Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ-ը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ իրականացվող ծրագրի արդյունքները

Ապրիլ 30,2013 17:12

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային:

Հիմնադրամի ներկայացուցիչները նախ շնորհավորել են Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:

Անդրադառնալով 2010 թ. հունիսից մեկնարկած և այս տարվա սեպտեմբերին ավարտվող ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորում»/«Երկարաձգվող վարկավորում» ծրագրի եզրափակիչ փուլի արդյունքներին՝  Մարկ Հորթոնը գոհունակությամբ նշել է, որ ծրագրով նախատեսված բոլոր թիրախներն իրագործվել են և որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին 2012 թ. բյուջեի դեֆիցիտի կրճատման և եկամուտների զգալի աճ  ապահովելու համար: Մարկ Հորթոնը բարձր է գնահատել նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճը՝ փաստելով, որ այն գերազանցել է ԱՄՀ-ի՝ 6,2 տոկոս աճի կանխատեսումը: Նրա խոսքով՝ դա հնարավոր է եղել հանքարդյունաբերության, վերամշակման և այլ ոլորտներում իրականացված ներդրումների շնորհիվ: Միաժամանակ, վերջինս հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ևս կառավարությանը կհաջողվի գերազանցել ԱՄՀ-ի՝ տնտեսական աճի ապահովման վերաբերյալ կանխատեսման ցուցանիշը:

Մարկ Փարթոնն օրինակելի է համարել նաև կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի փորձը, կատարվող քայլերը և նշել, որ դրանց արդյունքում ձևավորվել է ամուր իրավապայմանագրային դաշտ, Հայաստան են ներգրավվում աշխարհի լավագույն հաստատությունները:

Հորթոնը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության բարձր մակարդակը լավ հիմք կհանդիսանա ԱՄՀ նոր ծրագրի իրականացման համար:

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են նոր ծրագրին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրում իր առաքելությունն ավարտող ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ վերջինս ապագայում կպահպանի կապը Հայաստանի հետ:  

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930