնելով թեքահարթակների վրայով: Կարծում եմ`անիմաստ է նշել այն դժվարությունները, որ հաշմանդամություն ունեցող մարդը կարող է ունենալ մենակ, առանց որևէ մեկի օգնության, հայտնվելով այս «արգելիքի» դեմ հանդիման: Հուսադրող ու ուրախալի է այն քայլերը, որ ձեռնարկվում են մայրաքաղաք Երևանում և մարզկենտրոննրում հավասար պայմանների ապահովման ուղղությամբ, այլ է պատկերը գյուղերում. Պայմանները անգամ անհավասար կոչվել չեն կարող ու որի մասին պարզապես լռում են:

Տրանսպորտային

Բոլորս էլ մեր կյանքում գոնե մեկ անգամ օգտված կլինենք մերօրյա տրանսպորտային միջոցներից ու ոչ մեկիս համար գաղտնիք ու նորություն չէ, թե ինչ է կատարվում «երթուղային» կոչվածների մեջ: Մարդիկ միանգամից այնքան շատ են նստում, որ վերջում հայտնվում են իրար գլխի հավաքված կամ մի նստատեղը «կիսում» են լավագույն դեպքում 3 հոգով… Արդյո՞ք պատկերացրել եք ինչ կկատարվի, եթե երթուղայինում հայտնվի հաշմանդամություն ունեցող մարդը. նմանօրինակ խնդիրներ, վարորդների անբայրացկամ վերաբերմունքն ու հիստերիկ գոռոցները: Մեր մտերիմներից մեկը պատմում է, թե ինչպես է երթուղայինի վարորդը գոռացել իր վրա. ««Ա’յ աղջիկ, դե’ շուտ արա, եթե չես կարում, ու՞ր ես եկել: Դե’ շուտ արա է~, ուշացա’նք, ես էդքան ժամանակ չունեմ քեզ սպասեմ… »:

Մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու, ինչքա՞ն ենք լռելու, դիմանալու, աչք փակելու. վերջապես ամեն ինչ ունի ի’ր սահմանը:

Մենք չենք ուզում լռել, ինչպես լռել են մեր ավագ սերունդները, մենք ուզում ու պահանջում ենք, որ գոնե մեզնից հաջորդող սերունդներն ապրեն մատչելի, հավասար ու արդար երկրում, բայց ոչ թե ուղղակի գեղեցիկ խոսքերով, այլ  իրականում արված ու կատարվող գործերով` հավասար միջավարում:

Ռուզաննա եւ Սյուզաննա Աղաբաբյաններ (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930